Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան
26.03.2020
20:02
Երեկ՝ մարտի 25-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է խոշտանգման գործով տուժող ճանաչված քաղաքացու շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ու դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խոշտանգման գործով ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռը, գործը ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր ծավալով քննության։

«Մեդիա կենտրոնը» թեմայի առնչությամբ զրուցել է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան, խոշտանգման գործով տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի հետ:

-Պարոն Ղարագյոզյան, նախ հակիրճ ներկայացրեք գործի նախապատմությունը:

-Դեպքը տեղի է ունեցել 2017-ին: Գերասիմ Մարդանյանը մեղադրվում է Ժորա Սիմոնյանի ենթադրյալ խոշտանգելու մեջ, քանի որ դեռ ուժի մեջ չի մտել, անմեղության կանխավարկածը չխախտելու համար նշենք ենթադրյալ: Ծառահատում կատարելու կասկածանքով Ժորա Սիմոնյանին և նրա եղբորը տարել են ոստիկանական բաժին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գերասիմ Մարդանյանը, լինելով պաշտոնական անձ, խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Սա ի դեպ 2015 թվականից հետո խոշտանգման հոդվածով հարուցված առաջին քրեական գործն է, որ ուղարկվել է դատարան: Բերդի տեղի ունեցած դատաքննության արդյունքում դատավոր Զոյա Զաքինյանը Գերասիմ Մարդանյանին արդարացրել էր, նշելով, որ չի հիմնավորվել խոշտանգման փաստը: Տուժող կողմը համաձա՞յն չէր այս վճռի հետ: Դատաբժշկական փորձաքննությամբ էլ հայտնի էր դարձել, որ Ժորա Սիմոնյանը վնասվածքներ է ստացել ոստիկանական բաժնում, բաժնից դուրս գալուց հետո նա իրեն վատ է զգացել, գնացել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել են մարմնական վնասվածքները: Մինչդեռ դատարանը դատաբժշկական եզրակացությունը, ինչպես նաև տուժողի ու նրա ընտանիքիցուցմունքները ոչ արժանահավատ է համարել, և հակառակը՝ արժանահավատ է համարել իր (Գերասիմ Մարդանյանի,-հեղ. գործընկեր ոստիկանների ցուցմունքները, ինչը եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից չէր կարող համարվել արժանահավատ: Վերաքննիչ դատարանը, սակայն, մասնակի բավարարեց իմ և դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքը ու գործն ուղարկեց առաջին ատյան՝ նոր քննության: Քանի որ որոշումը դեռ չեմ ստացել, չգիտեմ՝ ինչ ծավալով պետք է առաջին ատանը քննի: Ամեն դեպքում Վերաքննիչ դատարանից ակնկալում ենք, որ խոշտանգման փաստը կճանաչի:

-Այն փաստը, որ վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է ձեր բողոքը, կարելի՞ է նախադեպ համարել՝ հաշվի առնելով պրակտիկան՝ համաձայն որի խոշտանգման դեպքերով տուժողներն ու նրանց ներկայացուցչները շրջապտույտի մեջ են ընկնում, բողոք են ներկայացնում, կրկին մերժվում:

-Միանշանակ կարելի է համարել, քանի որ քրեական գործեր կամ խոշտանգման հիմքով չեն հարուցվում, կամ արարքը վերաորակվում է պաշտոնեական լիազորությունների անցում: Անընդհատ բողոքներ են այս առնչությամբ ներկայացվում, քրեական գործերը փակուղի են տարվում, ի վերջո դիմում ենք Եվրոպական դատարան: Վերաքննիչ դատարանի այս որոշումն այնքանով էր կարևոր, որ ինչպես նշեցի առաջին անգամ էր, որ Հատուկ քննչական ծառայությունը խոշտանգման հիմքով հարուցեց քրեական գործ և ուղարկեց դատարան: Սակայն, ցավոք, մեր դատական համակարգը, դատարանները չեն կարող արդյունավետորեն քննել խոշտանգման գործերը: Նույն դատավոր Զոյա Զաքինյանը տուժողների հետ շփվելով ողջ դատաքննության ընթացքում իր կանխակալ վերաբերմունքը դրսևորեց և արդարացման դատական ակտ կայացրեց: Եթե այս որոշումն ուժի մեջ մտնի, այս մասով Բարձրագույն դատական խորհուրդ եմ դիմելու, նման դատական ակտեր կայացնող դատավորները պետք է պատասխան տան, թե ինչու են խոշտանգման գործերն այսպես քննվում: Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը պետք է բարձրաձայնեմ:

-Դուք կարևորեցիք գործով դատախազի աշխատանքը, նշեցիք, որ նա բավական լավ է պաշտպանել մեղադրանքը: Երբ մեղադրական եզրակացությունը հաստատվել էր դատախազության կողմից, գործով մեղադրանքը պաշտպանելու համար լիազորվել էր մարզային դատախազության դատախազը: Այս առնչությամբ Դուք մտահոգություն էիք հայտնել նշելով, որ մարզերում դատախազները կաշկանդված են:

-Այս գործի նախաքննության նկատմամբ Վարդգես Սարգսյանը հսկողություն իրականացրեց: Երբ գործն ուղարկվեց Բերդի դատարան, Իջևանի դատախազությունից դատախազ լիազորեցին, առաջին դատական նիստից պարզ էր, որ այդ դատախազը կաշկանդված է ու չի կարողանալու մեղադրանքը պաշտպանել արդյունավետորեն: Այդ հարցի մասին բարձրաձայնեցի մամուլում, նաև դիմեցի դատախազություն, որը իր դիրքորոշումը փոխեց ու գործը վերահսկող դատախազը երկրորդ դատական նիստից դատարանում պաշտպանեց մեղադրանքը: Արդյունքում տուժող կողմը միայն տուժողի իրավունքի պաշտանությունն իրականացրեց, մինչդեռ հաճախ դատախազի չաշխատելու դեպքում տուժող կողմը ստանձնում է նաև դատախազի լիզորությունները և մեղադրանքը պաշտպանում: 

-Հայաստանի դատական պրակտիկայում բավական քիչ են խոշտանգման մեղադրանքով քրեական գործերը: Որպես տուժող ճանաչված քաղաքացու ներկայացուցիչ՝ ինչով եք պայմանավորում այս գործի քիչ թե շատ հաջողությունը: Գուցե տուժողների հետևողականության արդյու՞նք է:

-Դեպքից անցել է երեք տարի, սակայն տուժող կողմը մինչև հիմա էլ շարունակում է խոցելի վիճակում գտնվել: Տուժող կողմն ապրում է այդ համայքնում, այդ գյուղում, ամեն անգամ իրենք խոցելի են, թեև հիմա գործող մեղադրյալ Գերասիմ Մարդանյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են, սակայն իր գործընկերներն են այդ ոստիկանական համակարգում: Այդ ընտանիքը վախի մեջ է ապրում: Պետությունը նույնիսկ հեղափոխությունից հետո խոշտանգման զոհերին առանձնահատուկ վերաբերմունք չի ցուցաբերում, վերականգնողական, հոգեբանական աշատանքներ չի տարվում զոհի հետ:

՞նչ առումով են տուժողները խոցելի, արդյո՞ք սպառնալիքներ են ստանում:

- Ժորա Սիմոնյանի ընտանիքի անդամներին 2019-ին մեղադրանք առաջադրվեց, երբ Իջևանում ծառահատման աշխատանքների առնչությմբ հանարահավաքներ եղան, միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների հետ: Ժորա Սիմոնյանի գործով անցնող վկա պաշտոնյա ոստիկանը ցուցմունք էր տվել նրա ընտանիքի անդամների դեմ, իբրև տեսել է, թե ինչպես են ոստիկաններին քարերով, ձեռքերով հարվածներ հասցնում: Ժորա Սիմոնյանի եղբայրը երկու ամսով կալանավորվեց, հետագայում պայքարի արդյունքում խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով: Այսինքն նման իրավիճակներում այս ընտանիքն անընդհատ խոցելի է, քանի որ ոստիկանները փորձում են հաշվահարդար տեսնել նրանց հետ: Մինչդեռ եթե տուժողը պաշտպանված չլինի, երբևէ չի հայտնի խոշտանգման դեպքի մասին՝ իմանալով, որ հետագայում իրենից կարող են հաշվարհարդար տեսնել:

Բազմաթիվ են խոշտանգման գործերը՝ թե զինծառայողի նկատմամբ, թե ՔԿՀ-ներում տեղի ունեցած, շարունակելու է խնդիր մնալ քանի դեռ պետության կողմից չեն ճանաչվել այդ դեպքերը ու այդ անձանց իրավունքները չեն վերականգնվել:

-Խոշտանգման հանցակազմով դեռ ոչ մի պաշտոնյա չի դատապարտվել:

-Հայաստանում դեռ ոչ, դատարաններն իմ կարծիքով դեռ այդ կամքը չունեն: Քանի որ այս հոդվածով նախատեսվում է բավական ծանր պատասխանատվություն՝ 4-8 տարի ազատազրկում, երևի դա կաշկանդվածություն է առաջացնում: Բայց ի վերջո պետք է դատարանների կողմից խոշտանգման փաստերը ճանաչվեն, հակառակ դեպքում ՄԻԵԴ-ն է ճանաչելու և Հայաստանի դեմ անընդհատ պատժամիջոցներ են լինելու, պետբյուջեից տուժողների փոխհատուցման խնդիր է լինելու: Այս հարցն ի վերջո պետք է լուծվի:

-Հայաստան է ժամանելու խոշտանգման գործերով հանձնաժողով, Հայաստանում խոշտանգման բազմաթիվ գործերի առնչությամբ ի՞նչ արձանագրումներ կունենանք և դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ձեր նշած մտահոգիչ պրակտիկայի վրա:

-Ես ուզում եմ այս առումով հիշեցնել, որ հակագազով 10 տարի առաջ ցուցմունք էին կորզել, գործը վերաբացված է, ձեր (Մեդիա կենտրոնի-հեղ.) դերն էլ էր մեծ, ասուլիսից հետո երկու հոգու մեղադրանք առաջադրեցին: Այդ գործով խոշտանգումների կանխարգելման կոմիտեն արձանագրել էր փաստը, բայց այս տարիների ընթացքում պետությունը այդպես էլ չպատասխանեց, թե հակագազը որի վրա արյուն էր, որտեղից էր: Տեսանյութը հրապարակումից հետո բացահայտվեց: Եթե հանձնաժողովը գա, շատ դեպքերի մասին իրավապաշտպանները կներկայացնեն: Շատ գործեր իրականում կարճվում են. դատախազության և ՀՔԾ-ի կողմից ցանկություն չկա բացահայտելու: Բանակում են բազմաթիվ խոշտանգման դեպքեր արձանագրվում, արդյունքում մահվան դեպքեր են լինում, որոնք որակվում են որպես ինքնասպաություն: Մեր համոզմաբ այդպես չէ. եթե անգամ ինքնասպանություն է, ապա դաժան վերաբերմունքի, խոշտանգման արդյունքում է լինում դա: Փակ ու կիսափակ հաստատությւոններում նման դեպքերը շատ են լինում: Նույնիսկ հեղափոխությունից հետո այդ խնդիրները չեն լուծվում:

Ամբողջական հարցազրույցն ու նաև այս հարցերի պատասխանները՝ այս հղումով`https://anchor.fm/media-center/episodes/by-Lilith-Hovhannisyan-ebvjv4 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ