Իրավաչա՞փ է ոստիկանապետի հրամանը, թե՞ ոչ
06.05.2015
12:00
Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում (ՁՊՎ) հասարակական դիտորդական խմբի անդամները դիմել են ՀՀ Վարչական դատարան՝ վիճարկելու ոստիկանապետի 2005 թ. հրամանը, ըստ որի դիտորդական խմբում չի կարող ընդգրկվել փաստաբան:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը, փաստաբան, հայցվոր Արթուր Հարությունյանը և ՀՀ Ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյանն անդրադարձան այդ իրավական նորմատիվ ակտին՝ քննարկելով թե որքանով է այն իրավաչափ, որքանով ոչ:

Ոստիկանապետի հրամանի համաձայն,   Արթուր Հարությունյանը 2015-ի փետրվարին, որպես փաստաբան, զրկվել է  դիտորդական խմբի անդամ լինելուց:

Դիորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանը պնդում է, որ այս որոշումը խոչընդոտում է խմբի աշխատանքները:

«Մենք արդեն տասը տարի է, աշխատում ենք այդ ներքին կանոնակարգով, որը սահմանվել է ոստիկանապետի հրամանի 9-րդ կարգի ե) ենթակետով: Մի քանի անգամ դիմել ենք նույնիսկ ոստիկանությանը, որպեսզի այդ կարգում կատարվեն փոփոխություններ և այդ ենթակետը չեղյալ համարվի, սակայն արդյունքում ստացել ենք այնպիսի տարբերակ, որով ավելի է խոչընդոտվել դիտորդական խմբի աշխատանքը: Քանի որ ոստիկանության կողմից քայլեր չեն ձեռնարկվում կարգում փոփոխություններ մտցնելու համար, մենք դիմել ենք վարչական դատարան հարցին լուծում տալու համար»,-ասում է Սահակյանը:

Արթուր Հարությունյանը նշում է, որ նորմատիվ իրավական ակտով խտրականություն է դրսևորվում այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր փաստաբան են և ցանկություն ունեն են ընդգրկվելու դիտորդական խմբում:

«Խումբը նախկինում ունեցել է անդամներ, ովքեր գործունեության ընթացքում ձեռք են բերել փաստաբանի արտոնագիր, ու նկատի ունենալով կարգը, դուրս են եկել խմբից: Ես այն մարդն էի, որ դրա հետ չհամակերպվեցի և փորձեցի վիճարկել վարչական դատարանում»,-նշեց Հարությունյանը:

Նա դիտորդական խմբում աշխատել է 2012-ի նոյեմբերից մինչև 2015 -ի փետրվարը: 2014-ի դեկտեմբերին փաստաբանի արտոնագիրը ստանալուց հետո, ոստիկանապետի հրամանով դադարեցրել են Հարությունյանի գործունեությունը դիտորդական խմբում:

«Ես շատ լավ գիտեի նորմատիվ ակտի մասին, բայց  փաստաբանի արտոնագիրը ստանալուց հետո մի քանի այցելություն եմ կատարել ՁՊՎ-ներ և փորձել եմ վիճարկել այդ նորմը: Սա ռազմավարական գործ է մեր խմբի համար, և վարչական դատարանում մենք կվիճարկենք այդ նորմի իրավաչափությունը»,-հավելում է Հարությունյանը:

Վահրամ Աբրահամյանը հակադարձում է՝ նախ նշելով, որ Ոստիկանության կողմից ոչ մի խոչընդոտ չկա դիտորդական խմբի գործունեության համար և իրենց համատեղ աշատանքի ընթացքում բավականին փոփոխություններ են գրանցվել:

«Ինչ վերաբերում է Ոստիկանության պետի հրամանին, որը իրավական նորմատիվ ակտ է, հրատարակվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց մասին» օրենքի 47-րդ հովածի համաձայն, որտեղ հստակ նշվում է, որ դիտորդական խմբի գործունեությունն ու կազմը որոշվում է պետական լիազոր մարմնի կողմից: Մեր կողմից  մշակվել է նորմատիվ իրավական ակտը, փորձաքննության է անցել Արդարադատության նախարարությունում: Այն բխում է օրենքի պահանջներից և պարտադիր է բոլորի համար: Ոստիկանությունը գործել է օրենքի պահանջով և այդ ակտը ոչ մի խոչընդոտ չի հարուցում դիտորդական խմբի գործունեության համար»,-ընդգծում է Աբրահամյանը:

Իրավական ակտի համաձայն, դիտորդական խմբում կարող են ընդգրկվել իրավաբաններ, բժիշկներ, մանկավարժներ, բայց ոչ փաստաբաններ: Ըստ Աբրահամյանի՝ լայն հնարավորություններ են ընձեռվում դիտորդական խմբի իրավաբաններին, իսկ փաստաբանների դեպքում ոստիկանությունը ունի որոշ մտավախություններ:

 «Փաստաբանները առնչություն են ունենում տարբեր քրեական գործերի հետ և կարող է որոշակի տեղեկատվության արտահոսք կատարվի: Ձերբակալված անձը կարող է դիտորդական խմբի փաստաբանին որոշակի տեղեկատվություն փոխանցի և նա այդ տեղեկատվությունը ներկայացնի մեկ այլ ձերբակալված անձի, որպեսզի հանացագործության մասին որոշ դրույթներ և փաստեր քողարկվի: Իսկ ՁՊՎ-ները այն վայրերն են, որտեղ դեռևս անձին մեղադրանք առաջադրված չէ և ինֆորմացիայի որոշակի արտահոսքի  դեպքում կարող է անձի կողմից կատարված հանցագործությունը հնարավոր չլինի պարզել»,-ներկայացնում է Աբրահամյանը:

Հայրապետյանը ասում է, որ իր փաստաբան լինելու հանգամանքը չպետք է սահմանափակի հասարակական կազմակերպությունում ընգրկվելու իր իրավունքը և օրինակ է բերում քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի կարգի ու գործունեությամ մասով, որտեղ փաստաբանը իրավունք ունի անդամագրվելու:

«Խմբի կանոնակարգից բացի մենք ունենք հստակ էթիկայի կանոններ, թե խմբի անդամը ինչ վարքագիծ պետք է դրևորի: Մենք ունենք նաև փաստաբանի վարքագծի կանոնագիրք և դրա խախտման դեպքում փաստաբանը գիտի, թե ինչ հետևանքներ կարող է առաջանալ: Ձերբակալվածի փաստացի վիճակը ստուգելուց  բացի, ուրիշ մտահոգվելու հարց չկա: Հակառակ դեպքում եթե ոստիկանության մտահոգության տրամաբանությամբ շարժվենք, ապա  իրավաբանն էլ, դիտորդական խմբի ցանկացած անդամն էլ կարող  է նման տեղեկատվություն վերցնել ձերբակալված անձից և տարածել: Այդ նույն տրամաբանությամբ հրամանը բոլոր անդամների վրա կարող է տարածվել»,-նշում է փաստաբանը:

Աբրահամյանը պնդում է, որ փաստաբանը այն անձն է, որն ունի արտոնագիր և պաշտպանում է անձանց շահերը դատարանում: Փաստաբանի առկայությունը դիտորդական խմբում այս առումով կարող է շահագրգռվածություն բերել, ըստ նրա:

«Իրավական ակտի փոփոխման անհրաժեշտությունը մենք չենք տեսնում, քանի որ դիտորդական խմբում կարող  են իրավաբանի ընդգրկել: Բայց եթե դատարանը որոշի, որ պետք է ակտը փոփոխել ու չեղյալ համարի այս ենթակետը, ապա մենք դատարանի որոշմամբ կկատրենք օրենքի պահանջը»,-հավելեց Աբրահամյանը:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը՝ այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները»
19.02.2020
12:00
Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները» թեմայով։
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
«Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում»
14.02.2020
13:00
Փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (հասցե՝ Թումանյան 42, կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, փոքր դահլիճ) տեղի ունեցավ քննարկում՝ «Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ