Սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցում. պատճառներն ու հետեւանքները
13.07.2016
11:00
«Ֆինանսների նախարարությունը խնդիր ունի գումարների մուտքագրում ապահովել պետական բյուջե եւ դա է պատճառը, որ առաջարկել է պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցումը»,- այս մասին «Սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցում. պատճառներն ու հետեւանքները» թեմայով «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը:

Մասնագիտությամբ հաշվապահ Թանդիլյանը նշեց, որ այս տարի հարկային մուտքերի թերի հավաքագրում է տեղի ունեցել. «2015 թվականին  խոստացված գումարի չափով, որ պետք է մուտք արվեր պետբյուջե, մոտ 75 միլիարդ դրամի կարգի թերհավաքագրում է տեղի ունեցել: Ես շատ արագ հաշվարկեցի, թե ինչ ծախսեր է իրենց ենթադրում 152 հազար պետական աշխատողին մոտ 72 հազարական դրամի հատկացումը տարեկան կտրվածքով, դա մոտ 11 միլիարդի կարգի գումար է»,- ասաց Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ  այդ 11 միլիարդ գումարը թերհավաքագրված գումարի 15 տոկոսն է:

«Եւս մի քանի նման խնայողություն ու կլուծվի հարկերի հավաքագրման հետեւանքով առաջացած բացի խնդիրը, մեր բյուջեն նորից իր տեսքին  կբերվի, իսկ հարաբերակցություններն էլ ՀՆԱ-ի հետ նույնը կդառնան, մենք նորից կդառնանք վարկունակ եւ կկարողանանք էլի վարկային միջոցներ ներգրավել»,-  ներկայացրեց բանախոսը:

Նա ընդգծեց, որ նման առաջարկով հանդես չի գալիս սոցիալական ապահովության նախարարությունը, քանզի սոցփաթեթի հանգստի բաղադրիչից հիմնական օգտվողները  ուսուցիչներ, բժիշկներ, որոշ այլ պետծառայողներ են. «Եվ տեսնում ենք այն հատվածը, որոնց եկամուտը մեկ ամսվա կտրվածքով մոտ 50-60 հազար է, հատկապես ուսուցիչների մասով եմ խոսում, այդ գումարները կտրելով եւ  դա բացատրելով չարաշահումներով, ես կարող եմ հասկանալ, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր գնում են չարաշահումների»,- ասաց հաշվապահը:

Թանդիլյանի  խոսքով՝ եթե մարդիկ կանխիկացնում են այդ գումաները եւ չեն գնում հանգստի, դա նշանակում է, որ նրանք հաստատ այդքան գումարի կարիք ունեն, քանի որ իրենց տանը թերսնվելու եւ  կոմունալ ծախսերի խնդիր ունեն:

«Վարչապետը, երբ խոստանում էր, որ բոլորս պետք է գոտիներներս ձգենք, ինչպես միշտ, առաջինը ձգում են նրանք, ովքեր ամենավատ վիճակում են ապրում մեր երկրում: Իրենց շենքերը, բնակարանները չեն նվազում, իրենց չարաշահումները չեն կրճատվում, բայց կրճատվում են սովորական  մարդկանց  հատկացումները, որոնք պետությունը պարտավոր էր իր վրա կրել»,- եզրափակեց բանախոսը:

Քննարկմանը մասնակցող ԱԺ պատգամավոր, սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ ընդգծեց, որ սոցիալական փաթեթը այն եզակի դրական  նախաագիծն էր, որն իրականացվել էր կառավարության կողմից եւ որի կարիքը քաղծառայողներն իրականում ունեն: Ըստ պատգամավորի՝ փոխանակ պետությունն ընդլայնի այդ փաթեթի կիրառության շրջանակը, գնում է ծրագրի բաղադրիչներից մեկի կասեցման, ինչը անընդունելի է: Լյուդմիլա Սարգսյանը համակարծիք է Մանե Թանդիլյանի հետ, որ դրա պատճառը բացառապես  բյուջեի միջոցների տնտեսումն ու թերհավաքագրումների խնդրի լուծումն է, ինչը, սակայն, շատ վատ ազդեցություն կարող է ունենալ ծրագրի շահառուների համար:

«Գիտենք, որ քաղծառայողն իր միջոցներով չի կարող հանգստանալ: Այս դեպքում հնարավորություն էր ՀՀ-ի ներսում հանգստանալու 2-3 օր, իսկ միջոցները կրկին Հայաստանում էին մնում: Ինչով է մեղավոր պետծառայողը, որ ողջ տարին աշխատում է, ակնկալում է այդ աջակցությունը, եւ նրան զրկում են դրանից: Սա հնարավորություն էր, որ մարդիկ հանգստանան ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում: Ու հիմա զրկում են մի մեծ հատվածի հանգստի հնարավորությունից: Եթե ուսուցիչը չկարողանա հանգստանալ ամռանը, դրա հետեւանքը սեպտեմբերին տեսնելու ենք դպրոցում. չհանգստացած մարդը ջղաձիգ է լինելու, օբյեկտիվ չի լինելու»:

Պատգամավորը կոչ արեց կառավարությանը միջոցներ գտնել եւ չզրկել մարդկանց  սոցփաթեթի հանգստի բաղադրիչից օգտվելու հնարավորությունից . «Եթե չարաշահում է եղել, թող գտնեն, ով է մեղավոր: Առաջին դեպքը չէ, երբ պատժվում է ոչ նա, ով մեղավոր է: Հույս ունեմ, որ որոշումը կվերանայվի: Երկրում կան միջոցներ, որոնք կարող են ուղղվել այդ նպատակին»,- ընդգծեց բանախոսը:

Քննարկմանը մասնակցող փաստաբան Նորայր Նորիկյանն էլ նախ հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության առաջին իսկ հոդվածով ամրագրված է, որ Հայաստանը սոցիալական պետություն  է, ապա  նկատեց, որ դրա լիարժեք արտացոլումը այսօր առկա չէ մեր իրականությունում եւ կառավարության այս որոշումը դրա ցցուն օրինակն է. «Ավելի շատ հասարակությունը պետք է կառավարությանը պահանջ ներկայացնի, այլ ոչ թե իրավական ճանապարհով հասնի փաթեթի տրամադրմանը: Իրավական ապահովման երաշխիքները ՀՀ օրենսդրությամբ ամբողջությամբ կարգավորված եւ երաշխավորված չեն, եւ որքան էլ գործադուլ անելու իրավունքը Սահմանադրությամբ է դրված, բայց երաշխիք չէ, որ գործադուլ անելով՝ հասարակությունը կարող է իրավունքի իրացման այդ ճանապարհով հասնել հաջողության»,- ասաց նա:

Նորիկյանի խոսքով, մեծագույն բլեֆ է, թե կասեցման պատճառը չարաշահումներն են: «Բյուջեում փող չկա, եւ այսպիսի պատրվակով կառավարությունը փորձում է հրաժարվել ծրագրից, ինչն անհասկանալի է՝ նախընտրական տարում սկսում է այնպիսի գործընթաց,  որով 100 հազար մարդու զրկում է այս ծրագրից օգտվելու հնարավորությունից, այն դեպքում, երբ այդ մարդիկ են հենց ապահովում իշխանության վերարտադրությունը:Իշխանությունը, եթե գնում է նման քայլի, ուրեմն կամ կամիկաձե է, կամ էլ մսխումն այնպիսի աղետալի չափերի է հասել, որ հայտարարում են ծրագրի տապալման մասին»,-ասաց նա ու հավելեց. «Եթե կառավարությունն այդքան անկեղծ է, ապա թող մինչեւ վերջ  անկեղծ լինի եւ պատասխանի, թե որքան է կազմել չարաշահումների ծավալը, ովքեր են իրականացրել դրանք, արդյոք չարաշահումները համակարգված բնույթ են կրել եւ  ովքեր են այդ «հերոսները», որոնք կանգնած են այդ չարաշահումների գլխին»:

Քննարկման մասնակիցները նաեւ նշեցին, որ սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կազմակերպմամբ զբաղվող տուրօպերատորների ցանկը հրապարակված է Էկոնոմիկայի նախարարության կայքէջում  եւ հետեւաբար՝ հնարավոր չարաշահումների համար պատասխանատուների շրջանակը շատ հստակ է:

«Դեմ եմ» շարժման նախկին անդամ Մանե Թանդիլյանը, պատասխանելով «Մեդիա կենտրոնի» հարցին՝ արդյոք չի պատրաստվում, ինչպես Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեպքում, առաջիկայում նաեւ՝ Հարկային նոր օրենսգրքի դեպքում, նախաձեռնել հանրային պայքարի կազմակերպմանն ուղղված քայլեր՝ արձագանքեց, որ այս դեպքում դա անիմաստ է, քանի որ խոսքը պետական ծառայողների մասին է, որոնք  չեն համարձակվի ընդվզել իշխանության դեմ, քանի որ այդ դեպքում կկորցնեն նաեւ աշխատանքը: Իսկ Աժ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եւ փաստաբան Նորայր Նորիկյանը նշեցին, որ անկախ վտանգներից՝ յուրաքանչյուր մարդ պետք է պայքարի իր իրավունքների համար, եւ անգամ աշխատանքը կորցնելու գնով՝ թույլ չտա կամայականորեն սահմանափակել իր իրավունքները:

2012թ.-ից  ներդրված սոցիալական փաթեթներից օգտվում է շուրջ 100 հազար մարդ:  Սոցփաթեթն ունի 1 պարտադիր և 3 ընտրովի բաղադրիչ: Պետությունը սոցփաթեթի շահառուին հատկացնում է 132 հազար դրամ, որից 60 հազար դրամը պարտադիր ուղղվում է առողջապահական ապահովագրությանը, իսկ մնացած 72 հազարը շահառուն օգտագործում է ըստ իր ցանկության՝ ուսման վարձ վճարելու, հիփոթեքային վարկի տոկոսների մարման կամ հանգստի նպատակով: Հուլիսի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կասեցնել հանգստի բաղադրիչը՝ չարաշահումների հետ կապված ռիսկերն ուսումնասիրելու եվ խնդրին լուծում տալու նպատակով: Կասեցումը կվերաբերի արդեն 2017-2019թթ:  

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի քննարկումների համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արցախում ընտրությունները կկայանան ցանկացա՞ծ եղանակի»
27.03.2020
18:00
Աշխարհում մարդկային կուտակումներ ենթադրող բոլոր իրադարձությունները հետաձգվում են՝ Օլիմպիական խաղեր, հանրաքվեներ, կրոնական հավաքներ…Աշխարհում արտակարգ դրություն է:
Մարտի 31-ին, սակայն, Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ:
Ինչո՞վ են ընտրությունները գերակա կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգի հանդեպ:
Մեդիա կենտրոնն այս և այլ հարցերի պատասխանները քննարկում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:
Հայտարարություն
27.03.2020
17:00
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։
«Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին»
27.03.2020
10:30
Մեդիա կենտրոնն իրականացրեց հեռավար հարցազրույց Կանադայում բնակվող Դավիթ Սանդուխչյանի՝ «Որքանով է հայակական համացանցը պատրաստ գերծանրաբեռնված աշխատանքին» թեմայով։ Դավիթ Սանդուխչյանն ինտերնետ ոլորտի իրավաբան է և հարցազրույցի ժամանակ կիսվում է իր մտահոգություններով և տեսլականով, խոսում հայաստանյան և համաշխարհային ինտերնետ կապի որակի, առկա մարտահրավերների և լուծումների մասին։
Խոշտանգումը շարունակում է խնդիր մնալ անգամ հեղափոխությունից հետո. Արա Ղարագյոզյան
26.03.2020
20:02
Երեկ՝ մարտի 25-ին, Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է խոշտանգման գործով տուժող ճանաչված քաղաքացու շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանի ու դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները՝ բեկանելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խոշտանգման գործով ամբաստանյալի նկատմամբ արդարացման դատավճիռը, գործը ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր ծավալով քննության։
Սովորենք սիրել ու պահպանել միմյանց
26.03.2020
19:54
Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեկ ամիս (գուցե ավելի) տնից դուրս չգալու անորոշությունը: Ի՞նչ լուծումներ են առաջարկում հոգեբանները՝ նվազագույն էմոցիոնալ կորուստներով հաղթահարելու համաշխարհային մասշտաբի այս ճգնաժամը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ ենք զրուցել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանի հետ: