«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
01.12.2017
12:00
Ազգ-բանակ» հայեցակարգը կամ ծրագիրը դեռեւս բյուրեղացման կարիք ունի, այն միասնական փաստաթղթի տեսքով ներկայացված չէ, իսկ այդ տրամաբանության ներքո իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու զինված ուժերում կատարվող ռեֆորմները հաճախ ներկայացվում են վիճելի ձեւով ու ստեղծում ընդհանուր բացասական ֆոն:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած «Հայաստանի անվտանգության խնդիրները. բարեփոխումների արդյունավետությունը պաշտպանության ոլորտում» թեմայով հարցազրույց-ասուլիսի ժամանակ հայտարարեց «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը:

Ասուլիսի սկզբում նա հայտարարեց, որ «Ազգ-բանակ» եզրը ՊՆ-ի մտահղացումն չէ: «Ազգ-բանակ եզրի մասին առաջինը խոսել է Ժիրայր Սեֆիլյանը», - հիշեցրեց ՊՆ-ի հետ զինված ուժերում ռեֆորմների հարցում համագործակող «ԱրԱր» հիմնադրամի նախագահը: Նա ընդունեց, որ դժվար է խոսել այդ հայեցակարգի մասին, քանի դեռ այն որպես միասնական փաստաթուղթ դեռեւս ներկայացված չէ քննարկման: «Այս կոնցեպցիան իսկապես բյուրեղացման կարիք ունի», - ասաց նա:
Բանախոսը նկատեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը կաղում է նաեւ հանրային կոնսենսուսի, վստահության ցածր մակարդակի պատճառով:

«Այսօրվա իշխանությունները շատ ավելի լուրջ ջանքեր կարող էին գործադրել անվտանգության խնդիրների շուրջ հասարակական կոնսենսուս ապահովելու համար: Սակայն դա չի արվել, ավելին՝ զինվորական ծառայության մասին վերջին օրենքի շուրջ քննարկումները, որով սահմանափակվում էր նաեւ ուսումնական տարկետումը, ցավոք, վերածվեցին բանակում ծառայել-չծառայելու մասին խոսակցությունների», - ասաց նա՝ ընդգծելով, որ սա ոչ մի կերպ չի նպաստում բանակի կամ «Ազգ-բանակ» կոնցեպտի նկատամամբ հանրային վստահության աճին:

Բացի այդ, նրա խոսքով, հանրության մոտ հարցեր են առաջանում, երբ Զինված ուժերում ռեֆորմներն առաջ են մղում իշխանությունում մարդիկ, որոնք, պարզվում է, նորմալ զինվորական ծառայության փորձ էլ չունեն:

Նրա խոսքով, 2016 թ-ի ապրիլյան պատերազմը լավ հնարավորություն էր մեծ թվով բարեփոխումներ իրականացնելու և հասարակական համաձայնություն կառուցելու համար, եւ այս իմաստով նա «հիասթափված է պաշտպանության նախարարության ղեկավարությունից»:

Միեւնույն ժամանակ Չալաբյանը վստահ է, որ երկու կողմից շրջափակված ու պատերազմի վերսկսման վտանգի տակ գտնվող Հայաստանի համար «Ազգ-բանակ» կոնցեպտն անհրաժեշտություն է:

«Մենք ունենք անվտանգության սպառնալիքներ, ուստի ռեսուրսների մոբիլիզացիայի ու դրանց արդյունավետ կառավարման սուր կարիք ունենք», - նշեց նա, այս հարցում կարեւորեց հանրային նոր դաշինքի ու կոնսենսուսի ձեւավորումը:

Դիտարկմանը, թե արդեն իսկ կա հանրային դաշինք պետության հետ Սահմանադրության տեսքով, սակայն շատերը խզում են այն արտագաղթի տեսքով, Չալաբյանը պատասխանեց. «Խոսքը արդյունավետ կառավարումից բխող հանրային վստահության աճի մասին է»: Նրա խոսքով, այսօր ՀՀ զինված ուժերը «գրագետ ու խիզախ» միջին սպայական կազմի պակաս սուր կարիք ունեն:

«Վերջին տաս տարում այդ պրոֆեսիոնալիների թիվը կրճատվել է: Տաս տարի առաջ սպան բանակում ամենաբարձր վարձատվող ու հարգի մասնագիտություններից էր, ուստի եւ գրավիչ: Բայց երկրի ղեկավարությունն ուշադրություն չդարձրեց խնդրին եւ նրանց աշխատավարձերը մնացին նույնը, իսկ ծառայության պայմանները բարդացան», - ասաց նա ու հավելեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմից զոհերի 30 տոկոսը սպայական կազմից էին:

«Ուստի այժմ սպա լինելը ոչ միայն գրավիչ չէ վարձատրության տեսանկյունից, այլեւ վտանագվոր է: Երբ զինված ուժերի 10 տոկոսն է սպայական կազմը, սակայն զոհերի 30 տոկոսը, նշանակում է նրանք առաջնագծում են ծառայում, եւ իրենց վրա են վերցրել հարվածը»,- ասաց նա:

Քննարկմանը ներկա քաղաքագետ Արմեն Գրիգորյանը բարձրացրեց հետեւյալ բարձրացրեց «Ազգ-բանակի» կոնցեպտի շրջանակներում բեռը հանրության, ոչ թե պետության վրա դնելու մասին մտահոգությունը: «Ավելի շատ բեռը հանրության վրա է դրվում՝ զինծառայողների սոցապահովության ֆոնդ է ստեղծվում ու փողը հավաքվում է հանրությունից: Նոր օրենք է անցկացվում եւ խիստ սահմանափակվում է տարկետման իրավունքը: Այսինքն, չեն կատարվում քայլեր պետական համարկարգում իրավիճակի բարելավման, կոռուպցիայի նվազման, բանակում խնդիրների կարգավորման ուղղությամբ, այլ բեռը տեղափոխում հանրության վրա»,- նկատեց նա:

Չալաբյանն այս մտահոգության հետ մասնակիորեն համաձայնեց՝ նշելով, որ հասարակությունը և բանակը համեմատության մեջ ավելի զարգացած ու կայացած են, քան այլ օղակները. ամենաթույլ հատվածը պետությունն է: Ըստ փորձագետի՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրը պետականաշինության գործում կարևորագույն դրույթներ է պարունակում:

«Մեզ իսկապես պետք են առկա սահմանափակ ռեսուրսների ճիշտ կառավարում իրականացնել: Ադրբեջանը 2010 թվականից սկսած, կարողացել է սպառազինությունների ձեռքբերման վրա ծախսել մոտ յոթ անգամ ավելի շատ փաստացի ռեսուրսներ, քան Հայաստանը։ Նույն այդ յոթ տարիների ընթացքում Հայաստանում տարեկան զորակոչային ռեսուրսը պակասել է 40%-ով, թե 90-ական թվերին ծնելիության կտրուկ անկման, եւ թե շարունակվող արտագաղթի արդյունքում: Սակայն այս հարցերը կարելի է կարգավորել ճիշտ մենեջմենթի արդյունքում, որպեսզի քո ռեսուրսները հակառակորդի հետ համեմատած օգտագործես մեկը երեքի կամ չորսի արդյունավետությամբ», - ընդգծեց նա:

Հարցին՝ այնպիսի չկայացած կուսակցա-քաղաքական համակարգ ունեցող պետությունում, ինչպիսին ՀՀ-ն է, որտեղ չկան քաղաքական հակակշիռներ, մտավախություն կա՞, որ «Ազգ-բանակ» կոնցեպտի իրականացման հետեւանքով ուժայինները գերակայություն կհաստատեն նաեւ քաղաքական ոլորտում, Չալաբյանը նման հավանականությունը չբացառեց:

«Ասել, որ դրա հավանականությունը չկա, նշանակում է չհասկանալ պատմությունը: Սակայն Հայաստանի պայմանները տարբերվում են: Կա արտաքին վտանգ եւ մեր զինված ուժերը ոչ թե այն կառույցներն են, որ վտանգ են ներկայացնում իր քաղաքացիների համար, ապահովում են հասարակության անվտանգությունը», - ասաց նա՝ բերելով Իսրայելի օրինակը: «Այնտեղ բանակում ծառայելն այնուհետեւ պետակական համակարգում առաջ շարժվելու կարեւոր նախապայման է: Բացի այդ «8200 Ստորաբաժանումը», որը զբաղվում է գիտական, տեխնոլոգիական, ինֆորմացիոն, քարոզչական եւ այլ համանման խնդիրներով: Այնտեղ ծառայելուց հետո մարդն աշխատաշուկայում շատ մրցունակ է դառնում, եւ նրանց համար գործատուները սկսում են մրցել», - ընդգծեց նա՝ կարեւորելով զորակոչային ռեսուրսի ճիշտ ու ռացիոնալ օգտագործման հարցը:

Այս համատեքստում նա նաեւ նշեց՝ ՊՆ-ի հետ համաձայն չէ «Պատիվ ունեմ» ծրագրի այն դրույթի հետ, որ տարկետումները կտրամադրվեն միայն հետագայում առաջնագծում եռամյա սպայական ծառայություն իրականացնելու դիմաց: Սա ի սկզբանե զգալիորեն սահմանափակում է այդ ծրագրի գրավչությունը եւ կիրառական իմաստը հնարավոր մասնակիցների համար, հավելեց նա:
«Ակնհայտ է, որ այդ երեք տարվա ընթացքում շատերի ստացած մասնագիտական կրթությունը առաջնագծի իրական պայմաններում զգալի չափով կարժեզրկվի, եւ ծրագրից վերադարձողները ստիպված են լինելու նորից սկսել, իսկ այդ պարագայում զինվորական ծառայությունից խուսափածները ակնհայտ առավելություն են ստանալու: Ուստի մենք առաջարկում ենք, որպեսզի տարկետում ստացած կրթությունից հետո երեք տարի ծառայություն անցնի ըստ նշանակության: Այդ կադրերը կարող են բանակի այլ օղակներում մեծ նպաստ բելեր երկրի պաշտապնության ամրապնդմանը», - եզրափակեց Ավետիք Չալաբյանը։

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աշխատանք, թե պատվաստում․ ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները
16.09.2021
17:41
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Հոկտեմբերի 1-ից, աշխատող այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, պետք է ամսվա ընթացքում 2 անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուին։

Պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելն ըստ Արդարադատության նախարարության՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի սահմանվել է իբրև հանրային պաշտոնյային աշխատանքից ազատելու հիմք։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում
07.09.2021
16:01
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան

Կորոնավիրուսային համավարակը «ջրի երես դուրս բերեց» գործատու-աշխատող հարաբերություններում առկա բազմաթիվ խնդիրներ՝ դառնալով խախտումների բացահայտման ու վեճերի առաջացման պատճառ։ Ամեն բան սկսվեց նրանից, որ Կառավարության կողմից հայտարարված աջակցության ծրագերից օգտվել ցանկացող աշխատողները պարզեցին, որ իրենք իրականում գրանցված աշխատողներ չեն և չունեն աշխատանքային պայմանագրեր։
Ներքաղաքական լարվածության արտաքին քաղաքական ազդեցությունը
02.09.2021
12:00
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ներքաղաքական լարվածության արտաքին քաղաքական ազդեցությունը» թեմայով:
Հայաստանի ինքնիշխանություն. չափազանցությու՞ն է
01.09.2021
12:00
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ զրուցեցինք «Հայաստանի ինքնիշխանություն. չափազանցությու՞ն է» թեմայով:
Բիրտ ուժի կիրառում ոստիկանների կողմից. պողպատե մանդատ ընդդեմ քաղաքացիների՞
31.08.2021
12:00
Օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց քննարկում «Բիրտ ուժի կիրառում ոստիկանների կողմից. պողպատե մանդատ ընդդեմ քաղաքացիների՞» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ