«Ճապոնիան նույնպես ԵՄ-ի հետ պատրաստվում է առաջիկայում ստորագրել տնտեսական համագործակցության համաձայնագիր: Դրա շնորհիվ Հայաստանը և Ճապոնիան Եվրամիության միջոցով կկարողանան ավելի սերտ համագործակցության ուղիներ փնտրել…Կարծում եմ, Հայաստանը, լինելով միակ երկիրը աշխարհում, ով անդամակցում է ԵԱՏՄ-ին և արդեն ունի ստորագրված համաձայնագիր ԵՄ-ի հետ, դա առավելություններից մեկն է, որը կհետաքրքրի ամբողջ աշխարհի թեˊ ներդրողներին, թեˊ նրանց, ովքեր կցանկանան ինչ-որ կազմակերպություն կամ արտադրանք ստեղծել Հայաստանում: Այդ երկրների թվում է նաև Ճապոնիան»,- հայտարարեց Ճապոնիայի դեսպանը ասուլիսին:
Հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված մամլո ասուլիսին Էյջի Տագուչին ասաց, որ կան բազմաթիվ ոլորտներ, որոնք հետաքրքրում են Ճապոնիային Հայաստանի հետ համագործակցելու համար:
Հայաստան-Ճապոնիա տնտեսական հարաբերություններ
Ինչպես հայտնի է, Ճապոնիայից Հայաստան է ներկրվում հիմնականում ավտոմեքենաներ, էլեկտրական սարքավորումներ, ծանր արդյունաբերական տեխնիկա:
«Կարծում եմ լավ կլինի, որ հետագայում հնարավորություն ընձեռնվի Ճապոնիայից Հայաստան ներկրել բժշկական սարքավորումներ և տեխնիկայի մասեր: Կարծում եմ, դա կհետաքրքրի հայաստանյան շուկային»,-նշեց Էյջի Տագուչին:
Ինչ վերաբերում է Հայաստանից Ճապոնիա ապրանքատեսակների արտահանմանը, դեսպանը շեշտեց, որ Ճապոնիայում շատ հետաքրքրված կլինեն հայկական գինով, մեղրով և մրգաչրերով:
«Ամեն տարի Ճապոնիայում կազմակերպվում է «ֆուդ էքսպո»: 2018-ին, երբ կազմակերպվի հերթականը, կլինեն նաև մասնակիցներ Հայաստանից, ովքեր կներկայացնեն իրենց արտադրած գինին, մեղրը, մրգաչրերը, որն էլ կարող է խթան հանդիսանալ հետագայում այս ապրանքները արտահանելու համար»,-ընդգծեց Ճապոնիայի դեսպանը:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ Ճապոնիայում կա հայկական այնպիսի մի արտադրանք, որը Ճապոնացիների մեծամասնությունը ճանաչում է: Դա հայկական կոնյակն է` Արարատը, որի մասին ճապոնացիները գիտեն դեռ Խորհրդային միության ժամանակներից:
«Գինիներից Ճապոնիայում լավագույնն են համարում վրացական գինիները, սակայն հայկական գինիները նույնպես օրըստօրե ավելի լայն տարածում են գտնում Ճապոնիայում»,-շեշտում է դեսպանը:
Նորարարական տեխնոլոգիաներ, տուրիզմ և գուղատնտեսություն. սրանք էլ այն ոլորտներն են, որոնք դեսպանի խոսքով, հետաքրքրում են Ճապոնիային Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ:
«Այս տարի շատ կարևոր տարի է, շատ մոտ ապագայում մեր կառավարությունների միջև կստորագրվի ներդրումների համատեղ ծրագիր, որը ինքնին խթան կհանդիսանա երկու երկների ներդրումների ծավալի ավելացման համար: Այն ավելի շատ ուղեցույց և ընթացակարգ է լինելու երկու երկրների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ»,-նշեց պարոն դեսպանը:
Հայաստան-Ճապոնիա մշակութային կապեր
Ճապոնիան մեծ կարևորություն է տալիս նաև Հայաստանում մշակութային միջոցառումների անցկացմանը և ամեն տարի անցկացնում ճապոնական ֆիլմերի փառատոն: Այս տարի անցկացվեց 12-րդը:
«Ամենամյա ֆիլմերի փառատոնից բացի մենք անցկացրել ենք շատ այլ մշակութային միջոցառումներ, որոնց թվին են դասվում մարտարվեստների` արդեն թվով երկրորդ փառատոնը, ճապոնական ազգային արվեստների ցուցահանդեսը, ազգային երաժշտությանը նվիրված միջոցառումներ և այլն: Հետագայում նույնպես կազմակերպելու ենք նմանատիպ միջոցառումներ խթանելու համար երկու երկրների և ժողովուրդների միջև փոխըմբռնումը»,-հավելեց դեսպանը:
Որպեսզի Հայաստանը տուրիզմի տեսանկյունից դառնա գրավիչ ճապոնացիների համար և շատ ճապոնացի զբոսաշրջիկներ այցելեն, ըստ դեսպանի, կան մի շարք կարևոր կետեր, որոնց վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի:
«Դրանց թվում են լավ ճանապարհները, լավ հյուրանոցները և լավ սպասարկումը, ինչպես նաև ճապոներենին տիրապետող լավ թարգմանիչները: Ճապոնիայում զբոսաշրջիկները մեծ մասը 60-անց մարդիկ են և ճանպարհորդելիս նրանք կարևորում են հարմարավետությունը, ճանապարհների լավ որակը ու հյուրանոցների լավ սպասարկումը, որի վրա Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի»,-ասաց Էյջի Տագուչին:
Ասուլիսի վերջում դեսպանը ուրախությամբ նշեց, որ այս տարվա սեպտեմբերի 6-ին Հայաստանի կառավարությունը վերացրեց վիզային ռեժիմը Ճապոնիայի քաղաքացիների համար և փոխադարձության սկզբունքով պարզեցվեց վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար Ճապոնիա մեկնելու համար: