«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
ԱԺ 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանում աննախադեպ թվով օրենքներ են ընդունվել. ամփոփելով ԱԺ մոնիտորինգ 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները փետրվարի 15-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

«Նախորդ գումարման 2-րդ նստաշրջանը 90 օրենք է ընդունել, 6-րդ նստաշրջանի 2-րդը՝ 254 օրենք, որը երեք անգամ ավելի է: Այսինքն՝ ինտենսիվությունն օրենքներ ընդունելու առումով մեծացել է: Սրան նպաստել է նաև նոր կանոնակարգը, որով քննարկումներն անցնում են արագացված ռեժիմով, մասնավորապես՝ կրճատվել են ելույթների, հիմնական և հարակից զեկուցողներին և հարցերի համար տրված ժամանակը»,-նշեց Լուսինե Վասիլյանը:

Վերջինս ընդգծեց, որ ամենաշատը նախագծերին կողմ է քվեարկել ՀՀԿ-ն, ձեռնպահ «Ծառուկյան դաշինքը», դեմ՝ «Ելք»-ը:

«105 պատգամավորից 40-ը հարց, ելութ չի ունցել և միայն քվեարկել է: Նրանցից 14-ը «Ծառուկյան դաշինքից» է, 26-ը՝ ՀՀԿ-ից», - ասաց նա՝ հավելելով, որ ամենաշատ դեմ քվեարկած պատագմավորը «Ելք»-ից Լենա Նազարյանն է, իսկ ամենաշատ ձեռնպահ քվեարկածը «Ծառուկյան խմբակցությունից» Վահան Կարապետյանը:

Համաձայն մոնիտորինգի արդյունքների՝ ամենաակտիվ խմբակցությունը չնայած պատգամավորների սակավության, «Ելք» խմբակցությունն է: 9 հոգանոց խմբակցությունը 300-ից ավելի ելույթ ու հարց է հնչեցրել, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր անդամ միջինացված ցուցանիշով 10 ելույթ է ունեցել: Նույն ցուցանիշեը ՀՅԴ-ի համար 1 է կազմել:

Վասիլյանը նկատեց, որ ամենաբացակայած պատգամավորը ինչպես նախկին նստաշրջանի ժամանակ, այս անգամ ևս «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, ամենաակտիվ պատգամավորը 6-րդ գումարման երկու նստաշրջանում էլ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է:

Քննարկմանը ներկա, ծրագրի փորձագետ Մարիամ Բարսեղյանն իր հերթին նկատեց, որ 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների ընթացքում էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել։ Պատճառը ոչ թե սկանդալային պատգամավորների բացակայությունն է, այլ ԱԺ կանոնակարգ օրենքը։
«Ըստ էության, կարելի է արձանագրել, որ եթե ՀՀԿ-ն չցանկանա, ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով չի ձևավորվի։ Մինչդեռ նախորդ գումարման ընթացքում էթիկայի հանձնաժողովը ձևավորվում էր օրենքի պահանջով։ Կանոնակարգի փոփոխությունները հանել են այդ դրույթը։ Էթիկայի հանձնաժողով կարող է ձևավորել այն դեպքում, եթե կա կոնկրետ հարց։ Այս երկու նստաշրջանների ընթացքում ընդամենը  մեկ այդպիսի հարց նախագծի տեսք ստացավ։ Խոսքը Փաշինյան-Գեղամյան հայտնի միջադեպի մասին է»,- ասաց նա։

Քննարկմանը մասնակցող ԱԺ «Ելք» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը,  կարծում է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում ԱԺ-ի իրական դերակատարությունը, որ այն դառնա երկրում քաղաքականություն մշակող իրական ուժ, ինչ-որ տեղ մշակույթի հարց է: Միաժամանակ, ըստ նրա, խորհրդարանի մի շարք լիազորություններ, օրինակ՝ այն հնարավորությունները, որ տրված են ընդդիմադիր խմբակցություններին, այդպես էլ կմնան զուտ տեսական:

Ըստ դիտարկման արդյունքների՝ այս խորհրդարանի առաջին երկու նստաշրջաններում օրենսդրական նախաձեռնությունների առյուծի բաժինը՝ 90 տոկոսը, կառավարությանն է ընկնում:

ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, սա նորմալ է համարում, քանի որ հենց կառավարությունն է շատ ավելի լավ տիրապետում այս կամ այն բնագավառում օրենքների փոփոխության անհրաժեշտության փաստին:

Ընդդիմադիր պատգամավոր Արտակ Զեյնալյանը չի կարեւորում, որ կառավարությունն է ավելի շատ օրենքներ բերում: Նրա խոսքով՝ ընդունվող օրենքները մեծամասնությանն են, իսկ քաղաքական փոքրամասնության նախաձեռնություններն էլ չեն ընդունվում:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ նկատեց, որ այս խորհրդարանում նախագծերի նախնական քննարկումներին ավելի քիչ ժամանակ է հատկացվում, ինչի արդյունքում, սակայն, խորհրդարան են հասնում անորակ օրենքներ:

ԱԺ մոնիտորինգը դիտարկել էր նաև պատգամավորների հայտարարագրած գումարները, որի համաձայն ԱԺ բոլոր պատգամավորները միասին նախորդ տարվա մայիսի 18-ի դրությամբ, այսինքն՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել են 7 մլրդ 431 մլն դրամ, 35.9 մլն դոլար, 10.5 մլն ռուբլի, 7.5 հազար շվեյցարական ֆրանկ:

Փորձագետ Բաբկեն Թունյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, նշում է, որ եթե միջոցները վերածվում են դոլարի, ստացվում է, որ բոլոր պատգամավորները միասին ունեն շուրջ 61 մլն դոլարի չափ գումար:

«Մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, եթե համեմատում ենք սա նախորդ գումարման ԱԺ պատգամավորների հետ, դրամական միջոցների ծավալը նվազել է: Փոխարենն ավելացել է փոխառությունների ծավալը: Այսինքն՝ գնալով մարդիկ իրենց գումարը հայտարարագրում են ոչ թե փողով, այլ փոխառություն ձևակերպում են տալիս»,- ասաց Թունյանը:

Ըստ Թունյանի՝ վերլուծությունից պարզ է դարձել, որ Հայաստանի պատգամավորները նախընտրում են իրենց գումարը հիմնականում պահել դոլարով: Պատգամավորների 60 տոկոսը հենց դոլարային դրամական միջոցներ ունեն:

Ըստ փորձագետի՝ ամենաշատ դրամական միջոցներն ունի ՀՀԿ խմբակցությունը՝ 15,4 մլրդ դրամին համարժեք գումար բոլոր արժույթներով: Երկրորդ տեղում Ծառուկյան դաշինքն է՝ 13,9 մլրդ դրամ, ՀՅԴ-ն՝ 189 մլն դրամ և Ելքը՝ 35,5 մլն դրամ: Մեկ պատգամավորի միջին դրամական եկամուտների հաշվով, սակայն, առաջին տեղում Ծառուկյան դաշինքն է: Եթե ՀՀԿ խմբակցության մեկ պատգամավորի հաշվով միջին գումարը 285,3 մլն դրամ է, Ծառուկյան դաշինքում այդ թիվը մոտենում է 450 մլն դրամի: Դա պայմանավորված է մեկ անձով՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած միջոցներով:

Ամենաշատ դրամական միջոցներ հայտարագրած պատգամավորներից առաջին տեղում Գագիկ Ծառուկյանն է՝ 9 մլրդ 90 մլն դրամ կամ 18.8 մլն դոլար, երկրորդ տեղում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է՝ 4 մլրդ 249.8 մլն դրամ կամ 8.8 մլն դոլար գումարով:

Ընդհանուր առմամբ, ըստ Թունյանի, ԱԺ-ում կա թվով 11 դոլարային միլիոնատեր:

Նրանցից 6-ը ՀՀԿ-ից են, 5-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Հայտարարագիր լրացրած 101 պատգամավորից 26-ը հայտարարագրել է զրոյական դրամական միջոց։

Պատգամավորները եկամուտ ստանալու տարբեր աղբյուրներ են նշել, այդ թվում՝ ստացված փոխառություններ, նվիրատվություններ, աշխատավարձ և այլն:

Ամենաշատ եկամուտներ հայտարարագրած պատգամավորների հնգյակը հետևյալն է՝ Գագիկ Ծառուկյան, Աշոտ Արսենյան, Արկադի Համբարձումյան, Հերմինե Նաղդալյան, Արամ Հարությունյան:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Հայտարարություն
27.03.2020
17:00
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։
«Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին»
27.03.2020
10:30
Մեդիա կենտրոնն իրականացրեց հեռավար հարցազրույց Կանադայում բնակվող Դավիթ Սանդուխչյանի՝ «Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին» թեմայով։ Դավիթ Սանդուխչյանն ինտերնետ ոլորտի իրավաբան է և հարցազրույցի ժամանակ կիսվում է իր մտահոգություններով և տեսլականով, խոսում հայաստանյան և համաշխարհային ինտերնետ կապի որակի, առկա մարտահրավերների և լուծումների մասին։
Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան
26.03.2020
20:02
Երեկ՝ մարտի 25-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է խոշտանգման գործով տուժող ճանաչված քաղաքացու շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ու դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խոշտանգման գործով ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռը, գործը ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր ծավալով քննության։
Սովորենք սիրել ու պահպանել միմյանց
26.03.2020
19:54
Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում հոգեբանները՝ նվազագույն էմոցիոնալ կորուստներով հաղթահարելու համաշխարհային մասշտաբի այս ճգնաժամը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի հետ: