«Սասնա ծռերի» գործով դատավարությունն ու մեղադրյալների պահման պայմանները. մտահոգություններ և դիտարկումներ
22.01.2018
11:00
«Սասնա ծռերի» գործով դատավարությունը մի գործընթաց է, որը արդարադատության հետ ընդհանրապես կապ չունի: Այս մասին հայտարարեցին «Սասնա ծռերի» գործով դատապաշտպաններ Արա Ղարագյոզյանը, Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյան հունվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» անվամբ զինված խումբը 2016թ. հուլիսի 17-ին գրավել էր Երևանում տեղակայված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը, որին հաջորդեցին քաղաքացիական ընդվզումներ և բողոքի ակցիաներ` ի սատարում «Սասնա ծռեր»  խմբավորման պահանջների: Տասը օրից ավելի տևած լարվածությունից և բախումներից հետո 2016 թ. հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները հանձնվեցին իրավապահներին:

Իրադարձություններից գրեթե մեկ տարի անց` 2017թ. հունիսին, մեկնարկեց «Սասնա ծռերի» գործով դատավարությունը, որը շարունակվում է մինչ օրս:

Դապատապաշտպանները «Սասնա ծռեր» խմբավորման անդամների ապսամբության հիմքը համարում են բացառապես ապստամբության իրավունքը, ինչը բնական իրավունք է և ամրագրված է մի շարք միջազգային փատաթղթերում և զարգացած ժողովրդավարական պետությունների մեծ մասի սահմանադրություններում:

Տիգրան Հայրապետյանն այն կարծիքին է, որ իշխանությունները, փորձելով զերծ մնալ քաղաքական հայտարարություններից, ամեն ինչ արել են, որպեսզի դատավարությունը քաղաքական ենթատեքստից գնա դեպի զենքով կատարված հանցագործություն, և բողոքի ձայն բարձրացնելու դեպքում պաշտպանյալների նկատմամբ կիրառվել են սանկցիաներ:

«Իշխանությունները ընդունել են ապստամբության իրավունքի գոյությունը և դիտավորյալ դեպքերը աղավաղել են, որպեսզի քաղաքական բոլոր գործոնները վերացվեն և փաստերը խեղաթյուրվեն: Մեր իշխանությունները այս վարքագծով իրենք են ընդունել, որ «Սասնա ծռերի» կատարած գործողությունները բացառապես քաղաքական դաշտում են»,- ասաց նա:

Արայիկ Պապիկյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր դատավոր սեփական հայեցողությամբ է մեկնաբանում գործընթացը, որը պետք է իրականացվի մեկ սկզբունքով՝ քրեական դատավարության օրենսգրքի սահմանված կարգով:

«Այս ութ ամիսների ընթացքում մենք օրինականության դաշտում դեռևս ոչ մի աշխատանք չենք կատարել: Բնականաբար նման պայմաններում չենք կարող ակնկալել, որ արդյունքում մենք արդարադատության անունից կայացրած դատական ակտ կարող ենք ունենալ»,-ասաց Պապիկյանը:

Մուշեղ Շուշանյանը այս գործընթացը քաղաքական հաշվեհարդար է համարում և, խոսելով ապստամբության բնական իրավունքի մասին, նշում.

«Եթե պաշտպանյալները ապստամբության իրավունքն են իրացրել, ապա նրանց նկատմամբ քրեական հետապնդում առհասարակ իրականացվել չէր կարող: Քրեական հետապնդում կարող է իրականցվել օրինակ զոհված ոստիկանների մահվան հանգամանքները քննելու, պարզելու հարցի շուրջ»:

ԱրաՂարագյոզյանն էլ ասում է, որ նիստերի առաջին իսկ օրվանից դատապաշտպաններն նշում են, որ որևէ դատավոր չի կարող այս գործով դատավարություն իրականացնել և հավելեց, որ խոշտանգումները պարբերական բնույթ էին կրում, բոլոր միջոցները գործադրվում էին, որ այս դատական նիստերը տապալվեն, փատաբանների նկատմամաբ ճնշումներ գործադրեն:

«Հովհաննես Հարությունյանը և այլ անձինք խոշտանգումների են ենթարկվում, պատշաճ բուժօգնություն չեն ստանում: Նմանատիպ գործողություններով իշխանությունները կրկին անգամ հաստատում են, որ սա նրանց ապօրինի գործողությունների հետևանքն է»,-ասաց Ղարագյոզյանը:

Խոսելով Նուբարաշեն քրեականտարողական հիմնարկում մեղադրյալների պահման պայմանների մասին՝ Մուշեղ Շուշանյանը նշեց, որ դրանք, մեղմ ասած, անմարդկային են և անհամատեղելի մարդու արժանապատվության հետ:

«Այնտեղ բացակայում են ամենանվազագույն կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները: Երկու ժամ այդ քրեակատարողական հիմնարկում անցկացնելուց հետո ինձ մոտ գլխացավեր են սկսվում, տարօրինակ զգացողություններ, նյարդայնություն: Պատկերացրեք՝ մարդիկ ամիսներով, տարիներով պահվում են այդ պայմաններում՝ չհաշված, որ շատ սահմանափակ տարածության մեջ են՝ գերբնակեցված 10-15 մարդկանցով, որտեղ շատ հաճախ բոլորը մահճակալ չեն ունենում»,-ասաց Շուշանյանը:

Ինչ վերաբերում է բուժօգնություն ցուցաբերելուն՝ փաստաբանը հավելեց, որ այնտեղ գլխացավի դեղից, ճնշում և ջերմություն չափելուց բացի որևէ բան չի արվում: Այնպիսի դեպքերը, երբ առողջական խնիրներ ունեցող անձը որևէ պատշաճ բուժօգնություն չստանալու արդյունքում մահացել է, բազմաթիվ են: Գործերի մի մասը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Արայիկ Պապիկյանն  էլ ընդգծեց, որ պաշտպանական կողմը վերոհիշյալ և մյուս առկա խնդրիրների մասին մշտապես բարձրաձայնել է, սակայն, ցավոք, դեռևս չկա այն գործընթացը, որը պետք է տեղի ունենար:

«Մեր պաշտպանյալներից շատերի նկատմամբ սպանության փորձ կատարվեց, մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա՝ արդյոք իրավաչափ կամ համաչափ է եղել այդ արարքը: Իշխանությունները ստիպված են այս անձանց նկատմամբ շինծու քրեական մեղադրանքներ առաջադրելով շեղել հանրության ուշադրությունը ապստամբելու իրավունքից»,-ասաց Պապիկյանը:

Մուշեղ Շուշանյանը հավելեց, որ իշխանությունները ներգրավել են հանրային պաշտպանների, որ անհրաժեշտության դեպքում նրանց զուտ ֆիզիկական, ձևական ներկայությունը դատական նիստերի դահլիճում ապահովելով, համարեն, որ պաշտպանյալների պաշտպանության իրավունքը ապահովված է:

«Սա է իմ հիմնական մտահոգությունը և, ամենայն հավանականությամբ այսպիսի սցենարով են շարժվելու»,- հավելեց Շուշանյանը:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Արցախում բազմակարծությունը հաղթեց. ընտրությունները միանշանա՛կ հաջողված են
01.04.2020
18:40
Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն ստացավ ձայների 49,26% -ը, Մասիս Մայիլյանը՝ 26,4%-ը, Վիտալի Բալասանյանը` 14,7%-ը։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել, ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։
Նախագահական ընտրություններին զուգահեռ ՝անցկացվեցին նաև խորհրդարանական ընտրություններ: Ամենաբարձր՝ 40 % ձայն ստացավ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» քաղաքական ուժը։
Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Տոտալ վերահսկողության չինական մոդել․ ինչպես կաշխատի Հայաստանում․ Դավիթ Սանդուխչյան
01.04.2020
13:59
Ազգային ժողովը երեկ՝ մարտի 31-ին, երկրորդ անգամ արտահերթ նիստ հրավիրեց, երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիների տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու նախագիծը: Ինչով էին պայմանավորված օրենսդիր մարմնի շուտափույթ գործողությունները: Ինչ նպատակ է հետապնդում իշխանությունն այս օրինագծով, որքանով է այն կիրառելի, ինչի մասին է խոսում միջազգային փորձը. այս և այլ հարցերի մասին Մեդիա կենտրոնը զրուցել է Կանադայում բնակվող իրավաբան Դավիթ Սանդուխչյանի հետ:
Փաշինյանի զանգը Լուկաշենկոյին կբնութագրեի որպես չհաշվարկված
31.03.2020
20:03
Այսօր՝ մարտի 31-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը: Այս լուրը տարածել է բելառուսական «Բելտա» տեղեկատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ ի թիվս այլ հարցերի՝ «Լուկաշենկոն և Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:
Արտակարգ դրության ժամանակ ոչ մի անձնական կյա՞նք. փորձագետների կարծիքներ
30.03.2020
16:00
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ