Այս մասին նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին ասաց «Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանը` ներկայացնելով իրենց կողմից իրականացրած ուսումնասիրության արդյունքները:
«Մենք՝ լրագրողներս, միշտ առաջին շարքերում ենք, երբ որևէ մարդու իրավունք է խախտվում, սակայն շատ հաճախ, ցավոք, երբ հերթը հասնում է մեր իրավունքներին, նույնքան ջատագով չենք»,- ասաց Արման Ղարիբյանը:
Հետազոտության նպատակներով ուսումնասիրել են միջազգային օրենսդրական փորձը (ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր և այլն) և միջազգային պրակտիկան՝ համադրելով և համեմատելով հայաստանյան օրենսդրության և պրակտիկայի հետ:
«Լրագրողների ներկայությունը միջազգայնորեն ընդունված է՝ թե՛ փատաթղթերով, թե՛ պրակտիկայով: Իհարկե, միջազգային փաստաթղթերը չեն անդրադառնում լրագրողների գործիքակազմի ընտրությանը, սակայն սա իր հերթին նշանակում է, որ լրագրողներն ազատ են իրենց գործիքակազմն ընտրելիս և կարող են աշխատել այնպես, ինչպես բխում է իրենց լրատվամիջոցի շահերից»,-նշեց Արման Ղարիբյանը:
Մեջբերելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2003 թվականի հանձնարարականը, Ղարիբյանը կարևորեց լրագրողների՝ քրեական արդարադատության համակարգի գործունեության լուսաբանման իրավունքը: Մոտեցումը նույնն է նաև վարչական և քաղաքացիական դատավարությունների դեպքերում:
«Որպես միջազգային փորձի վերլուծության արդյունք՝ մենք եկանք այն եզրահանգման, որ աշխարհը հաշվի է նստում մարդկության, տեխնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ և ավելի բաց է դառնում, ուստի Հայաստանը պետք է հետ չմնա այդ զարգացումներից: Որքան հանրային և թափանցիկ լինի դատական նիստը, այնքան ավելի շատ կարելի է ակնկալել, որ ի վերջո կունենանք արդար դատավճիռ, ինչին ձգտում են ժողովրդավարական հասարակությունները»,-ասաց Ղարիբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ունի երեք դատավարության օրենսգրքեր՝ քրեական, քաղաքացիական և վարչական, որտեղ դատական նիստի լուսաբանման իրավունքների տարբեր մոտեցումներ են ներկայացված, ինչը, իր կարծիքով, բարելավման կարիք ունի:
Հայաստանում ընդհանուր իրավիճակը գնահատելու նպատակով «Իրավունքի ուժ» ՀԿ-ն խորքային հարցազրույցներ և առցանց հարցումներ է կատարել դատական նիստերը լուսաբանող լրագրողների հետ:
«Խորքային հարցազրույցների ընթացքում լրագրողները երեք հիմնական խնդիր են առաձնացրել. տեսանկարահանման և լուսանկարահանման արգելքները կամ ժամանակային սահմանափակումը, ինչպես նաև տեխնիկական խոչընդոտները: Եղել են անգամ դեպքեր, երբ դատավորը ասել է «սանրվածքս այսօր վատն է, մի նկարահանեք» ու արգելել է, որպեսզի լրագրողները դատական նիստը տեսանկարահանեն»,- նշեց Ղարիբյանը և շեշտեց, որ սա չհիմնավորված ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է:
Նա նշում է, որ առցանց հարցումները նույնպես փաստել են, որ այս հարցում օրենսդրական բարեփոխումների կարիք կա:
Ղարիբյանը հանդես եկավ առաջարկություններով, որոնք ուղղված էին Արդարադատության նախարարությանը և դատական համակարգի մարմիններին:
Ասուլիսի վերջում նա հորդորեց դատական նիստերը լուսաբանող լրագրողներին և լրատվամիջոցներին՝ հետևողականորեն լուսաբանել և բարձրացնել առկա խնդիրները:
Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսագրությունում:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...