Իրավական գնահատական. ոստիկանների և քաղակտիվիստների միջև բախում
25.04.2016
12:00
«Եվս մեկ անգամ պետք է փաստենք, որ Հայաստանում ոստիկանությունը աշխատում է ոչ թե օրենքով, այլ հրահանգներով: Ես հստակ կարող եմ ասել, որ հրահանգ է եղել, քանի որ սրան նախորդել էին այլ հավաքներ, հիշենք ՌԴ դեսպանատան առջեւ դրանից մեկ օր առաջ կայացած հավաքը: Արդյոք մեզ համար պարզ չէ՞, որ ՌԴ դեսպանատան առաջ ցույցին հրահանգ է եղել չխոչընդոտել, իսկ ապրիլի 22-ի ցույցին հրահանգ է եղել ջարդել:

Հայաստանի խաղաղ հավաքների մասին օրենքը Եվրոպայում լավագույններից է, բայց քանի՞ կոպեկ այն արժի, եթե ոստիկանությունը գործում է ոչ թե օրենքներով, այլ հրահանգներով եւ առկա է անպատժելիության մթնոլորտ ոստիկանության համար»,-«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը` հավելելով, որ հրահանգ տվողը եղել է ոչ թե Վլադիմիր Գասպարյանը, այլ նրա վերադասը` Սերժ Սարգսյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը նշեց, որ իրենց կազմակերպությունը բոլոր հավաքների վերաբերյալ դիտարկումներ է իրականացնում. «Բայց երբ լինում է աննախադեպ երեւույթ, բռնություններ, մենք արտահերթ զեկույց ենք հրապարակում, ինչպես անցյալ տարվա հունիսի 23-ի զեկույցն էր: Եվ այս անգամ էլ մեր դիտորդներն ապշած էին, թե ինչ աստիճանի վայրենի գործողություններ են եղել ոստիկանության կողմից: Դիտորդները վկայում են, որ ոստիկանների հետ հնարավոր չէր խոսել կամ բանակցել: Բացարձակապես բռնի ձեւով էին գործում, հաշվի չէին առնում՝ լրագրող է դիմացը, թե դիտորդ»,- նշեց  Իշխանյանը:

Իրավապաշտպանի գնահատմամբ`  քանի որ անցած տարվա հունիսի 23-ին` «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի ընթացքում անօրինականություն կատարող ոստիկաններից որեւէ մեկը չպատժվեց, այս անպատժելիության մթնոլորտը բերեց  սրան:

«Արդյոք մենք չգիտե՞նք, որ Հատուկ քննչական ծառայությունը ոստիկանության դեմ գործ չէր հարուցի, որովհետեւ նա էլ է ցուցումով աշխատել, անկախ կոչվող Քննչական կոմիտեն էլ է նույն ցուցումով աշխատում»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ  Հայկուհի Հարությունյանը եւս ընդգծեց, որ ոստիկանության բռնությունները կրել են հրահանգավորված բնույթ, եւ դա առավել ցայտուն դրսեւորվել է ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում, որտեղ իրավապաշտպանն անմիջապես ուղեւորվել էր կազմակերպության աշխատակիցների ստացած ահազանգի հետքերով:

«Ոստիկանության Արաբկիրի բաժինն ուղղակի կաթվածահար վիճակում էր,  աշխատակիցները չէին հասկանում, թե ինչ պետք է անեին: Զեկուցագրերն ամբողջությամբ կազմվել են հետո: Այսինքն, մարդիկ արդեն այնտեղ են եղել, ապա միայն զեկուցագրեր են կազմվել, որ իբր այսինչ գումարտակի, այսինչ վաշտի աշխատակիցները հերթապահություն են արել, երբ մի խումբ քաղաքացիներ կարգ են խախտել եւ բերման ենթարկվել»,- ներկայացրեց իրավապաշտպանը:

Ընդ որում, նա նշեց նաեւ դեպքեր, երբ քաղաքացիները բերման են ենթարկվել ուղղակի այդ հատվածում պատահաբար հայտնվելու հետեւանքով: «Մասնավորապես մի անչափահաս եկել էր  գյուղից շախմատի մրցույթի մասնակցելու, եւ այդ պահին, երբ դուրս էր եկել, հայտնվել էր այդ իրավիճակում, եւ ոստիկաններն առանց հաշվի առնելու` ցույցի մասնակից է, թե ոչ` բերման էին ենթարկել»:

Իրավապաշտպանը ներկայացրեց եւս մի քանի նման դեպքեր` արձանագրելով, որ «ոստիկանության գործողություններում համաչափության որեւէ դրսեւորում չի եղել»:

Քննարկմանը մասնակցող Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ  Աշոտ Մելիքյանն էլ,  անդրադառնալով  ապրիլի 22-ի երթի ընթացքում լրագրողների գործունեության խոչընդոտման փորձին, ասաց. «Ոստիկանությունն այնքան է լկտիացել, որ երբ որեւէ հավաքի ժամանակ լրատվության ներկայացուցիչներ է տեսնում, համարում է, որ արդեն դրանով իսկ իրենց գործունեությունն է խոչընդոտվում: Միշտ իրենք ցանկանում են, որ այդ իրադարձությունները չլուսաբանվեն, եւ ինչքան հնարավոր է՝ պակաս ինֆորմացիա դուրս գա այդտեղից:  Սա արդեն գործելակերպ է դարձել: Ոստիկանները տեսախցիկը տեսնելուց շտատիվից վերցնում են, տալիս են գետնին, ջարդում են, որպեսզի օպերատորը չկարողանա աշխատել: Ըստ երեւույթին իրենց ասել են՝ ամեն գնով խոչընդոտեք, թույլ մի տվեք»: 

Քննարկման մասնակիցներին լրագրողները խնդրեցին արձագանքել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում արած հայտարարությանը, երբ վերջինս  ոստիկանության բարեփոխումների տեսանելի չլինելու հետ կապված լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասել էր. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»: Այս հայտարարությունն Աշոտ Մելիքյանը որակեց որպես ոչ ադեկվատ եւ լկտի. «Ինչպիսին ոստիկանապետն է, այնպես էլ իր ղեկավարած կառույցն է: Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս կարող է բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ այդպիսի անտակտ հայտարարություններով հանդես գալ: Ինքը երբ լրագրող է տեսնում, ատելությունը աչքերից եւ դեմքից թափվում է, իր համար կարեւոր է վիրավորել լրագրողներին, ոչ միայն սուր հարց տվող լրագրողներին, այլեւ առհասարակ հավաքվածներին: Եվ բնական է, որ այդպիսի ոստիկանապետ ունեցող կառույցը պետք է գործի այնչափ լկտի, ինչպիսին գործել է հունիսի 23-ի դեպքերի ժամանակ: Փոխանակ քո գործը անես, տարօրինակ, ոչ ադեկվատ արտահայտություններ ես անում»:

Ավետիք Իշխանյանն էլ  այս կապակցությամբ նշեց. «Ապրիլյան պատերազմը հույս արթնացրեց շատերի մոտ, որ ինչ-որ բան կփոխվի, եւ ես էլ որոշակի ռոմանտիկ հույսեր ունեի: Բայց փաստորեն, դուրս է գալիս, որ ոչինչ էլ չի փոխվել: Այդ երիտասարդները, որոնք այդ ցույցն անում էին, մտահոգված էին Արցախի ճակատագրով, եւ նրանց պոռթկումն ազնիվ էր, եւ այդպե՞ս վարվել նրանց հետ: Այս պատերազմը ցույց տվեց, որ անապահով խավերի զավակների շնորհիվ պահպանվեց մեր պետության դեմքը եւ դա ցույց տվեց   մեր պետական համակարգի փտած, կոռումպացված էությունը, եւ այդքանից հետո էդ նույն հղփացած պաշտոնյաները հրամայում են ջարդե՞լ այս ժողովրդին, հետո՞: Ես ուղղակի զարմանում եմ, որեւէ բան նրանց մտածողության մեջ այս պատերազմը չի փոխե՞լ: Այսքանից հետո` /ոստիկանապետը Մ. Կ/ նրա մեջ կին չի տեսնում,   իսկ ես ձեր մեջ մարդ չեմ տեսնում. հիմա ասե՞մ այդպես»:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ