Նոր պոչամբարը պետք է կառուցվի Լոռու մարզի Ճոճկան և Մեծ Այրում համայնքների միջև: Բնապահպանները նշում են, որ այն լինելու է Ախթալայի կոմբինատի գործող Նահատակ պոչամբարի շարունակությունը և էլ ավելի է մեծացնելու մարզում առկա բնապահպանական խնդիրները:
Քննարկման մասնակից Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը ասում է, որ ՀՀ Կառավարության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազման միջգերատեսչական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն նոր պոչամբար կառուցելու համար:
«Տարածքային կառավարման և ԱԻՆ նախարարությունը, դա հիմք ընդունելով, առաջարկել է Մեծ Այրում համայնքի ավագանուն փոխել նշված հողերի կարգը՝ գյուղատնտեսականից արդյունաբերականի: Ավագանու նիստին են հայտարարել, որ Ճոճկան և Այրում համայքների մոտ 40 հա տարածքների միջնամասում պետք է կառուցվի այդ նոր պոչամբարը: Մինչ այդ բնակիչները չեն իմացել պոչամբարի կառուցման մասին, հանրային քննարկումներ չեն անցկացվել: Միայն ավագանու նիստին իմ ճնշումներից հետո՝ փետրվարի 12-ին, համայնքում անցկացվեց հանդիպում բնակիչների հետ: Մարդիկ դժգոհ են, որ կա գործող պոչամբար, հիմա էլ նորը պետք է կառուցվի»,- ասում է Դուլգարյանը:
Նա հավելում է, որ այժմ գործող Նահատակ պոչամբարը համայնքի բնակիչներին միշտ անհարմարություն է պատճառել: Նրանք բողոքել են առողջական խնդիրներից, անվտանգության նորմերը չպահպանելու հետևանքով անգամ ընտանի կենդանիներ են ընկել պոչմաբարի մեջ:
Նշենք, որ ըստ Ախթալայի կոմբինատի ներկայացուցիչների հրապարակային պարզաբանման՝ նոր պոչամբարը կառուցելուց հետո, հինը, որն ավելի մոտ է գտնվում Մեծ Այրում համայնքին, պետք է փակվի:
Քննարկմանը ներկա գտնվող Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն էլ ասում է, որ գործող պոչամբարը կառուցված է անվտանգության և բնապահպանական բազմաթիվ խախտումներով:
«Չի գործում ջրի շրջանառու համակարգը: Բոլոր պոչանքները լցվում են Նահատակ պոչամբարի մեջ, այնուհետեև նույն ընթացքով հոսում են Դեբեդ գետը: Բնականաբար դրանից ներքև գտնվող համայնքները օգտագործում են այդ ջուրը ոռոգման նպատակներով:Այդտեղ երեխաները խաղում են, մարդիկ այդ հողերի վրա աճեցնում են տարբեր գյուղատնտեսական մթերքներ: Եվ ծանր մետաղներից կազմված այդ պոչանքները աղտոտում են ջուրը, որով էլ մարդիկ ոռոգում են իրենց տարածքները»,-ասում է Գալստյանը:
Նա նշում է, որ Հայաստանի պատկան մարմինները ուսումնասիրություններ չեն կատարել Հայաստանի պոչամբարներում անվտանգության և բնապահապանական տեսանկյունից:
Ըստ բնապահպանների՝ հորդառատ անձրևների, կամ լուրջ տեխնիկական վթարների դեպքում պոչամբարները լուրջ վտանգի կենթարկեն շրջակա միջավայրը, քանի որ անվտանգության նորմերը պահպանված չեն:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, նշեց, որ դեռ 2002-ին Ախթալայի կոմբինատի Նահատակ պոչամբարում կար մոտ 2,5 մլն տոննա պոչանք:
«Ուրեմն 12 գյուղ կա, որոնք 2,5-ից մինչև 8 կմ հեռավորության վրա են գտնվում պոչամբարից, որը շատ մոտ տարածք է: Պոչամբարներից հեռավորությունը պետք է լինի 20-30 կմ: Մեծ Այրում գյուղը ընկնելու է օղակի մեջ: Ախթալայի գործող պոչամաբարը ուղիղ գծով 5 կմ հեռավարության վրա է գտնվում համայնքից: Եթե ադյունաբերական թափոնը լցնում են հողի վրա պետք է հարկ վճարեն դրա համար, իսկ այսօր հանքարդյունաբերությունը օրենքով ազատված է այդ հարկերից: Այսօր Հայաստանը դարձրել են հանքերի մի օվկիանոս»,-ասում է Սանասարյանը:
Նա նշում է, որ պոչանքները պարունակում են ծանր մետաղներ՝ պղինձ, ցինկ, կապար երկար բիսմուտ, գալիում և այլն: Այս թունավոր մետաղներով ու նյութերով հագեցած պոչանքները համայնքի բնակիչների մոտ կարող են առաջացնել տարբեր տեսակի առողջական խնդիրներ:
«Հոգեճնշվածություն, անքնություն, հիշողության և լսողության վատացում, թոքերի այտուց, թոքաբորբ, նյարդային համակարգի, լյարդի, երիկամների ֆունկցիաների խանգարումներ, ֆերմետների ակտիվության խախտում: Կարող է առաջացնել նաև շնչառական ուղիների հիվանդություններ, մաշկային հիվանդություններ, սրտանոթային և աղեստամոքսային հիվանդություններ, ինչպես նաև քնատություն»,-ընդգծում է Սանասարյանը:
Նշենք, որ Ախթալայի գործող պոչամբարի համար Ախթալայի կոմբինատը տարեկան Մեծ Այրում համայնքին վճարել է 40 հազար դրամ, ինչը ըստ բնապահպանների, հասցված վասների դիմաց անհամարժեք է: Դուլգարյանը հավելում է, որ նոր կառուցվելիք պոչամբարը տարածքով ավելի մեծ է լինելու և վնասակարության տեսանկյունից ավելի մեծ աշխարհագրական տարածք է ընդգրկելու:
«Ամբողջը գյուղատնտեսական նշանակության հողեր են և արոտավայրեր: Տեղական իշխանությունները ասում են, որ դրանք լավ հողեր չեն, բայց այսօր Ճոճկանի և Այրումի համայնքները արոտավայրերի խնդիր ունեն: Եթե այդ պոչամբարը կառուցվի, հայտնի չէ, թե որպես փոխհատուցում համայնքը ինչ փոխհատուցում է ստանալու իր առողջպահական և բնապահապանական խնդիրները լուծելու համար, ոչինչ չի ասվում»,-հավելում է Դուլգարյանը:
Նա ընդգծում է՝ Ճոճկան գյուղում դեռևս հանրային քննարկումներ չեն անցկացվել, իսկ Մեծ Այրումի գյուղապետարանում փետրվարի 26-ին ավագանու նիստ է լինելու պոչամբարի կառուցման հարցի շուրջ:
«Համայնքի բնակիչները իրենց պատրաստկամությունն են հայտնել մինչև վերջ պայքարելու: Մենք ձեռքներս ծալած չենք նստելու և օրենքի սահմաններում մեր պահանջները ներկայցնելու ենք մինչև վերջ»,-նշեց Դուլգարյանը:
Քննարկման վերջում բնապահպանները նշեցին նաև, որ Հայաստանում այսօր կա 450 շահագործվող հանք, որից 23-ը մետաղական են, իսկ 80-ի շահագործման համար տրված է ուսումնասիրություն անցկացնելու իրավունք:
«Հայաստանում այսօր կա 21-ից ավել պոչամբար և Բնապահպանության նախարարությունը չունի ոչ մի հստակ տեղեկատվություն պոչամբարների ծավալների, նրանցում պարունակվող նյութերի և ծանր մետաղների վերաբերյալ: Կամ էլ ունի, հանրությանը չի ներկայացնում: Իսկ դա նշանակում է խախտել մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը»,-հավելում է Գալստյանը:
Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...