Քննարկմանը մասնակցում էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Ժամանակն է վերջ տալ այն վայրագություններին, որոնք որ իրականացվում են լրագրողների և լրատվամիջոցների մյուս աշխատակիցների նկատմամբ: 2015թ.-ի հունիսի 23-ի դեպքերից հետո մենք ասում էինք, որ սա աննախադեպ երևույթ է, բայց այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հուլիսին պետք է կրկին աննախադեպ բառը կրկնենք, որովհետև և’ բռնությունների թիվը ավելացավ, և՛ այս անգամ արդեն հատուկ միջոցներ կիրառվեցին լրագրողների նկատմամբ: Ձևական մոտեցումը, կոծկելու միտումը, քավության նոխազ գտնելը, դա է ձեռագիրը, իսկապես պետք է վերջ տալ այս անպատժելիության մթնոլորտին, արդյունավետ գործողություններ ձեռնարկել, ոչ թե ուղղակի ներողություն խնդրել և հորդորել մոռանալ այդ դեպքերը»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Լևոն Բարսեղյանը կարծում է, որ հանրային բողոքները, ցնցումները տարբեր պատճառներով ուղղակի հնարավորություններ են ռեժիմի իրական պատկերը բացահայտելու համար:
«Մինչև սահմանադրական հանրաքվեն ես համարում էի, որ Հայաստանը մերձավտորիտար երկիր է, լիակատար ավտորիտար չէ և ավտորիտարացման արմատական անցումը տեղի ունեցավ Սահմանադրության կեղծմամբ հանրաքվեի արդյուքնների, որը ընկավ այդ երկու իրադարձությունների արանքում` Բաղրամյան փողոցի ցույցերի և Սասնա Ծռերի զինված ապստամբության: Անցած 2-3 տարիների դինամիկան քաղաքացիական ազատությունները և քաղաքական իրավունքները ճնշելու մասով ցույց է տալիս, որ Հայաստանում էապես խորացել է ավտորիտարիզմը: Այդ խորացման նոր տեմպը սկիզբ է առել 2013թ.-ի սեպտեմբերի 3-ով, երբ Սերժ Սարգսյանին ստիպեցին Հայաստանը մտցնել Եվրասիական գետո, և քաղբանտարկյալների աճը, քաղաքացիների ազատությունների զանգվածային սահմանափակումները, բռնությունները և այդ համատեքստում չէր էլ կարող այլ կերպ լինել լրագրողների նկատմամբ եղած բռնաճնշումները ու զանազան հանցագործությունները, դրանք շատ բնական են» ,-ասաց Բարսեղյանը:
Նա ընդգծում է, որ աննախադեպությունը այս իմաստով է, որ նախկինում այդ ծավալի, այդ զանգվածայնության հարձակումներ չէին եղել: Ըստ նրա՝ լրագրողների գործերով հարկավոր է պատշաճ քննություն, բացահայտում և պատիժ, ինչը կբերի նման դեպքերի կանխարգելմանը:
Ավետիք Իշխանյանն ասում է, որ Հայաստանը լինելով միջազգային կազմակերպությունների անդամ, վավերացնելով տարբեր կոնվեցիաներ ու վերցնելով պարտավորություններ, ամեն ինչ արել է շատ ձևական:
«Որովհետև այդ մարդիկ, ովքեր ստորագրել են, կազմում են այսօրվա իշխանությունը իրենք չեն էլ կարդացել կամ քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա: Քաղաքակիրթ երկրների իշխանություններն եկել են այն հոգեբանությանը, որ ոչ թե պետք է կոծկել արվածը, այլ չանել: Մեզ մոտ գնում է այն միտումը որ ոչ թե չանել, այլ կոծկել արվածը: Եվ այս տեսակետից ո՞վ է դիմադրում դրան` լրագրողները: Եթե նրանց հոգեբանությունը փոխված լիներ` ինչ-որ բարեփոխումներ անելու, ապա այդ ժամանակ այդ հին հոգեբանությամբ մարդիկ, եթե լրագրողների նկատմամբ բռնություն գործադրեին, ապա կպատժվեին: Քանի դեռ այդ հոգեբանությունը չի փոխվել, մենք անընդհատ ունենալու ենք այդ զանգվածային աննախադեպ ծեծերն ու ոճիրները ու ոչ միայն լրագրողների նկատմամբ» ,-ասաց Իշխանյանը:
Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...