«Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները»
14.09.2017
11:00
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում անհրաժեշտ են կտրուկ և համակարգային բարեփոխումներ: Այս կարծիքին են կրթության ոլորտի փորձագետները, որոնք սեպտեմբերի 14-ին մասնակցեցին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը` «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով:

Քննարկումը կազմակերպվել էր JAMnews կայքի հետ համատեղ: Մինչ այդ JAMnews-ը հրապարակել էր բուհական համակարգում տեղի ունեցող զարգացումների մասին հոդվածներ: Եվ մեր համատեղ միջոցառման նպատակն էր անդրադառնալ այն բոլոր հարցերին, որոնք արծարծվել էին այդ հրապարակումներում: Քննարկման բանախոսներն էին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը, Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետական լեզվահասարակագիտական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար և Կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը:

Ուսումնական տարին արդեն մեկնարկել է և 8266 առաջին կուրսեցի այս տարի ոտք է դրել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սակայն այս տարի բուհական համակարգում թափուր մնացին առաջարկվող տեղերի  50 տոկոսից ավելին` դիմորդների թվի նվազման պատճառով: 

Այս տարի բուհերն առաջարկում էին 20 հազար վճարովի ու անվճար տեղ, թափուր է մնացել`11.375-ը: Ունեցել ենք 9737 դիմորդ, որը 1500-ով պակաս է նախորդ տարվանից: Ինչպես այս տարի հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրչտյանը. «Մյուս տարի ավելի վատ վիճակ է լինելու և ավելի քիչ թվով դիմորդներ ենք ունենալու: Մեր համալսարանների համար բավականին բարդ շրջան է լինելու, քանի որ պետք է ելքեր գտնեն` ինչպես հաստիքները պահեն և գոյատևեն»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ այս տարի թափուր տեղերը բուհերում մի քանի պատճառ ունեին:

Առաջինը անցումն էր 12-ամյա դպրոցական կրթության, որի արդյունքում 2006-ին դպրոցները ընդունել էին երկու առաջին դասարան, և աշակերտական թվակազմը պառակտվել էր երկու մասի։

«Ավելի շատ եկել էին առաջին ավագ դասարան, որոնք պետք է  11 տարի սովորեին, իսկ կրտսեր ավագ դասարանը ավելի քիչ աշակերտներ գնացին, քանի որ մեծ մասը նախընտրեցին գնալ 11 դասարան: Այդ իսկ պատճառով կա դիմորդների թվի օբյեկտիվ անկում: Եկող տարի նույնպես կնվազի, իսկ դրանից հետո մի փոքր կավելանա ու շրջանավարտների թիվը շատ ավելի մեծ կլինի 2020 թվականից»,- ասում է Խաչատրյանը:

Հաջորդ պատճառը, ըստ կրթության փորձագետի, այն է, որ բացվեց բակալավրիատ Ամերիկյան համալսարանում, և այսօր Հայաստանում կան միջազգային ծրագրեր իրականցնող այլ դպրոցներ, որոնց շրջանավարտները հնարավորություն ունեն ավարտելուց հետո դիմել արտասահմանյան բուհեր, և այդ շրջանակներում մի քանի հարյուր շրջանավարտներ դիմում են միջազգային բուհեր կամ Ամերիկյան համալսարանի բակալավրիատ:

«Հաջորդ պատճառը կապված է արտագաղթի հետ: Վերջին 5 տարիներին մենք ունեցել ենք 18 000 աշակերտ, որոնք գնացել են Հայաստանից և բնականաբար այդ թիվը որոշ չափով անդրադարձել է շրջանավարտ դիմորդների վրա։  Բայց ընդհանուր առմամբ կան նաև որակի հետ կապված խնդիրներ: Հիմա բուհական կրթությունը ավելի քիչ է հետաքրքրում շրջանավարտներին, քան առաջ էր: Միգուցե այնքան եղավ բուհերի կողմից առաջարկը, այնքան արժեզրկվեց, այնքան հեշտացավ բուհ ընդունվելը, սովորելը և այդ պարզեցմանը զուգահեռ չհաջորդեց որակի խիստ վերահսկողությունը, որ շատերը հիմա նախընտրում են միջին մասնագիտական կրթությունը կամ ընդհանրապես չեն շարունակում: Համալիր պատճառներ կային, որ իրար վրա կուտակվեցին»,- ընդգծեց Սերոբ Խաչատրյանը։

Որպես պրակտիկ դասախոս նա ընդգծեց, որ բուհերում դիմորդների թվի կրճատումը արդեն զգալի է ծանրաբեռնվածության նվազման տեսանկյունից:

«Իմ ծանրաբեռնվածությունը համալսարանում 0,25 դրույքով պակասեց: Եվ բազմաթիվ դասախոսների համար հաջորդ տարի շատ ավելի ծանր է լինելու վիճակը, ծանրաբեռնվածությունների նվազում, ոմանք նաև կորցնելու են աշխատանքը, հետևանքներն այսօր արդեն զգում ենք»,- ասում է Խաչատրյանը։

Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար և Կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը հակադարձեց Սերոբ Խաչատրյանին և ընդգծեց, որ դասախոսների համար ռիսկային չէ ծանրաբեռնվածության առումով:

«Այս տարվա պլանավորած սահմանաչափով մեր բուհը 70 տոկոսով իր ծավալը կատարել է, և մենք կենտրոնանում ենք առկա ուսուցմամբ ուսանողների ուղղությամբ: Դա այդքան ռիսկային չէ ծանրաբեռնվածության առումով, որովհետև յուրաքանչյուր բուհ ունի հաստիքային աշխատակազմ և ունի ոչ հաստիքային աշխատակազմ: Ենթադրաբար, ուսանողների թվաքանակի նվազման պատճառով ոչ հաստիքային աշխատակազմը, իհարկե, նվազում է։ Բայց դա այդքան կտրուկ ծայրահեղ չի լինում հաստիքային աշխատակազմի համար, հաստիքային աշխատակազմը միշտ սպասարկում է մինչև 75 տոկոսը»,-ասում է Խաչատրյանը:

ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն էլ ասում է, որ եթե այս տարի մենք ընդամենը ունեցել ենք 20 հազար շրջանավարտ, հաջորդ տարի այն ուղիղ կիսվում է և դառնում 11 հազար։

«Եթե մենք ուղիղ աշխատելու ենք աշխատաշուկայի հետ և բավարարելու ենք տվյալ ոլորտի մասնագետներով, ապա ես կարծում եմ, մենք ունենալու ենք շատ սահմանափակ մասնագիտություններ: Այստեղ հարցը այն է, թե մենք ինչպիսի քաղաքականություն ենք վարում: Մեր որդեգրած քաղաքականությունը և եվրոպական երկրներինը, որտեղ նույն պատկերը կարելի է տեսնել, բարձրագույն կրթության համակարգում մատչելիության և ընդգրկվածության մեծացումն է»,- ասում է Սուքիասյանը:

Նրա խոսքով, եթե միայն շուկայի պահանջը նայենք, ապա մենք կունենանք մի քանի ուղղություն, որոնց պահանջարկը բավականին մեծ է, բայց դրան զուգահեռ կան ոլորտներ, որոնք պարտավոր ենք պահել, պահպանել:

«Որովհետև սրանք են այն հիմքը, որով արդեն զարգանալու է շուկայի այդ ճյուղը, այսինքն մենք չենք կարող ՏՏ ոլորտը զարգացնել եթե մենք չունենանք մաթեմատիկա ու ֆիզիկա, կայուն հիմնարար գիտելիք։ Այսօր դիմորդների  մոտ 32 տոկոսը հումանիտար ուղղությունն է նախընտրում, այնուհետև 22 տոկոսը` տնտեսագիտություն, երրորդ տեղում` մաթեմատիկա ու տեղեկատվական տեխնոլոգիաներ, հետո գալիս է բժշկություն ու ագրարային: Մեզ համար հատկապես բնագիտությունը շատ կարևոր է՝ և այս տարվա գերակա ուղղություններում նախատեսված է, որ այս ուղղությամբ մենք հայեցակարգը ավարտենք, որը կբերի այս ոլորտի պահպանմանը և զարգացմանը»,- ասում է ԿԳՆ ներկայացուցիչը։

Դեռևս 2013-ից հայաստանյան 11 բուհերում վարձավճարները թանկացան ավելի քան 50 տոկոսով և մինչ օրս բուհերի բյուջեի գերակշիռ մասը` 60 կամ 70 տոկոսը կազմվում է ուսանողների վարձավճարներից: Թե որքանով է վարձավճարների բարձացմանը զուգահեռ բարձրացել Հայաստանում բարձրագույն կրթության որակը` մասնագտները մտահոգիչ պատասխաններ են հնչեցնում:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանն ասում է, որ բարձագույն կրթության որակը ամենագլխավոր հարցերից մեկն է:

«Բոլոր նշված խնդիրներին ես կուզեի ավելացնել հավատի բացակայությունը բարձրագույն կրթության նկատմամբ, որովհետև այսօր բարձրագույն կրթությունը չի տալիս այն որակը, այն գիտելիքի հմտությունը և կարողությունները, որի ձեռքբերումից հետո շրջնավարտը կկարողանա գտնել իրեն աշխատաշուկայում ու ոչ միայն ներքին, այլև արտաքին աշխատաշուկայում»,- ասում է Անափիոսյանը:

Նա ընդգծում է, որ Հայաստանի բուհական համակարգը խնդիր ունի և բովանդակության արդիականացման և մեթոդաբանության:

«Կարևորագույն խնդիրներից մեկը բարձրագույն կրթության քննական մտածողության զարգացումն է: Իսկ քննական ակտիվ մտածողությանը հնարավոր է հասնել դասավանդման ակտիվ մեթոդաբանության շնորհիվ: Այսօր ուսանողը իֆորմացիա ստանալու կարիք չունի, այսօր ուսանողը ունի ուղղորդման կարիք, թե որ ինֆորմացիան ինքը վերցնի, որը թողնի և ինչ անի այդ ինֆորմացիայի հետ»,- ասաց Անափիոսյանը:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանն էլ ասում է, որ աշխարհում այս առումով որոշ զարգացումներ և կտրուկ փոփոխություններ են գնում, որոնց չարձագանքնելն անլուրջ է:

«Տեղեկությունը հասցնելը, դասախոսության այդ ձևաչափն արդեն հնացել է, այդ  նույն ձևաչափը հասանելի է տեխնիկական միջոցներով, և աշխարհի լավագույն դասախոսները կարող են ձեզ դասախոսություն կարդալ… Այն, որ բուհերում մինչև հիմա ներկա և բացակա են դնում դասախուսությունների ժամանակ, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, որ հասուն մարդը, ով ընտրել է գնալ բուհ, սովորել և վճարում է բուհին այդ կրթության համար, կարող է բացակայել դասից»,- ասում է Փախչանյանը:

Նա ընդգծում է որ Հայաստանում մշակութային և ձևաչափային փոփոխություն է պետք, ուսանողը ինքը պետք է պատասխանատու լինի իր կրթության համար, այլ ոչ թե բուհը կամ հասարակությունը:

«Մի մարդ, որ պարտադրված է սովորում, հասարակությանը պետք չէ: Այդ ամենը շատ լուրջ մտայնության փոփոխություն է պահանջում բոլոր օղակներում, սկսած քարոզչությունից` ուղղված ուսանողներին, վերջացրած բուհերի վերաբերմունքից այս ամենին: Մենք մի քիչ կարծրացած ենք, հին մոդելի մեջ ենք մտածում, իսկ մոդելները շատ արագ փոփոխվում են»,- հավելեց Փախչանյանը:

ԿԳ նախարարության ներկայացուցիչ Ռոբերտ Սուքիասյանն էլ քննարկման վերջում ընդգծեց, որ սկսել են խորը բովանդակային փոփոխությունների փուլը:

«Բարեփոխումները առհասրակ փոխկապացված են: Եթե պետք է տանենք համակարգը զարգացման, մենք ունենք  բովանդակության, կառուցվածքային փոփոխության, ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության և սոցիալական քաղաքականության, աշխատաշուկայում փոփոխվող պահանջներ, և սրանք պետք է զուգահեռ տանենք: Այս մասին  շատ ավելի մանրամասն Հայաստանի տեսլականը այս 5 ուղղություններով կներկայացնենք մինչև տարեվերջ»,-ե զրափակեց Սուքիասյանը:

Քննարկման տեսագրությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիակենտրոն» ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] էլ. հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների որակի վրա
13.05.2021
14:00
Մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց հարցազրույց Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղի (IFES Armenia) ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանի հետ «Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան ընտրությունների որակի վրա» թեմայով
Նախընտրական Հայաստան. ընտրությունը դարձյալ նախկին-ներկա շրջապտույտու՞մ է
10.05.2021
12:30
Մայիսի 10-ին, ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Նախընտրական Հայաստան. ընտրությունը դարձյալ նախկին-ներկա շրջապտույտու՞մ է» թեմայով:
Քաղաքացու կերպարի վերաիմաստավորումը հետպատերազմյան Հայաստանում
07.05.2021
17:00
Մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնը Դիլիջանի համայնքային կենտրոնում (61 Մյասնիկյան, Դիլիջան) կազմակերպել է հանդիպում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ
06.05.2021
12:00
Մայիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. դատական գործերը քննվում են տարիներով. ինչո՞ւ» թեմայով:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով
06.05.2021
11:00
Մայիսի 6-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց քննարկում կազմակերպեց՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. որքանո՞վ են պաշտպանված օրենքով» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...