«Իրավական գնահատական ՍԴ որոշմանը. համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառքը ճանաչվեց հակասահմանադրական»
06.02.2018
12:00
Սահմանադրական դատարանը 2018թ. հունվարի 30-ին բավարարել է «Հետաքննող լրագրողների» հայցը. ՍԴ-ի հրապարակած որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի այն դրույթը, ըստ որի, համայնքային հողերի աճուրդ-վաճառքը պետք է անցկացվի փակ:

Այս մասին փետրվարի 6-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը և փաստաբան Արա Ղազարյանը:

Սառա Պետրոսյանը ներկայացրեց, որ աճուրդ-վաճառքների մասին առաջին հրապարակումները եղել են դեռևս 2014 թվականին, երբ համայնքներում աշխատանքի ժամանակ փորձ էին արել մասնակցելու որոշ աճուրդների, այնտեղ կոռուպցիոն ռիսկեր տեսել և մի շարք խոչընդոտների բախվել:

«Առաջին խոչընդոտն այն էր, որ մեզ կտրուկ արգելվեց համայնքներում աճուրդների մասնակցել, մեզ ցույց էին տալիս Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ կետը և ասում, որ օրենքով է արգելված, և իրենք ոչինչ չեն կարող անել: Երբ արդեն մոնիթորինգային ուսումնասիրություն էինք սկսել, կային համայնքներ էլ, որտեղ թույլ էին տալիս և այդ խոչընդոտը չէին էլ ստեղծում: Տարիների ուսումնասիրությունը հստակ պարզեց մեկ բան. անկախ այն բանից` աճուրդը բա՞ց կլիներ, թե՞ փակ, կոռուպցիոն մեծ խնդիր ուներ, որովհետև շատ արհեստական էր, այսինքն` աճուրդ ասվածը գոյություն չուներ: Կար պայմանավորվածություն համայնքի ղեկավարի հետ, համայնքային գույքը վաճառողը և գնորդը համաձայնության էին գալիս ինչ-որ գումարի շուրջ, արհեստականորեն երկրորդ դիմում էր մուտք արվում, սակարկություն տեղի չէր ունենում, և գույքը վաճառվում էր անգամ հողերի կադաստրային արժեքից շատ ցածր գներով, այսինքն` տեղի էր ունենում համայնքային գույքի փոշիացում, չէր ծառայեցվում համայնքին, և կար կոռուպցիոն մի շատ մեծ շղթա, որը սկսվում էր համայնքի ղեկավար-մարզպետ-կադաստր համագործակցությամբ»,-ասաց Սառա պետրոսյանը:

Բացի հրապարակումներից, ուսումնասիրությունները ներկայացվել են նաև ՀՀ Կառավարության հակակոռուպցիոն խորհուրդ և ընդգրկվել նիստերի օրակարգ. «Երեք անգամ զեկուցել եմ, մանրամասն քննարկումներ են եղել, և տպավորությունն այն էր, որ բոլորն էլ հասկացել ու ընկալել են, թե ինչի՛  մասին է խոսքս: Բայց, ցավալիորեն, քննարկումներից հետո գործնականում խնդրին ընթացք չտրվեց»:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության շահերը Սահմանադրական դատարանում ներկայացրել են փաստաբան Արա Ղազարյանը և իրավապաշտպան, այժմ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ովքեր չորս տարի շարունակ դատարանից դատարան են գնացել այս հարցով։

«Մենք մտանք վեճի մեջ Ազգային ժողովի հետ, դատական համակարգի, գործադիր իշխանության և ՏԻՄ մարմինների հետ: Այդ ողջ հզոր բանակի հետ մտանք վեճի մեջ և հաղթեցինք»,- շարունակեց Զեյնալյանը,-«Մենք գտնում էինք, որ անձը, լրագրողը, հետաքննող լրագրողը, պետք է հնարավորություն ունենա անձամբ ներկա գտնվել աճուրդներին, դիտարկել դրանք, տալ իրենց կողմից ընկալված տեղեկատվությունն ու լուսաբանել: Ողջ համակարգը՝ օրենսդիրը, դատականը, գործադիրը, գտնում էին, որ ոչ՝ օրենքով սահմանված է, որ կարող են ներկա գտնվել միայն իրենք իրենց նեղ շրջապատով և ինչ ուզեն անեն»:

Մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը, Արա Ղազարյանը հստակեցրեց՝ այն վերաբերում է ոչ այնքան աճուրդների խնդրին, որքան խոսքի և տեղեկատվության ազատությանը։

«Միտքը նրանում է, որ համայնքը, ինչպես մենք հայտարարեցինք, ուզում է և իրավունք ունի իմանալ, թե ով և ինչպես է գնում իրենց հողերը: Խոսքը հիմնականում «ինչպեսի» մասին է, որովհետև կոռուպցիան հիմնականում թաքնված է «ինչպեսի» մեջ: Եվ նրանք, ովքեր ցանկանում են համայնքի հողերը չափազանց էժան գներով վաճառել կոռուպցիոն եղանակով, առաջին հերթին կտրում են խոսքի ազատության ճանապարհը, թույլ չեն տալիս, որ լրագրողը կամ համայնքի ներկայացուցիչը ներկա լինի պրոցեսին, որպեսզի տեսնի, թե ինչ խախտումներով է հողը վաճառվում»,- ասաց Ղազարյանը:

Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ օրենքում փոփոխություններն ուժի մեջ են մտել հենց հրապարակման պահից. «Սահմանադրական դատարանի որոշումը բարձր է, քան օրենքը, այն ուժի մեջ է մտել հրապարակման պահից և պարտադիր է բոլորի համար»:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Արցախում բազմակարծությունը հաղթեց. ընտրությունները միանշանա՛կ հաջողված են
01.04.2020
18:40
Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ստացավ ձայների 49,26% -ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը, Վիտալի Բալասանյանը` 14,7%-ը։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
Նախագահական ընտրություններին զուգահեռ ՝անցկացվեցին նաև խորհրդարանական ընտրություններ: Ամենաբարձր՝ 40 % ձայն ստացավ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։
Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Տոտալ վերահսկողության չինական մոդել․ ինչպես կաշխատի Հայաստանում․ Դավիթ Սանդուխչյան
01.04.2020
13:59
Ազգային ժողովը երեկ՝ մարտի 31-ին, երկրորդ անգամ արտահերթ նիստ հրավիրեց, երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը: Ինչով էին պայմանավորված օրենսդիր մարմնի շուտափույթ գործողությունները: Ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն այս օրինագծով, որքանով է այն կիրառելի, ինչի մասին է խոսում միջազգային փորձը. այս և այլ հարցերի մասին Մեդիա կենտրոնը զրուցել է Կանադայում բնակվող իրավաբան Դավիթ Սանդուխչյանի հետ:
Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված
31.03.2020
20:03
Այսօր՝ մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ի թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:
Արտակարգ դրության ժամանակ ոչ մի անձնական կյա՞նք. փորձագետների կարծիքներ
30.03.2020
16:00
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ