2021-ին ավելի հաճախ կհանդիպենք այն պատմույթին, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության միակ պաշտպանն ու երաշխավորը
05.02.2021
18:00
Պատմույթները, դավադրության տեսություններն ինչու են բուռն զարգացում ապրում քաղաքական ցնցումներից հետո. ինչ ընդհանրություններ ու տարբերություններ կան այս առումով Կովկասում: Որտեղ են ծնվում հակաարևմտյան պատմույթները, ինչպես են տարածվում ու ինչ ազդեցություն են ունենում դրանք հանրության վրա:

Մեդիա կենտրոնի՝ «2020 թվականի հակաարևմտյան, հակալիբերալ տրամադրությունները Կովկասում. պրոպագանդայի խոհանոցի ներսում» թեմայով  քննարկման ընթացքում միջազգային ու տեղական փորձագետները քննարկեցին այս հարցերը։  

Ատլանտյան խորհրդի Digital Forensic Research Lab-ի խմբագիր Զարինե Խարազյանի կարծիքով՝ հայերի կողմից կար վիրավորվածություն կամ հիասթափություն Արևմուտքի նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, ինչը լավագույն առիթը եղավ տարբեր պատմույթների, դավադրությունների տեսությունների համար։ «Որոշ ռուսական ու հայկական լրատվամիջոցներ ամբողջ պատերազմի ընթացքում լուրեր էին տարածում՝ իբր Փաշինյանը Արևմուտքի գործակալն է։ Շրջանառվեց նաև լուր՝ իբր վարչապետը գրություն է գրել՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Այս պատմույթը միտում ուներ տպավորություն ստեղծելու՝ իբր Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից նամակով խնդրում է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որի արդյունքում Ադրբեջանը պետք է Արցախի 60 տոկոսին տիրեր։ Ուսումնասիրեցինք ու պարզեցինք, որ նամակը կեղծ էր, իսկ տարածողը ռուսական հատուկ ծառայության աղբյուր էր»,- նշեց Զարինե Խարազյանը։    

Ատլանտյան խորհրդի հետազոտող Գիվի Գիգիթաշվիլին, խոսելով Վրաստանում տարածված պատմույթների մասին, նշեց, որ առկա ծայրահեղական աջ խմբերի մեծ մասը համարվում է  հակառուսական։ «Վրաստանում աջ ծայրահեղական խմբերը հիմանկանում տարածում են պրոռուսական տրամադրություններ, մասնավորապես, Կրեմլի հռետորաբանությունը՝ կապված արևմտյան երկրների հետ, հատկապես Արևմուտքում առկա պահպանողական գործիչների վերաբերյալ: Պրոռուսական աղբյուրները փորձում են նաև տարածել պահպանողական այն միտքը, որ Ռուսաստանը բարոյական գերազանցություն ունի Արևմուտքի նկատմամբ։ Այդ տրամադրությունները խրախուսվում են Կրեմլի կողմից», - նշեց Գիվի Գիգիթաշվիլին։

Հայաստանում ապատեղեկատվությունը հիմնականում տարածում են նախորդ իշխանություների կողմնակիցները։ Քննարկման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա՝  կան մի շարք նարատիվներ՝ պատմույթներ, որոնք գալիս են 1990-ականներից. օրինակ՝ «Ղարաբաղը վաճառելու» պատմույթը գալիս է 1990-ականներից, այժմ տարածված են ԼԳԲՏ-ների հետ կապված պատմույթը, Սորոսի պատմույթը: «2018-ից հետո այս ամենը տարածվում էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանին հարող շրջանակներից։ Օրինակ, Ստամբուլի կոնվենցիան ստորագրվել էր Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Նույն շրջանակները, որոնք ստորագրել էին այդ կոնվենցիան, մեծ աղմուկ բարձրացրեցին դրա վավերացման առնչությամբ,  ինչն իրականում աբսուրդային ու ծիծաղելի էր։ Նաև ունեցանք մի իրավիճակ, երբ 2019-ի խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորը մի մեջբերում արեց   պատմույթից, որտեղ նշվում էր՝ իբր Արևմուտքը փորձելու է գալ ու մեր արժեքները խեղաթյուրել։ Այդ ելույթը գրեթե բառացի մեջբերում էր ռուսական մի ելույթից։ Կարճ ասած՝ պատմույթները հիմնականում կրկնվում են»,- ասաց Արմեն Գրիգորյանը։  

Զարինե Խարազյանի կարծիքով՝ Հայաստանը և Վրաստանը բավական բարդ վիճակում են գտնվում ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում։ Ըստ նրա՝ Հայաստանի մեդիամիջավայրը չափազանց ազատ է, բայց նաև չափազանց բևեռացված է, լրատվամիջոցներից շատերը բավական մեծ թվով հետևորդ ունեն սոցիալական մեդիաներում։ «Այդ մեդիաները հիմնականում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներն են կամ կողմնակիցները։ Այս լրատվամիջոցներն են հիմնականում տարածում այդ ապատեղակտվությունները, բայց այս պարագայում խնդիրն այն է, որ նրանց կարգավորելը, օրենսդրորեն ինչ-որ ձևով  զսպելը կհամարվի քաղաքական մոտիվ ունեցող քայլ»։ Այդուհանդերձ, Զարինե Խարազյանի կարծիքով՝ Հայաստանում բավական շատ հասարակական   կազմակերպություններ կան, որոնք մշտադիտարկում են իրականացնում ու ցույց տալիս, թե ովքեր, ինչ աղբյուրներ են այդ ապատեղակտվությունը տարածողները: Ըստ փորձագետի՝ հակաարևմտականության ֆոնին քաղհասարակության կարողությունները կարող են վտանգվել ու այս պարագայում կառավարության առաջնահերթություններից մեկն է դառնում ապատեղեկատվության դեմն առնելը, որն ինչ-որ առումով դարձել է ազգային անվտնագության հարց: 

Ինչ վերաբերում է 2021-ին, ապա Ատլանտյան խորհրդի Digital Forensic Research Lab-ի խմբագրի խոսքով՝ այս տարի ավելի հաճախ սկսելու ենք հանդիպել այն ուղերձին, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության միակ պաշտպանն ու երաշխավորը։ Ըստ Զարինե Խարազյանի՝ շարունակաբար հարձակումներ են լինելու ՀՀ քաղհասարակության նկատմամբ, հատկապես կոնկրետ ՀԿ-ների նկատմամբ, որոնք աշխատում են Հայաստանի ժողովրդավարության դիմադրողականությունը հզորացնելու ուղղությամբ, շատ ավելի շատ են հարձակումներ լինելու արևմտյան մշակութային և այլ արժեքների դեմ. «Քաղաքական մոտիվացիայով գործողություններ են լինելու, որոնք փորձելու են կառավարության ձախողումները կապել Արևմուտքի հետ՝ արևմտամետությանը մեղադրել այդ բոլոր ձախողումների համար»: Հարցին՝ հայաստանյան մեդիա դաշտն ի՞նչ կարգավորման խնդիրներ ունի, Զարինե Խարազյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ երբ ապատեղեկատվությունը կիրառվում է՝ որպես քաղաքական մուրճ և նման դեպք կա իհարկե, ԱՄՆ-ում, երբ կեղծ լուրերի օգտագործմամբ որոշակի գործողություններ են իրականացվել, և կան շատ մտավախություններ այս ֆեյք նյուզի քաղաքականացման վերաբերյալ: Այս հարցը վերաբերում է նաև Հայաստանին: Փորձելու են նաև այս կերպ կառավարությանը դրդել ինչ-որ քայլերի, ապատեղեկատվության դեմ: Անցյալ տարի ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել էր մի անձի, որը կեղծ օգտատիրոջ անունով կեղծ տեղեկություններ էր տարածել ֆեյսբուքում, և այս անձին ձերբակալեցին: Դրամատիկ տեսանյութ էին պատրաստել նրա խոստովանության մասին: Ի վերջո, նրան բաց թողեցին, ու այդ դեպքի մասին շատ բան չիմացանք: Նման գործողություններն իրականում հակառակ ազդեցությունն են ունենում, որովհետև տեղի է ունենում ընտրովի գործողություն ապատեղեկատվության դեմ, որը կարելի է համարել քաղաքական պատճառ ունեցող խնդիր»: Զարինե Խարազյանի կարծիքով՝ չափազանց կարևոր է ստանալ կոնկրետ շրջանակ, որը պայքարի նման երևույթների դեմ, այլ չլինի ժամանակավոր, ընտրովի քայլ ուղղված տվյալ ժամանակահատվածում քաղաքական հակառակորդների դեմ:

Գիվի Գիգիթաշվիլին էլ այս հարցի առնչությամբ կարծիք հայտնեց, որ չպետք է թողնել, որ տարբեր դերակատարներ չարաշահեն, օգտվեն առիթից: Պետք է պայքարել նաև այն դերակատարների դեմ, որոնք ստեղծում են ապատեղեկատվությունը: «Օրինակ՝ Ուկրաինայում երեք պրոկրեմլյան ԶԼՄ-ներ արգելափակվեցին, նույնը կա մեզ մոտ՝ Վրաստանում, նաև բալթյան երկրներում: Ընդհանուր առմամբ, այս առումով նկատի ունեմ ապատեղեկատվություն տարածողներին պատժելը, չափազանց կարևոր է: Եթե իրենց արածների համար գին չվճարեն, կզարգացնեն, կշարունակեն իրենց գործողությունները: Պետք է ուշադրություն դարձնել ու զգույշ լինել այս հարցում, որ դա չլինի գրաքննություն կամ քաղաքականապես մոտիվացված գործողություն»:

Հարցին՝ հակալիբերալ պատմույթների ի՞նչ բեռով ենք մուտք գործելու 2021, Ատլանտյան խորհրդի հետազոտողը պատասխանեց. «Հիմա պրոկրեմլյան ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են տեղեկատվությունը ռուսական սպուտնիկ պատվաստանյութի մասին, որ դա լավ է, քան արևմտյանը: Եվ փորձեր են անելու շատ մեղադրանքներ ուղղել ԱՄՆ-ի և արևմուտքի կողմից արտադրված պատվաստանյութերի և համանման ուսումնասիրությունների դեմ: Վրաստանում տնտեսական վիճակն այս պահին այնքան էլ լավ չէ և շարունակում է վատանալ: Այս դերակատարները փորձելու են հասարակությանը համոզել, որ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալը և Ռուսաստանի տնտեսության վրա հույս դնելը շատ ավելի օգտակար և արդյունավետ է լինելու այս ճգնաժամից դուրս գալու համար: Արմատականները փորձելու են այս առիթն օգտագործել, գործիք դարձնել իրենց քաղաքական հակառակորդների հետ պայքարում»:

Արմեն Գրիգորյանն էլ կարծում է, որ ավելի լավ մշակված ռազմավարություն պիտի ունենանք ապատեղեկատվության պայքարի համար։ Ըստ նրա՝ հայաստանյան մեդիա դաշտը և ընդհանրապես համացանցային տիրույթը կարգավորելու համար միայն մեկ կամ մի քանիսին ձերբակալելը հարց չի լուծի: «Պետք է ունենալ էական ռազմավարություն, և այդ առումով նաև անհրաժեշտ է  հաղորդակցության ավելի լավ ռազմավարություն և աշխատանք քաղաքացիական հասարակության հետ: Խնդիրն այն է, որ Հայաստանի կառավարությունն ինչ-որ չափով մեկուսացված է, քանի որ քաղհասարակության մեծ մասն օտարվել է կառավարության վատ հաղորդակցության պատճառով: Դա տեղի ունեցավ պատերազմի ընթացքում կամ այլ ժամանակահատվածում, որոշակի կարևորագույն բարեփոխումների հետաձգման պատճառով, օրինակ  վեթինգը,  դատական համակարգի բարեփոխումները: Կառավարությունն այս պահին վստահություն էլ չունի քաղհասարակության այս սեգմենտի նկատմամբ, և փորձելու են իրենց սեփական քարոզչության գործիքներն օգտագործել ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում, ինչն այնքան էլ արդյունավետ չէ»:

Ինչ վերաբերում է 2021-ին, ապա Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ տարածված պատմույթ է լինելու այն՝ քանի որ մեզ լքել է Արևմուտքը, Ռուսաստանն է ապահովելու մեր անվտանգությունը և այսպես ասած՝ ինչ-որ անհասկանալի ագրեսիվ պատմույթ է քարոզվում, որ արևմուտքը մեզ լքել է, միևնույն ժամանակ փորձում է մեր արժեքները ոտնատակ տալ»: Անդրադառնալով Քովիդի հետ կապված պատմույթներին՝ նա նշեց. «Դավադրությունների տեսությունները դադարեցին, երբ ռուսները հայտարարեցին, որ աշխարհում առաջինն իրենք կարողացան պատվաստանյութ գրանցել պաշտոնապես: Դրանից հետո դավադրության այս տեսությունը բավականին թուլացավ: Բայց հիմնական պնդումն այն է լինելու, որ միայն Ռուսաստանը  կարող է և ունակ է մեզ փրկել: Միայն նրանք են, որ կարող են մեզ պատվաստանյութ տրամադրել»։ Ըստ Արմեն Գրիգորյանի՝ աս  պատվաստանյութերի դեմ արշավը նորից կշրջանառվի, կլինեն հոգեբանական հարձակումներ տարբեր ՀԿ-ների վրա:

        

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Covid 19. Հայաստանը կրկին հատում է կարմիր գիծը
05.03.2021
12:00
Մարտի 5-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Covid 19. Հայաստանը կրկին հատում է կարմիր գիծը» թեմայով։
Վատ կառավարողին խանգարում է Սահմանադրությունը
04.03.2021
13:00
Մարտի 4-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց «Վատ կառավարողին խանգարում է Սահմանադրությունը» թեմայով:
ՀՀ-ԵՄ համաձայնագիր. կստացվի՞ երկխոսությունը Եվրոպայի հետ
02.03.2021
13:00
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ առավել հայտնի ՀԸԳՀ-ն (CEPA) մարտի 1-ից լիարժեքորեն մտավ ուժի մեջ: Ավելի քան երեք տարի առաջ՝ 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված այս փաստաթուղթը ուժի մեջ է մտնում հանրապետությունում քաղաքական ճգնաժամի գագաթնակետին, որը ՀՀ գործող վարչապետը որակեց որպես հեղաշրջման փորձ: Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները ևս արձանագրում են, որ համաձայնագրի վավերացումը համընկավ Հայաստանում դժվարին փուլի հետ, որից դուրս գալու լավագույն ելքը հավատարմությունն է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին:
Հայաստան –ԵՄ համաձայնագիր. ի՞նչ սպասելիքներ ունի Հայաստանը
01.03.2021
13:00
Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մարտի 1-ին լիարժեքորեն ուժի մեջ մտավ:
Այն ստորագրվել էր 2017թ. նոյեմբերի 24-ին:

Ներքաղաքական ճգնաժամ. ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել
27.02.2021
11:00
Փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնի զրուցակիցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր: Թեման՝ «Ներքաղաքական ճգնաժամ. ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...