«ԽԱՊԿ-ի 2020թ. 1-ին եռամսյակի (հունվար-մարտ) զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին»
29.04.2020
18:00
Ապրիլի 29-ին «Մեդիա կենտրոնը» տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «ԽԱՊԿ-ի 2020թ. 1-ին եռամսյակի (հունվար-մարտ) զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» թեմայով: Ստորև ներկայացված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2020 թվականի առաջին եռամսյակի զեկույցի մասին մամուլի հաղորդագրությունը:

2020 թ. առաջին եռամսյակը լրագրողների ու լրատվամիջոցների համար լարված ժամանակաշրջան էր` կապված նախ հանրաքվեի քարոզարշավի լուսաբանման և ապա` կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումների հետ։ Դրանք լուրջ խնդիրներ առաջացրեցին ԶԼՄ–ների համար։

Այսպես` մարտի 16–ին ընդունված «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման այն դրույթները, որոնք վերաբերում էին լրատվամիջոցների գործունեությանը, սուբյեկտիվության և կամայական արգելքների լայն հնարավորություններ էին ստեղծում։ Իսկ որոշման իրականացնողը ՀՀ ոստիկանությունն էր, որը կոշտ միջամտություն էր ցուցաբերում ԶԼՄ-ների աշխատանքին և պարտադրում հրապարակումներ հեռացնել։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ սոցցանցերի օգտատերերին են ստիպել ջնջել «անթույլատրելի» կամ, այսպես կոչված, «խուճապածին» գրառումները։ Եվ հենց այս իրավիճակով պայմանավորված` եռամսյակի ընթացքում լրագրողների ու ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված ճնշումների մեծ մասը` 50–ից 30–ը, գրանցվեց այդ օրերին։

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունների և ԶԼՄ-ների, ինչպես նաև միջազգային կառույցների (մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի և «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության) ջանքերի շնորհիվ հաջողվեց հասնել նրան, որ Կառավարությունը վերանայի իր մոտեցումները և նոր որոշում ընդունի՝ էապես մեղմացնելով լրատվամիջոցների գործունեությանն ու տեղեկատվության տարածմանը վերաբերող պահանջները։ Սակայն դրանից հետո էլ վիճակը մտահոգիչ էր մնում կորոնավիրուսի թեմային վերաբերող պաշտոնական տվյալների և մեկնաբանությունների հասանելիության առումով։ Եռամսյակի ընթացքում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 21 դեպքից 6–ը գրանցվել է մարտի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում։

Առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի գրանցվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի նվազել է նաև լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակը. արձանագրվել է 14 նոր հայց, որից 12–ը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են, 2–ն աշխատանքային վեճ է։ ԶԼՄ–ների ու լրագրողների դեմ ներկայացված նոր հայցերից 6–ը շարքային քաղաքացիներից են, 3–ը` գործարարներից, 3–ը` ներկա և նախկին պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից, իսկ 2 դեպքում լրագրողն է հայց ներկայացրել գործատուի դեմ։

Ստորև ներկայացնում ենք առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների քանակական տվյալները և համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

 

2019-2020 թթ. 1-ին եռամսյակների խախտումների քանակական տվյալները

 

Խախտումներիտեսակները

2019 թ. 1-ին եռամսյակ

 

2020 թ. 1-ին եռամսյակ

Ֆիզիկականբռնություններ` լրագրողներինկատմամբ

2

0

Ճնշումներ` ԶԼՄ-ներիևդրանցաշխատակիցներինկատմամբ

41

50

Տեղեկություններստանալուևտարածելուիրավունքիխախտումներ

51

21

 

Դիտարկվող ժամանակաշրջանում կառավարությունն ու խորհրդարանը հանդես եկան մեդիա ոլորտին առնչվող մի շարք նախաձեռնություններով, որոնք միշտ չէ, որ ընդունելի էին լրագրողական հանրության համար։ Տարեսկզբին լայն քննարկման առարկա դարձավ Արդարադատության նախարարության առաջարկած Քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որտեղ սուտ մատնությանը վերաբերող 450-րդ հոդվածը խիստ պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում որևէ հանցանքի մասին սուտ տեղեկատվություն հրապարակելու համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում։ Այս փոփոխության առնչությամբ լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ՝ սուտ մատնությունը որպես հանցանք ԶԼՄ-ների դաշտ տեղափոխելը համարելով մահակ լրատվամիջոցների գլխին և սպառնալիք լրագրողների տեղեկատվական աղբյուրների համար։

Ավելի վաղ մեկ այլ նախաձեռնությամբ Արդարադատության նախարարությունն առաջարկել էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարել` պետբյուջեից սնվող Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք վերապահելու նպատակով։ Ու թեև 10 լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ անընդունելի համարեցին այդ փոփոխությունները, դա չխանգարեց, որ կառավարությունը հավանության արժանացնի նախագիծը, իսկ Ազգային Ժողովն ընդունի այն։

Մինչդեռ, հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրությունն արմատական բարեփոխման կարիք ունի։ ԽԱՊԿ-ի և գործընկեր կազմակերպությունների մշակած և Ազգային Ժողով ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծն այդպես էլ պաշտոնապես շրջանառության մեջ չդրվեց։ Իսկ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով հունվարի 16–ին անցկացված խորհրդարանական լսումները հստակ պատասխաններ չտվեցին, թե որոնք պետք է լինեն նոր կարգավորումների հայեցակարգային մոտեցումներն ու սկզբունքները։

Խիստ մտահոգիչ են նաև «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելուն վերաբերող գործընթացները։ Դրանով զբաղվում են ԱԺ տարբեր խմբակցություններ, ձևավորված է աշխատանքային խումբ, որին օրինագիծ է առաջարկել նաև ԽԱՊԿ-ը, սակայն այս ամենը համակարգված բնույթ չի կրում, ինչի պատճառով էլ գործընթացն առայժմ արդյունավետ չէ։

ԱԺ-ում աշխատանքային խմբի մակարդակով քննարկումներ են ընթանում նաև ատելության խոսքի տարածումը քրեականացնելու խնդրի շուրջ։ Իսկ մեկ այլ` բռնությունգործադրելուհրապարակայինկոչերի, բռնությունըհրապարակայնորենարդարացնելու կամ քարոզելու համար քրեական պատասխանատվության ենթարկելուն միտված օրենսդրական փոփոխություններն ԱԺ-ն մարտի 5–ին ընդունեց առաջին ընթերցմամբ։ Երկու դեպքում էլ մտահոգություններ կան, որ խոսքի ազատության չարդարացված սահմանափակումներ կարող են կիրառվել։

Առաջին եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել «Էլեկտրիկ Երևանի» և «Սարի թաղի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերը, որոնց շրջանակներում տուժող են ճանաչվել 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ։ «Էլեկտրիկ Երևանի» նախաքննությունը կասեցնելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը տուժած լրագրողները ԽԱՊԿ-ի աջակցությամբ բողոքարկել էին նախ՝ դատախազություն, ապա՝ դատական կարգով։ Այս տարվա հունվարի 21-ին Վերաքննիչ քրեական դատարանը կարճեց այս գործն այն հիմքով, որ ՀՔԾ-ն սեփական նախաձեռնությամբ վերացրել էր կասեցման մասին իր իսկ որոշումը և վերսկսել էր նախաքննությունը։ Անցած տարի վերաքննիչ դատական ատյանում նույն ճակատագրին արժանացավ «Սարի թաղի» գործը։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
«Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում»
15.05.2020
19:00
Մայիսի 15-ն Ընտանիքի օրն է:

Հանրային լրագրության ակումբը մայիսի 15-ին, ժամը 19:00-ին, հրավիրեց վեբինար «Իմ տունն իմ ամրոցն է. որքանո՞վ ենք ապահով այդ ամրոցում» թեմայով:
«Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները»
15.05.2020
14:00
Մայիսի 15-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ պայմաններով կվերաբացվեն մանկապարտեզները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ