«ԱԺ մոնիտորինգի» դիտարկման արդյունքները. մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների գործունեության ամփոփում
01.12.2016
13:00
Դեկտեմբերի 1-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում ««ԱԺ մոնիտորինգի» դիտարկման արդյունքները. մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների գործունեության ամփոփում» թեմայով:

Քննարկմանը մասնակցում էին ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Էդմոն Մարուքյանը։ Քննարկման սկզբում Լուսինե Վասիլյանը ներկայացրեց, որ 41 մեծամասնականներից 30-ը ՀՀԿ-ն էին ներկայացնում, 8-ը՝ ԲՀԿ-ն, իսկ 3-ն անկուսակցական էին։ 2012թ․-ից առ այսօր եղած տվյալների համաձայն՝ 41 պատգամավորներից միայն 9 են նստաշրջանների ժամանակ ելույթներ ունեցել։ Այսինքն, մեծամասնականների 2/3-ը ամբիոնին ու խոսափողին չի մոտեցել։ 37% մեծամասնականները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնություններով, իսկ 63%-ից ոչ ոքի անունը հինգ տարիների ընթացքում որևէ օրենսդրական նախաձեռնության կամ օրինագծի տակ չի եղել։

«Մեծամասնական պատգամավորները հակված չէին մեզ հետ համագործակցությանը։ Այս ծրագրի շրջանակներում մենք կարողացել ենք աշխատել միայն այս 41 պատգավորներից 25-ի հետ։ Մնացած պատգամավորները դիվանագիտորեն կամ ուղիղ ձևով մերժել են հրավերը։ Մեծամասնականների ծրագրերը հիշեցնում են կամ նախագահական ծրագիր, երբ խնդիր է դրվում նպաստել ժողովրդավարության զարգացմանը, ազատ տնտեսական հարաբերություններին կամ էլ հիշեցնում են թաղապետի ասֆալտապատման մասին ծրագրեր։ Մեր ամփոփմամբ ծրագրում օրենսդրական փոփոխությունների խնդիրներ չկան։ Շատ քչերն են խոսել օրենսդրական քայլերի մասին»,- հավելեց Վասիլյանը։

Նա նշում է, որ շատ հարցերի պատասխաններ ստանալու համար դիմել են հատկապես մարզերում գործող հասարակական կազմակերպություններին, որոնք ավելի քաջատեղյակ են, թե ինչ խոստումներով են հանդես եկել պատգամավորները։ Նրանք շատ ավելի վատատեսական պատասխաններ տվեցին։ Շատ հաճախ նրանք ևս չէին հիշում, թե պատգամավորներն ինչեր են խոստացել։ Նրանք նշում էին նաև, որ կանոնավոր հանդիպումներ մեծամասնականների հետ չեն եղել, այլ միայն ոչ պաշտոնական հանդիպումներ։ Երբեմն եղել են աշխատանքներ, որոնք անհայտ է, թե ում են վերագրված։

Քննարկման մասնակից Գոռ Աբրահամյանն ասաց, որ Խորհրդարանի 1/4 մասը ոչ մի գործունեություն չի ծավալել։ Մեծամասնական պատգամավորների կեսն անարդյունավետ գործունեություն է ծավալում։ Մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների մեծ մասը կենտրոնացված է Խորհրդարանի ամենախոշոր երկու կուսակցություններում։ Նրանց 70%-ը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են, 20%-ը՝ Բարգավաճ Հայաստանի և ընդամենը 7%-ն են անկուսակցական։ Սա խոսում է խիստ բևեռացված լինելու մասին։ Խորհրդարանական չորս խմբակցություններից չկա որևէ պատգամավոր, որ ընտրված լինի մեծամասնական կարգով։ Այնպիսի տպավորություն է, կարծես մեծամասնական ընտրակարգը պատգամավորների ընտրության տեսանկյունից իշխանության մենաշնորհը։ Սա խոսում է նաև այն մասին, որ հասարակության չքաղաքականացված մասը լիարժեք հնարավորություն չունի իրեն համապատասխան պատգամավորներին գործուղղելու Խորհրդարան, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց շահերը։

«Մեծամասնական ընտրական համակարգն ինքնին պատշաճ չի ներկայացնում ներկայացուցչական գործառույթը, ինչի համար որ այն նախատեսված էր։ Չնայած մեծամասնական պատգամավորներից շատերը միշտ նշում են, որ իրենց հիմնական աշխատանքն ընտրողների հետ կապն ապահովելն է, սակայն հաշվի առնելով, որ իրենցից 50%-ը լուռ են և չեն մասնակցում քննարկումներին, ելույթներով հանդես չեն գալիս, հարցադրումներ չեն անում, ապա իրենց հիմնական գործառույթը չի ծառայեցվում իրենց ներկայացված ընտրազանգվածի նպատակներին»,- ընդգծեց Աբրահամյանը։

Քննարկման մասնակիցներից ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ արհեստական հարցադրում է մեծամասնական և համամասնական ընտրակարգերը հակադրելը, քանի որ արդյունավետ ներկայացուցչականություն կարող են ապահովել ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ընտրակարգերը և հակառակը․ նույնքան անարդյունավետ կարող են լինել ինչպես համամասնականը, այնպես էլ մեծամասնականը։

Ֆարմանյանն արձանագրեց նաև, որ իշխող կուսակցության անունից առաջադրված և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները քանակական ցուցանիշներով չեն փայլում, ինչպես վկայում են թվերը, բայց կա մի հանգամանք ևս․ կարող են լինել նաև պատգամավորներ, որոնք իրենց աշխատանքն այլ կերպ են կառուցում, քանի որ հասարակությունը որոշ դեպքերում նման գործունեության կարիք ունի։ Շատ համաքաղաքացիների դիմու-նամակների մեծ մասը կրթական, սոցիալական աջակցություն հայցող նամակներ էին։ Սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք։

Քննարկման մասնակիցներից Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե մեծամասնական ընտրակարգը վերածվեր ընդհանուր համամասնական ներդրման, ապա հնարավոր է՝ այս մասին խոսակցություններ չլինեին։ Մենք այժմ ունենք քողարկված մեծամասնական ընտրակարգ, քանի որ ընտրվող 105 պատգամավորներից 52-֊ն ընտրվելու են տարածքներից հավաքած ձայների արդյունքում։ Դրանք հիմնականում լինելու են այն պատգամավորները, ովքեր լուռ են եղել, ոչինչ չեն խոսել և օրենսդրական աշխատանքով աչքի չեն ընկել։

«Այն մարդիկ, ովքեր չեն աշխատել ամբողջ ընթացքում, ամենաշատ ձայն հավաքող պատգամավորներն են։ Ինչու՞․ նրանք ունեն բոլոր ադմինիստրատիվ, ֆինանսական և այլ ռեսուրսներ այդ տարածքում և իշխող ուժերը չեն հրաժարվում այս պատգամավորների ծառայություններից։ Այլ բան է, որ այս պատգամավորները ձայներ հավաքեն, բայց չհայտնվեն խորհրդարանում»,-ասաց Մարուքյանը։
Ասուլիսի շարունակությունը դիտեք տեսանյութում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ