Ալեքսանդր Լապշինի արտահանձման իրավաքաղաքական հետևանքները
23.01.2017
11:00
Հունվարի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ալեքսանդր Լապշինի արտահանձման իրավաքաղաքական հետևանքները» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ հայտնի բլոգերն Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին՝ ներկայացնելով խնդիրները: Դրանից հետո որոշում է կայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին: Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

 «Արտահանձման գործընթացը սկսված է: Դատախազի որոշումը կա: Դատարանը պետք է վերջնական որոշում կայացնի»,- քննարկման սկզբում նշեց Արա Ղազարյանը:

Բանախոսը գնահատական տալով գործընթացին՝ ընդգծեց, որ այն խորքային ռասիզմ է, հայատյացության ընդհանուր քաղաքականության շարունակություն:

«Քանի որ նա լրագրող է, բլոգեր է, իրականում քրեական հետապնդման է ենթարկվում  ոչ թե անօրինական  երկիր մուտք գործելու, այլ՝ ուղղակի Ադրբեջանի կառավարությանը,  քաղաքականությունը քննադատելու կամ հայերի նկատմամբ բարյացակամ կարծիք արտահայտելու համար: Այսինքն այստեղ և՛ ազատ արտահայտվելու իրավունքի խախտում է, և՛ խտրականության արգելքի երաշխիքի խախտում»,- ընդգծեց Արա Ղազարյանը՝ արձանագրելով, որ արտահանձնման որոշումը միանշանակ իրավաչափ չէ:

Քննարկման մյուս բանախոս, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որԱդրբեջանի իշխանությունները, տեսնելով, որ աշխարհում բավականին լուրջ աղմուկ է բարձրանում Լապշինի արտահանձնման հետ կապված՝ ընկալվելով որպես   խոսքի ազատության դեմ ոտնձգություն, փորձում են ծանր քրեական ոլորտ տանել և մեղադրում են Լապշինին ահաբեկչական խումբ ձևավորելու մեջ:

«Սա բացարձակ աբսուրդ է: Պարզ է, որ սա քաղաքական գործ է: Բելառուսի իշխանությունները փորձում են ամեն կերպ Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալ և արտահանձնել Լապշինին»:

Բանախոսն ընդգծեց,  որ այս գործընթացն ավելի գլոբալ մտահոգությունների տեղիք է տալիս.  «Եթե Ադրբեջանը կարող է այսպես իր ուզած ձևով Բելառուսից պահանջել էքստրադիցիայի ենթարկել մարդուն՝ անհասնականալի պատճառներով, ապա սա կարող է ավելի հեռուն գնացող նպատակներ ունենալ: Ո՞վ է բացառում այն հնարավորությունը, որ Հայաստանի քաղաքացին, որը ինչ-որ ձևով Ադրբեջանի դուրը չի գալիս՝ օրինակ քաղաքագետ կամ լրագրող, եթե գնա Մինսկ, ապա  նույն ձևով ինչ-որ մի հոդվածով չի հայտնվի Ադրբեջանում»,- հարցադրում արեց  բանախոսը:

Այս մտահոգությունը կիսեց նաեւ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:  

«Պատկերացրեք՝ ազգությամբ հայեր Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելառուսից, այլ երկրներից, ովքեր եղել են Ղարաբաղում և մտնում են Բելառուս, Բելառուսի իշխանությունները ձերբակալում են, հանձնում են Ադրբեջանին:

Իմ կարծիքով Ադրբեջանն ամեն ինչ անում է մեկուսացնելու համար ոչ միայն Հայաստանը, այլեւ  Ղարաբաղը, ու այդ քայլերը միտված են դրան:  Այն տենդենցը, որը վերջին տարիներին կար (շատանում էր մարդկանց թիվը, ովքեր այցելում էին Ղարաբաղ), Ադրբեջանը փորձեց այս ձևով կասեցնել պրոցեսը: Ադրբեջանը հիմա գտավ մեկ երկիր, ես համոզված չեմ, որ դա միակ երկիրն է, որը կարող է իրենց արտահանձնել: Չեմ բացառում, որ Պակիստանն էլ նույնը կանի, այլ մուսուլմանական երկրներ էլ նույնը կանեն»:

Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում պետք է շատ կտրուկ եւ էֆեկտիվ քայլեր անեն, քանի որ  բլոգերի արտահանձնման հետեւանքները կարող են լինել շատ ավելի ընդգրկուն, քան գուցե այս պահին պատկերացնում ենք:  

Նա կարծիք հայտնեց, որ  պետք է մեծ աղմուկ բարձացնել միջազգային կառույցներում, դա կլինի ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն/ որի հետ Բելառուսի հարաբերություններում սառույցը վերջին շրջանում հալվել էր/, ՄԱԿ-ը:

«Մյուս պաշտոնական ինստիտուտը, որը պետք է օգտագործել՝ արտգործնախարարների երկկողմ հարաբերություններն են՝ Հայաստան-Բելառուս»:

Քննարկման ընթացքում Ստեփան Գրիգորյանը նաեւ հանդես եկավ առաջարկով՝ ուղղված  ՀՀ իշխանություններին և այդ առաջարկության իրագործման հարցում խոստացավ իր աջակցությունը. «Լուկաշենկոն շատ ցավոտ է ընկալում  համաշխարհային նշանակություն ունեցող այն դեմքերին, ովքեր իր դեմ են հանդես  գալիս: Ես իշխանություններին խոստում եմ տալիս՝ մեկ շաբաթվա ընթացքում 10 հայտնի մարդկանց բերել Հայաստան, թող պատմեն ի՞նչ է կատարվում Բելառուսում: Լուկաշենկոն կարձագանքի նույն րոպեին,-նշեց նա և հավելեց,- նման իրավիճակներում դու պետք է հակահարված տաս»:

Արփինե Արզումանյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի կայքի խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է»
23.01.2020
12:00
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով։
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում»
23.01.2020
11:00
Հունվարի 23-ին` ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս`«Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) 2019-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում»
22.01.2020
12:00
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ինչո՞ւ է բախում առաջացնում ԱԺ-ում» թեմայով։
«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել»
20.01.2020
12:00
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով:
«Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում»
15.01.2020
12:30
Հունվարի 15-ին՝ ժամը 12։30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Կոռուպցիոն ռիսկերը՝ համընդհանուր ներառական կրթության ոլորտում» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ