Հայաստանում համաներումն անհրաժեշտություն է. իրավապաշտպաններ
21.04.2015
11:00
Հայաստանում համաներում հայտարարելն անհրաժեշտություն է Ցեղասպանության 100-րդ և Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-րդ տարելիցների կապակցությամբ: Դատապարտյալների և կալանավորների պահման վայրերում առկա է գերծանրաբեռնվածություն, իսկ նրանց տրամադրվող սնունդը և սանիտարահիգիենիկ պայմանները «ուղղակի անտանելի են»: Այս առումով համաներումը նրանց համար «փրկօղակ է»: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեցին իրավապաշտպանները:

ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն համաներում հայտարարում է Ազգային Ժողովը նախագահի առաջարկությամբ: Հայաստանում անկախությունից ի վեր հայտարարվել է ինը համաներում, ինչն իրավապաշտպանները համարում են դատաիրավական և քրեակատարողական համակարգերում առկա խնդիրների ցուցիչ: Դրանք են՝ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբռնվածությունը, դատաիրավական համակարգի աշխատանքի թերացումը և կալանավորների ու դատապարտյալների պահման վայրերում «անտանելի սանիտարահիգիենիկ» վիճակը: «Այս խնդիրների առկայության պայմաններում համաներումը ազատազրկվածների համար միակ փրկությունն է», - հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Հայաստանում գործում է 13 քրեակատարողական հիմնարկ, և ըստ պաշտոնական տվյալների, որոնք ներկայացրեց քննարկմանը Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ՔՀԿ-ներում ընդհանուր գերծանրաբռնվածությունը կազմում է 16 տոկոս: Փաստաբան Լուսինե Սահակյանն առարկեց, որ պետք է դիտարկել իրավիճակը ՔՀԿ-ներում առանձին-առանձին: «Երբ առանձին են դիտարկում իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում պատկերը ավելի պարզ է դառնում: Օրինակ՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ազատազրկվածների վիճակը ուղղակի սարսափելի է», - պարզաբանեց նա:

«Մեդիա կենտրոնում» ապրիլի 21-ին տեղի ունեցավ քննարկում «Համաներում հայտարարելու անհրաժեշտությունը Հայաստանում. խնդիրները և միջազգային փորձը» թեմայով: Քննարկման բանախոսներն էին «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, փաստաբան Լուսինե Սահակյանը, Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Բանախոսները միակարծիք էին համաներում հայտարարելու անհրաժեշտության կապակցությամբ, բայց նաև նշեցին, որ այն կթեթևացնի իրավիճակը բանտերում, սակայն դատաիրավական համակարգի խորքային խնդիրները կմնան չլուծված: «Համաներում հայտարարելու դեպքում, ճիշտ է՝ ինչ-որ չափով կլուծվեն դատապարտյալների խնդիրները, սակայն համակարգային խնդիրները կմնան չլուծված: Այսինքն՝ նորից դատարանները համատարած կկիրառեն կալանքը որպես խափանման միջոց, քրեակատարողական հինարկներում դատապարտյալների պահման պայմանները չեն շտկվի, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը նորմալ չի գործի: Չի բացառվում, որ մի քանի տարուց նորից հասունանա համաներում հայտարարելու անհրաժեշտությունը», - նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը: 

Համաներումների հայտարարումը Հայաստանում, նշում են իրավապաշտպանները, հաճախակի է իրականացվում, դատաիրավական համակարգի աշխատանքների թերությունների պատճառով: «Զարգացած իրավական երկրներում, որտեղ դատաիրավական համակարգը բնականոն գործունեություն է իրականացնում, համաներումներ հայտարարվում են 20 կամ 25 տարին մեկ, որպես մարդասիրական քայլ մեծ պետական նշանակության տոների առթիվ: Այդ երկրներում ուղղակի կարիք չկա մի քանի տարին մեկ համաներումներ հայտարարելու, քանի որ արդարադատության համակարգը գործում է, և ազատազրկվում են իսկապես հասարակության համար վտանգ ներկայացնող մարդիկ», - հայտարարեց Իշխանյանը:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն իր խոսքում անդրադարձավ համաներման հանրային ընկալմանը: Նա համոզված է, որ համաներումը պետք է իրականացվի ժողովրդի կամքով և ոչ թե լինի բանտերը բեռնաթափելու պատրվակ: «Մեր արդարադատության ողջ համակարգը լծված է բանտերը լցնելու գործին: Իսկ համաներումն օգտագործվում է որպես նույն բանտերը բեռնաթափելու պատրվակ», - հայտարարեց Զեյնալյանը՝ հավելելով, որ համաներման բուն էությունը Հայաստանում չի ընկալվում: Համաներումը պետք է պատվիրակվի հասարակության կողմից: Այս սկզբունքը, ըստ բանախոսի, չի գործում, և այն կարծես դարձել է մեխանիկական արարողակարգ:

«Արդյունքում, համաներումը հանրության նկատմամբ հանցագործություն կատարած անձի կողմից չի ընկալվում որպես հասարակության ներողամտության դրսևորում իր նկատմամբ, որ ևս դաստիարակչական մի ակտ է», - հայտարարեց Զեյնալյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը խնդիրներ է տեսնում համաներման բովանդակության հետ կապված: Համաներման տեքստը, ըստ բանախոսի, կազմվում է հետևյալ սկզբունքով. «Նախօրոք բոլոր քրեակատարողական հիմնարկներից հավաքվում են ցուցակները, թե քանի մարդ կա ազատազրկված և ինչ հոդվածներով: Նրանք (իշխանությունները) գիտեն, թե քանի դատապարտյալ պետք է ազատ արձակվեն, որպեսզի գերծանրաբեռնվածություն չլինի: Եվ ըստ այդմ ընտրում են, թե որ հոդվածներով հայտարարեն համաներում: Սա ուղղակի խայտառակություն է»:

Փաստաբանը նշում է, որ անցած համաներումների տեքստերի բովանդակությունը ցույց է տալիս, որ շատ հաճախ այդ որոշումը չի տարածվում քաղաքական հայացքների համար ազատազրկվածների վրա: «Այսինքն՝ չի կիրառվում այն մոտեցումը, թե որ հոդվածներով կարելի է համաներում շնորհել, իսկ որով՝ ոչ: Այնուամենայնիվ, այս պահին համաներումն անհրաժեշտություն է, քանի որ համակարգային խնդիրներն իշխանությունը չի ցանկանում լուծել», - նշեց Սահակյանը:

Հվհաննես Հովհաննիսյանը հակադարձեց, որ համաներման ակտը չի կարելի պայմանավորել միայն դատարանների սխալ աշխատանքով: «Չի կարելի բացառել, որ դատական համակարգում կան խնդիրներ, սակայն չեմ կարծում, որ միայն դրանով պետք է պայմանավորել: Սա համակարգային խնդիր է: Այն ունի բարոյահոգեբանական և սոցիալ-տնտեսական ասպեկտներ: Դատապարտյալները բողոքում են, որ աշխատելու հնարավորություն չունեն, իսկ պետությունը ծախսում է տարեկան 8-9 մլրդ դրամ նրանց պահելու համար», - նշեց բանախոսը:

Քննարկման ավարտին Ավետիք Իշխանյանը, հղում կատարելով թեմայի շուրջ տարվող խոսակցություններին, ենթադրեց, որ համաներումը նախատեսվում էր ապրիլ ամսվա մեջ իրականացնել, սակայն հետաձգելու որոշում կայացվեց: «Իմ կարծիքով համաներումը պետք է իրականացվեր Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Սակայն այն հետաձգվեց, քանի որ կալանավովեցին Հիմնադիր խորհրդարանի անդամները (որոնք նախատեսել էին իշխանության դեմ բողոքի ցույցեր իրականացնել Երևանում ապրիլի 24-ին)», - եզրափակեց նա:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիակ ենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ