Խաղաղության ընկալումը. ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
22.04.2019
11:00
Ապրիլի 22-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում «Խաղաղության ընկալումը. ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» թեմայով:

Ղարաբաղյան հակամարտություն ոչ միայն խնդիր է հակամարտող կողմերի միջեւ, այլեւ շատ խորը արմատներ է գցել կոնֆլիկտում ներգրավված երկրների հասարակություններում: Մարդիկ միահյուսվել են հակամարտության հետ, այն դարձել է նրա ինքնության մի մասը: Այդ հասարակություններում խաղաղության մասին խոսում են, սակայն դա ընկալվում է, ոչ թե գերնպատակ, այլ միջոց ինչ-որ նպատակի հասնելու համար:

Նման եզրակացության են եկել «International alert» կազմակերպության փորձագետները Հայաստանում, Ղարաբաղում ու Ադրբեջանում խաղաղության ընկալումների վերաբերյալ կատարած հետազոտության արդյունքում:

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ապրիլի 22-ին տեղի ունեցավ հանդիպում «Խաղաղության ընկալումը. ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը» զեկույցի քննարկման թեմայով, որին ներկա էին լրագրող, զեկույցի համահեղինակ Մարկ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանը, Արցախի «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի համակարգող, «Սիվիլիթաս» հիմնադրամի մեկնաբան-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը և «International alert» կազմակերպության Կովկասի տարածաշրջանային ղեկավար Սոֆիա Փագսլին:

Հանդիպումը կազմակերպել էր Հանրային լրագրության ակումբը՝ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության հետ համագործակցությամբ:

Քննարկման առանցքում խաղաղության ընկալման մոտեցումների ուսումնասիրություններն էին, որին և նվիրված էր հետազոտությունը՝ ընդգրկելով կոնֆլիկտի բոլոր երեք կողմերը:

«International alert»-ը, ղարաբաղյան հակամարտության խաղաղարար նախաձեռնությունների տարբեր մակարդակներում շուրջ 20 տարվա մասնակցության փորձ ունենալով, ուսումնասիրություն է իրականացրել Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում՝ փորձելով ցույց տալ պատերազմի այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները, ինչպես նաև հակամարտող կողմերի ու միջնորդների մոտեցումները։

Առաջինը ելույթ ունեցավ «International alert» կազմակերպության Կովկասի տարածաշրջանային ղեկավար Սոֆիա Փագսլին, որը ներկաներին պարզաբանեց իրենց կազմակերպության գործունեությունը և ներկայացրեց հակամարտող կողմերի հետ տարվող աշխատանքը:

«Այս հետազոտության հիմնական նպատակն է պարզել, թե մարդիկ, որոնք գտնվում են կոնֆլիկտի տարբեր կողմերում, ինչպես են պատկերացնում իրենց դերը կոնֆլիկտի հաղթահարման գործընթացում, կամ արդյո՞ք այդ դերը տեսնում են, թե ոչ»,- պարզաբանեց Սոֆիա Փագսլին:

Վերջինս նշեց նաև, որ շատ է կարևորում բարձրաձայնած թեմայի մասին հատկապես երիտասարդների կարծիքը, քանի որ հենց նրանք են շարունակելու սկսված գործընթացները:

Քննարկման մասնակից Գեղամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ի տարբերություն այս կոնֆլիկտի մասին արված մյուս հետազոտությունների՝ վերոնշյալ ուսումնասիրությունն անցկացվել է ցիկլային սկզբունքով՝ թեմայի վերաբերյալ տեղի են ունեցել հարցազրույցներ և զրույցներ, որոնց հրապարակումից հետո փորձագետները հայտնել են նաև իրենց տպավորությունները:

«Եթե փորձենք համեմատել նախկինում եղած իրավիճակի հետ»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը,- «ապա պետք է նշեմ, որ տեղեկատվական դաշտի պատերազմում մենք արդեն վարում ենք ոչ միայն արտաքին, այլև ներքին տեղեկատվական պատերազմ, որը պայմանավորված է երկրում տեղի ունեցած փոփոխություններով, ինչի պատճառով կոնֆլիկտն անհարկի շահարկվում է՝ մեր գործն ավելի բարդացնելով»:

Բանախոսի խոսքով, եթե փորձենք ամփոփել զեկույցը, ապա կարող ենք փաստել, որ մարդիկ և հակամարտությունը հասցրել են այս ընթացքում միահյուսվել:

«Երբ արցախցին է խոսում այս թեմայի մասին, նշում է, որ կոնֆլիկտը ոչ թե իր ինքնության մեջ է, այլ իր առօրյայի մի մասն է կազմում»,- շեշտեց Գեղամ Բաղդասարյանը,- «այս առումով մենք խնդիր ունենք մարդկանց հետ վարժեցնելու կոնֆլիկտ ունենալու մտքից»:

Նրա կարծիքով, հետազոտության արդյունքը ցույց տվեց մի ընդհանրություն, որը բնորոշ է պատերազմող 3 կողմերին, խոսքն այն մասին է, որ կողմերից ոչ մեկը խաղաղությունը չի համարում գերագույն նպատակ, այլ ընդամենը միջոց՝ նպատակին հասնելու համար: «Նմանատիպ քամահրական մոտեցումը խաղաղության նկատմամբ պարզապես անթույլատրելի է»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:

Մարկ Գրիգորյանն էլ իր ելույթում շեշտեց, որ զեկույցում տեղ են գտել նաև կոնֆլիկտի կողմերի պատկերացումները խաղաղության սահմանման մասին:

«Հետաքրքիր է, որ կողմերից յուրաքանչյուրի համար խաղաղությունը յուրովի է սահմանվում: Հայի և արցախցու համար խաղաղությունը կայունություն է, մինչդեռ ադրբեջանցու համար՝ արդարության վերականգնում»,- փաստեց բանախոսը՝ հավելելով, որ հակամարտությունը շատ խոր արմատներ է գցել հասարակություններում՝ դարռնալով «մեր ինքնության մի մասը»: «Իսկ երբ դա ինքնության մաս է, դժվար ես բաժանվում դրանից, կամ չես ցանկանում բաժանվել», - ասաց նա:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ անդրադարձավ բանակցային գործընթացում տեղ գտած փոփոխություններին:

Վերջինիս խոսքով, բանակցային գործընթացն առավել թափանցիկ է դարձել, և ձևավորվել է ուղերձների միասնություն. «Այս գործընթացում այլևս չկան ներքին և արտաքին ուղերձներ, որոնք ստեղծվում էին համապատասխանաբար ներքին և արտաքին լսարանի համար: Այժմ այն, ինչ ասվում է տանը, կրկնվում է նաև դրսում և հակառակը»:

Այս համատեքստում նա կարեւորեց հակամարտության կարգավորման դիսկուրսի ընդլայնման խնդիրը: «Պետք չէ սպասել, թե կառավարող ուժից կամ քաղաքական գործիչներից ով ինչ կասի խնդրի վերաբերյալ: Հակամարտության ու խաղաղության դիսկուրսին պետք է մասնակցի որքան հնարավոր է շատ մարդ», - ասաց նա:

Մեկնաբան-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն էլ նշեց, որ հայկական կողմի համար առաջնայինը հետևյալ հարցերին պատասխանելն է՝ դու պատրա՞ստ ես վճարել խաղաղության համար, և ո՞րն է լինելու այդ գինը: «Ցանկացած խաղաղություն գին ունի, եւ մենք պետք է դա հասկանանք ու ընկալենք: Եւ մեզ հարց տանք՝ պատրաստ ենք վճարել այդ գինը, թե՝ ոչ», - ասաց նա:

Հանդիպման վերջում տեղի ունեցավ բուռն քննարկում ուսանողների և բանախոսների միջև:

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աշխատանք, թե պատվաստում․ ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները
16.09.2021
17:41
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Հոկտեմբերի 1-ից, աշխատող այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, պետք է ամսվա ընթացքում 2 անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուին։

Պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելն ըստ Արդարադատության նախարարության՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի սահմանվել է իբրև հանրային պաշտոնյային աշխատանքից ազատելու հիմք։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում
07.09.2021
16:01
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Կորոնավիրուսային համավարակը «ջրի երես դուրս բերեց» գործատու-աշխատող հարաբերություններում առկա բազմաթիվ խնդիրներ՝ դառնալով խախտումների բացահայտման ու վեճերի առաջացման պատճառ։ Ամեն բան սկսվեց նրանից, որ Կառավարության կողմից հայտարարված աջակցության ծրագերից օգտվել ցանկացող աշխատողները պարզեցին, որ իրենք իրականում գրանցված աշխատողներ չեն և չունեն աշխատանքային պայմանագրեր։
Ներքաղաքական լարվածության արտաքին քաղաքական ազդեցությունը
02.09.2021
12:00
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ներքաղաքական լարվածության արտաքին քաղաքական ազդեցությունը» թեմայով:
Հայաստանի ինքնիշխանություն. չափազանցությու՞ն է
01.09.2021
12:00
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ զրուցեցինք «Հայաստանի ինքնիշխանություն. չափազանցությու՞ն է» թեմայով:
Բիրտ ուժի կիրառում ոստիկանների կողմից. պողպատե մանդատ ընդդեմ քաղաքացիների՞
31.08.2021
12:00
Օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց քննարկում «Բիրտ ուժի կիրառում ոստիկանների կողմից. պողպատե մանդատ ընդդեմ քաղաքացիների՞» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ