«Խտրականության դեմ» օրենքի ընդունումը քաղաքացիներին կընձեռի հավասար հնարավորություններ
25.05.2015
12:00
Հայաստանում խտրականության կարող է ենթարկվել յուրաքանչյուր ոք՝ անկախ որևէ փոքրամասնության կամ սոցիալական խմբի պատկանելիությունից, ուստի «Խտրականության դեմ» օրենքի ընդունումը, ըստ իրավապաշտպանների և քաղհասարակության ներկայացուցիչների, մեծ կարևորություն ունի խտրականության զոհերի իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

«Խտրականության դեմ օրենքի ընդունման անհրաժեշտությունն ու խտրականության դրսևորումները Հայաստանում» թեմայով այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկում էր կազմակերպել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ, որին մասնկացում էին«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը,  «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի աշխատակից Արման Սահակյանը, Արման Սահակյանի փաստաբան Մարո Խաչատուրյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը և  «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը:

Ինչպես գիտենք այս տարվա մայիսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՀ 3 քաղաքացիների հայցն՝ ընդդեմ «Իրավունք» թերթի, որտեղ 2013-ի մայիսի 17-ին իրենց դեմ տպագրվել էր հոդված խտրականության և ատելության կոչերով: Իսկ մայիսի 22-ին հրապարակվեց նաև դատավճիռը, ըստ որի թերթի խմբագիրը, որը նաև հոդվածի հեղինակն է, պարտավորվում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև վիրավորանքի ու զրպարտության համար հայցվորներից յուրաքանչյուրին 250.000 ՀՀ դրամ գումար վճարել:

Հայցվորներից մեկի՝ Արման Սահակյանի փաստաբան Մարո Խաչատուրյանը դրական քայլ է համարում դատարանի կողմից նման վճռի կայացումը և նշում, որ նման գործերով Հայաստանի դատական պրակտիկայում մինչ օրս որևէ դրական փորձ չէր եղել:

«Հաշվի առնելով նաև բացասական նախադեպը պատիվն ու արժանապատվությունը վիրավորող գործերով, երբ նույն հոդվածի վերաբերյալ 16 հայցվորների հայցն՝ ընդդեմ «Իրավունք» թերթի մերժվեց, այս անգամ դատարանի կայացրած որոշոմը կարող ենք համարել բավականին մեծ ձեռքբերում: Բայց խնդիրը նրանում է, որ դատարանը մեր հայցը բավարարել է զրպարտության և վիրավորանքի համար, բայց ոչ խտրականության և ատելության կոչի հրահրման համար: Դատարանը նշել է, որ մենք չենք ապացուցել, որ այստեղ կա դիտավորությամբ ատելության և խտրականության հրահրում»,-ասում է Խաչատուրյանը:

Նա հավելում է, որ որպես փաստաբան, իր համար դժվարություն է ստեղծել առանց «Խտրականության դեմ» առանձին օրենքի ապացուցել, որ այդտեղ առկա է խտրականության և ատելության կոչ՝ չնայած նրան, որ հղում է կատարել ՀՀ Սահմանադրությանը, Եվրոպակական կոնվեցիային և մի շարք միջազգային այլ պայմանագրերի, որոնք վավերացրել է Հայաստանը: Նշենք, որ Հայաստանում չի գործում առանձին օրենք Հակախտրականության մասին:

Սերգեյ Գաբրիելյանն  ասում է, որ«Իրավունք» թերթը ոչ միայն զրպատել էր 60 քաղաքացու, ներկայացնելով նրանց «ազգի թշնամի և դավաճան», այլև խտրականության կոչեր է արել և թյուր ինֆորմացիա ներկայացրել Նոր սերունդ ՀԿ-ի գործունեության մասին:

«Տարբեր պետական կառույցների կողմից մեր նկատմամբ հակակրանքն է սերմանվում, որ մենք պաշտպանում ենք նույանսեռականների իրավունքները:  Հոդվածի տպագրումից անմիջապես հետո ջարդել էին անգամ Արմանի ավտոմեքենայի դիամցի ապակին: Մենք դիմել էինք Ոստիկանությանը, որ ապահովվի մեր անվտանգությունը, բայց իրենք հրաժարվեցին՝ ասելով մեզ, որ դա վճարովի ծառայություն է և պետք է դիմենք թիկնապահական ծառայության: Այսինքն մենք՝ ՀՀ քաղաքացիներս չենք կարող լինել պաշտպանված»,-նշում է Գաբրիելյանը:

Հայցվոր Արման Սահակյանը ասում է, որ հոդվածում կոչ են արել այդ «սև ցուցակում» հայտնված 60 քաղաքացիներին չբարևել, զրո հանդուրժողականություն ցուցաբերել և ազատել աշխատանքից:

Ըստ Գաբրիելյանի՝ Հայաստանում խտրականության ենթարկվող խոցելի խմբերը հիմնականում  նույնասեռականներն են, ներարկային թմրանյութեր օգտագործողները, կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող կանայք, կրոնական և ազգային փոքրամասնությունները:

«Միևնւոյն ժամանակ իրենք իրենց մեջ ունեն այդ խտրականության խնդիրը և մեկը մյուսին չի ընդունում: Խտրականության դեպքեր կան նաև բանակում, բուժհաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում, պետական և մասնավոր հատվածի գործատուների և այն որոշ ՀԿ-ների մոտ, որոնք իրենց ներկայացնում են ազգասերներ և հայկական ավանդույթները ներկայացնողներ»,-հավելում է Գաբրիելյանը:

Նշենք, որ մենք քննարկմանը հրավիրել էինք նաև «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանին և նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանին, սակայն նրանք հրաժարվել էին մասնակցելու մեր քննարկմանը:

Հասմիկ Հարությունյանը ասում է, որ  չնայած կան մի քանի օրենսգքրեր, որտեղ կան սահմանված դրույթներ հավասարության և խտրականության արգելքի վերաբերյալ, այնուամենայնիվ առանձին օրենք ունենալու անհրաժեշտությունը մեծ է:

«Մենք ունենք դրույթներ Կրթության մասին օրենքում, Քրեական օրենսգրքում, Սահմանադրությունում, բայց դրանք այնքան դեկլարատիվ բնույթի են, որ խտրականության ենթարկված անձը՝ որպես տուժող, չի կարող պահանջել արդարություն, չկա այդ մեծ իրավական հիմքը, որին հղում պետք է կատարեն: Մենք չունենք նաև խտրականության ինչպես դասական, այնպես էլ տարբեր  տեսակների մասին իրավական  սահմանումը»,-ընդգծեց Հարությունյանը:

Իզաբելլա Սարգսյանը ներկայացրեց«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի իրականացրած հետազոտությունը, ըստ որի խտրականությունը Հայաստանում չի վերաբերում միայն մարգինալ փոքրամասնություններին:

«Այս խնդիրը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ կանանց, հաշմանդամություն ունեցող և ազատազրկված անձանց: Ցանկացած ոք ՀՀ-ում այս կամ այլ իրավիճակներում կարող է խտրականության զոհ լինել: Խոսքը վերաբերում է և ուղիղ խտրականությանը, և ասոցացված: Արդարադատության նախարարությունը այս պահին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում օրենքի նախագծի ստեղծման ուղղությամբ աշխատանքեր տանելու և համագործակցելու համար»,-նշեց Սարգսյանը:

Բացի օրենսդրական կարգավորումներ ունենալուց, բանախոսները կարևորեցին հասարակության շրջանում երկարատև աշխատանք տանելը:

«Մի կողմից պետք է լինի օրենք, մյուս կողմից մենք՝ ՀԿ-ներս պետք է աշխատենք  հասարակության հետ, որպեսզի այդ օրենքը գործի: Եթե չկա օրենք, անհնար է դատարանում որոշակի արդյունքների հասնել, մյուս կողմից եթե չկա աշխատանք հասարակության հետ, օրենքը միշտ կմնա թղթի վրա: Այսինքն  դա բոլորիս համար երկար ճանապարհ է: Մենք ուզում ենք, որ ՀՀ բոլոր քաղաքացիները ունենան ոչ միայն  հավասար իրավունքներ, այլև հավասար հնարավորություններ»,- հավելեց Սարգսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Հայտարարություն
27.03.2020
17:00
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։
«Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին»
27.03.2020
10:30
Մեդիա կենտրոնն իրականացրեց հեռավար հարցազրույց Կանադայում բնակվող Դավիթ Սանդուխչյանի՝ «Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին» թեմայով։ Դավիթ Սանդուխչյանն ինտերնետ ոլորտի իրավաբան է և հարցազրույցի ժամանակ կիսվում է իր մտահոգություններով և տեսլականով, խոսում հայաստանյան և համաշխարհային ինտերնետ կապի որակի, առկա մարտահրավերների և լուծումների մասին։
Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան
26.03.2020
20:02
Երեկ՝ մարտի 25-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է խոշտանգման գործով տուժող ճանաչված քաղաքացու շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ու դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խոշտանգման գործով ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռը, գործը ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր ծավալով քննության։
Սովորենք սիրել ու պահպանել միմյանց
26.03.2020
19:54
Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում հոգեբանները՝ նվազագույն էմոցիոնալ կորուստներով հաղթահարելու համաշխարհային մասշտաբի այս ճգնաժամը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի հետ: