«Տեղի ունեցավ մի հեղափոխություն, որի կարոտն էինք»,- վերջին շաբաթներին Հայաստանում տեղի ունեցող դեպքերը որակեց Դավիթն ու ընդգծեց, որ սա միայն առաջին փուլի հաղթանակ կարող ենք համարել:
Նրա խոսքով կարևորագույն հեղափոխությունը տեղի ունեցավ քաղաքացիների գիտակցության մեջ, քանի որ երբ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն իր առաջին քայլերն էին անում միացել էին ûնդամենը 100-150 քաղաքացի, իսկ հետագա զարգացումներին բոլորն են լավատեղյակ:
«Թավշյա հեղափոխության ռազմավարական նշանակություն ունեցող փոփոխություններից մեկը քաղաքացի-ոստիկան պատը քանդելն էր, և սա տեղի ունեցավ այս օրերին: Ամենաազդեցիկ պահերից մեկը որ տեսել եմ՝ լացող ոստիկաններ, ոչ թե վախեցած, այլ՝ հուզված»,- մտաբերեց Դավիթը:
Կառավարության նոր կազմում Դավիթի համոզմամբ կան լավագույն թեկնածուներ, սակայն հարյուր այդպիսիք էլ կան դրանից դուրս: Քանի որ սա ժամանակավոր կառավարության կազմն է, ըստ նրա, երկար կյանք չի ունենա, որովհետր կա քաղաքական այդպիսի որոշում: Այս կառավարությունը պետք է նախապատրաստի նոր, ավելի ուժեղ, խորհրդարանում լուրջ հենք ունեցող կառավարությանը:
Նոր կառավարության կողմից առաջնային լուծում պահանջող խնդիրներից Դավիթ Սանասարյանն առանձնացրեց կոռուպցիայի բացառումը կամ զրոյին մոտեցումը և շղթայական մի շարք այլ խնդիրներ:
Անդրադառնալով աշխատանքին տրամադրվող ժամանակին և ընտանիքին` նա ասաց. «Ընտանիքիս անդամները գրեթե միշտ ինձ կարոտել են այս 11 տարիների ընթացքում՝ առավել ևս այս օրերին: Տղաներիս տեսնում եմ քնած, առավոտյան էլ նրանք են ինձ քնած տեսնում, շատ բարդ ու ծանր իրավիճակ է»:
Խոսելով նախասիրությունների մասին` Դավիթն առանձնացրեց հատկապես քայլելն ու կարդալը:
«Ամենաշատ գրքերը կարդացել եմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում անցկացրած 21 օրերի ընթացքում: Կարդացի Օտյանի «Ընկեր Փանջունին», որտեղ մեր քաղաքական դաշտի պատկերն է նկարագրված, 100 տարի առաջ և 100 տարի հետո ոչինչ չի փոխվել՝ կեղծ հեղափոխականներ, ժողովրդի մասին կեղծ մտահոգվողներ»,-ասում է Սանասարյանը և Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկը» խորհուրդ տալիս կարդալ բոլոր ընթերցասերերին:
Նա խոսեց նաև կրթական ոլորտին առնչվող իր մտահոգությունների մասին:
«Սովորելու տարիներին միջազգայի իրավունքի իմ դասախոսն աշխարհի 5 լավագույն դասախոսնեից մեկն էր: Նա մեզ գրքեր էր հանձնարարում ոչ թե կարդալու և պատասխանելու, այլ բանավիճելու համար: Մեր դպրոցներում, համալսարաններում կա անգիր անելու մեթոդը, և վստահ եմ, որ հեղափոխության կարևորագույն գործը պետք է լինի կրթական համակարգի փոփոխությունը: Մենք ավելի ուժեղ Հայաստան կունենանք, եթե ունենանք քննադատական մտածողություն ունեցող դպրոցականներ, ուսանողներ»,-ասաց Սանասարյանը:
Զրույցը Դավիթ Սանասարյանը եզրափակեց այն մտքով, որ առաջիկայում անկախ իր զբաղեցած պաշտոնից, շարունակելու է ծավալել ընդդիմադիր գործունեություն: