Գերմանիայի դեսպանի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
22.11.2016
12:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսը:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին՝ դեսպանը նշեց, որ այն ընթանում է բավականին հաջող և հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերին:

«Առհասարակ, այն փաստը, որ կնքվելու է նման համաձայնագիր, արդեն հաջողություն է: ՀՀ կառավարությունը ազդակ է հղում Եվրամիությանը, որ Հայաստանը ցանկանում է գնալ արդիականացման և բարեփոխումների ճանապարհով, և այդ ճանապարհին Եվրամիությունը կարևոր գործընկեր է: Ես համոզված եմ, որ Եվրամիությունն ու իր անդամ պետությունները շահագրգիռ են նոր ազդակներ հաղորդելու այս համագործակցությանն ու կնքվելիք համաձայնագրին»,- ասաց Մաթիաս Քիսլերը:

Նա հավելեց, որ բանակցությունների ամառային փուլից հետո զգալի առաջընթաց է գրանցվել։

«Թե երբ կստորագրվի համաձայնագիրը, ոչինչ ասել չեմ կարող, սակայն ՀՀ կառավարության կողմից ազդակ կա, որ այն կստորագրվի հաջորդ տարվա գարնանը»,-հավելեց դեսպանը:

Անդրադառնալով վիզայի դյուրացման գործընթացին՝ Գերմանիայի դեսպանն ասաց. «Վիզայի դյուրացման կետը ես կառանձնացնեի ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրից, ես կիսում եմ ՀՀ քաղաքացիների մեծ ցանկությունը՝ դյուրացված ընթացակարգով դեպի Եվրոպա ճամփորդելու հետ կապված: Սակայն դեռեւս պարզ չէ, թե երբ կմեկնարկի երկխոսությունը  Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ վիզաների դյուրացման վերաբերյալ: Նախքան պաշտոնապես բանակցությունները սկսելը, յուրաքանչյուր երկիր կարող է իրականացնել որոշակի քայլեր այդ ուղղությամբ, սա մեծապես կդյուրացնի դեպի պաշտոնական փուլ անցնելու ճանապարհը»:

Դեսպանն ընդգծեց նաև, որ վիզայի դյուրացմանը հասնելու համար համար պետք է որոշակի նախապայմաններ բավարարել. «Որպես խորհուրդ, հենվելով նաև հարավարևելյան եվրոպական երկրների վրա, գոյություն ունեն որոշակի նախապայմաններ, որոնք պետք է իրականացնի երկիրը վիզայի դյուրացման ընթացակարգին անցնելու համար»:
Դիտարկմանը, թե Հայաստանը հարևան Վրաստանից հետ է, նկատի ունենալով, որ Վրաստանն այդ ուղղությամբ հստակ քայլեր է անում, դեսպանն ասաց, որ պետք է առանձին դիտարկել, թե ինչ դիրքորոշում ունեն այդ երկրները. «Անշուշտ, Վրաստանն այս հարցում առաջ է Հայաստանից, թեև դա կարող է խթան լինի Հայաստանի համար»: 

Անդրադառնալով Հայաստան-Գերմանիա հարաբերություններին և տնտեսական համագործակցությանը՝ դեսպանը ընդգծեց, որ Գերմանիան Հայաստանի համար երրորդ խոշոր գործընկերն է՝ Ռուսաստանից ու Չինաստանից հետո: 

Նրա խոսքով՝ այս տարի առևտրի ոլորտում Հայաստանի ու Գերմանիայի միջև առևտրաշրջանառության աճ է գրանցվել: 

«Այս տարի գերմանական կողմից եղել են ֆինանսական նոր հատկացումներ շուրջ 54.4  միլիոն եվրոյի չափով: Բացի դրանից՝ 22 միլիոն եվրոյի աջակցություն է եղել տարածաշրջանային ծրագրերի նպատակով:  Իսկ երեկ կայացած միջկառավարական բանակցություններից հետո այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է արձանագրություն»,- ասաց Գերմանիայի դեսպանը: 

Ամփոփելով 2016 թվականը՝ Գերմանիայի դեսպանը նշեց, որ առանձնահատուկ տարի էր հայ-գերմանական հարաբերությունների զարգացման առումով։

«Տարին հատկանշվեց փոխադարձ այցելությունների ինտենսիվությամբ։  Հիշատակեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան այցը Բեռլին։ Հունիսի վերջին Հայաստան ժամանեց Գերմանիայի արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը, Գերմանիան նախագահում է ԵԱՀԿ –ն այս տարի: Տարին աչքի ընկավ նաև միջխորհրդարանական այցերի առատությամբ»,- ասաց Գերմանիայի դեսպանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, տեսանելի չէ գերմանական խոշոր ընկերությունների մուտքը Հայաստան, և ո՞րն է դրա պատճառը` ՀՀ օրենսդրական բացերը՞, թե  ոչ լավ գործարար պայմանները, կոռուպցիա՞ն,  դեսպան Քիսլերն ասաց, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են այն երկրներով, որտեղ մեծ է շուկան:

«Ներդրումներ կատարելու համար նրանց հետաքրքրում է երկրում քաղաքական կայունությունը:  Ցավոք, գերմանական լրատվամիջոցներում Հայաստանի ու տարածաշրջանի վերաբերյալ արդի լուրերի  վերնագրերը չէին խոսում տարածաջրանում կայունության մասին: Թեման ԼՂ հակամարտությունն էր:  Նման հարցերը, հատկապես, խոչընդոտ են փոքր ու միջին գործարարների համար` տնտեսական հետաքրքրություն ցուցաբերելու առումով»,-հավելեց Քիսլերը:

Դեսպանը նշեց, որ գերմանացի գործարարներին ասում են, որ այստեղ` Հայաստանում, շատ հնարավորություններ կան  ոչ միայն առևտրի, այլև արտադրության կազմակերպման առումով:  Լրացուցիչ գրավչություն, ըստ դեսպանի, տալիս է այն հանգամանքը, որ  Հայաստանը ԵԱՏՄ անդամ է:

Ինչպես հայտնի է, Գերմանիայի դեսպանությունը ՆԱՏՕ-ի կոնտակտային դեսպանությունն է Հայաստանում, և Գերմանիայի դեսպանը ուրախությամբ նշեց, որ  անցած շաբաթ մեծ հաջողությամբ Հայաստանում ամփոփվեց ՆԱՏՕ- ի շաբաթը Հայաստանում:

«Սա, իր հերթին ապացուցում է, թե որքան սերտ են Հայաստանի ու Գերմանիայի միջև ռազմական հարաբերությունները»,-հավելեց Մաթիաս Քիսլերը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ