Հայաստանն ու Ռուսաստանը միավորում են օդային դարպասները. ռիս կե՞ր, թե՞ հնարավորություններ
16.06.2016
12:00
Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միասնական ՀՕՊ համակարգի ձեւավորման մասին պայմանագիրը պետք է դիտարկել ոչ թե ապրիլյան պատերազմի կամ տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության լույսի ներքո, այլ ուղղակի որպես երկու պետությունների միջև ստեղծվող պաշտպանական համակարգի վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հունիսի 16-ին կայացած «Հայաստանը եւ Ռուսաստանը միավորում են ՀՕՊ համակարգերը. ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների վավերացմանը ներկայացված Կովկասի տարածաշրջանում համատեղ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման հարցը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության ու ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում:

Նրանք, հղում կատարելով համաձայնագրի 6-րդ կետին, որտեղ ասվում է, որ միասնական ՀՕՊ համակարգի կոորդինացիան իրականացնելու է ռուսական կողմը, նշում են, որ Հայաստանն իր հակաօդային պաշտպանության համակարգը ստորադասում է Մոսկվայի ամբիցիաներին կամ զիջում է իր անվտանգության ու սուվերենության գրեթե վերջին ատրիբուտը: Այլ կեպ ասած, հայկական ՀՕՊ համակարգը դառնում է ռուսական նույն համակարգի «ֆիլիալը»: Բոլոր հայտարարություններում հիմնական մտահոգությունը ոչ այնքան պայմանագրի կոնկրետ կետն է, որքան կարմիր թելով անցնող Մոսկվայի նկատմամբ վստահության խնդիրը, որն ավելի սրվեց ապրիլյան պատերազմի օրերին:

Հակադարձելով քննադատություններին՝ Զաքարյանը նշեց, որ անհրաժեշտ է կարդալ պայմանագիրը, հասկանալ դրա նրբությունները, այլ ոչ թե հանդես գալ «քաղաքականցված հայտարարություններով», որտեղ հստակ երեւում է որոշակի վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ: «Թեպետ պայմանագրի 6-րդ կետում նշվում է, որ միավորված ՀՕՊ համակարգը կորդինացնում է ռուսական կողմը, սակայն դա չի նշանակում, որ մեր հակաօդային պաշտպանության համակարգն անցնում է Ռուսաստանի վերահսկողության տակ: Սա ուղղակի կորդինացիա է, իսկ ղեկավարումը կոնկրետ տարածքում, որը Հայաստանի տարածք է, իրականացնում է հայկական հրամանատարությունը, ինչը եւս նշված է պայմանագրի նույն 6-րդ կետում», - ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ փաստաթուղթը երեք տարվա գործընթացի արդյունք է:

«Չափվել են ռիսկերը, շահերը ու բնական պահանջ է առաջացել՝ միավորված հակաօդային պաշտպանություն ունենալու: Շատ օբյեկտիվ փաստաթուղթ է», - նշեց բանախոսը: Նրա խոսքով, այժմ կան խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք հնարավոր է լուծել տվյալ ռազմական ենթակառուցվածքների համատեղ համակարգմամբ: 

Այդ մարտահրավերներից առաջինն ու ամենագլխավորը, ըստ քննարկմանը մասնակից ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի, Թուրքիան է: «Հայաստանն ի զորու է դիմագրավել ադրբեջանական վտանգին: Գլխավոր վտանգը Հայաստանի համար Թուրքիան է: Ուստի այժմ տեղի է ունենում ՀՀ-ի, ՌԴ-ի, Ղազախստանի եւ Բելառուսի ՀՕՊ համակարգերի միասնական կոորդինացում: Ղազախստանը եւ Բելառուսը մտնում են այս միավորված համակարգի մեջ: Իսկ թե ով է ղեկավարում եւ որոշում ընդունում ՀՀ-ում, պայմանագրում ասված է` հայկական կողմը», - նշում է նա՝ բնական համարելով այն հանգամանքը, որ միավորված ՀՕՊ համակարգի կորդինացիան իրականացնելու է ռուսական կողմը:

«Սա մեծ հաշվով ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող գործընթաց է: Սակայն Ղազախստանը չի կարող համակարգել ՀՀ-ի եւ ՌԴ-ի գործողությունները: Երբ Ղազախստանը տեսնում է Կասպից ծովը, Ադրբեջանը եւ ինքնաթիռների բոլոր թռիչքները, այդ տեղեկատվությունը գնում է ՌԴ, այնտեղից` գալիս մեր մոտ: Սա է նշանակում միասնական կոորդինացում: Ռուսաստանն ունի այն տեխնիկական հնարավորությունները եւ պոտնեցիալը՝ տարածաշրջանում մեծ տեսանելիություն ու հասանելիություն ապահովելու համար», - ասաց բանախոսը՝ հավելելով, որ համաձայնագիրը իրագործվում է միայն ագրեսիայի դեպքում:

«Օրինակ, եթե ՌԴ-ն պատերազմ է հայտարարում Ուկրաինային, մենք չունենք այստեղ անելիք, որովհետեւ դա ագրեսիա չէ ՌԴ-ի դեմ: Եթե Ադրբեջանն է դիմում ագրեսիայի մեր դեմ, համատեղ կոորդինացման համակարգը գործում է», - նկարագրեց նա: Հարությունյանի խոսքով, համաձայանգիրը հնարավորություն է տալիս Հայաստանին ուժեղացնել ԼՂՀ պաշտպանությունը, քանի որ միասնական ՀՕՊ համակարգի շրջանակներում ռուսական ռազմական ինքնաթիռների էսկադրլիան, Ս-300 ՀՕՊ համակարգերն ու ռադիլոկացիոն կայանները պաշտպանում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը: «Ուստի մենք հնարավորություն ենք ստանում կենտրոնացնել ուժերն Ադրբեջանի ուղղությամբ», - ասաց նա:

Երկու բանախոսներն էլ փաստեցին, որ համաձայնագիրը լեռնային Ղարաբաղի տարածքում չի գործում եւ այդ տարածքի վրա չի տարածվում: «ԼՂՀ-ն պաշտոնապես նշյալ համաձայնագրի մաս չէ, բայց ՀՀ-ն հանդիսանում է ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովողը: Անկախ նրանից` ինչ համաձայնագրեր ունենք, մեր համար չկա կաշկանդող բան: ԼՂՀ-ին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում համապատասխան գործողություններ կիրականացվեն` նաեւ օդային տարածքում: ԼՂՀ անվտանգությունը ՀՀ անվտանգության անքակտելի բաղադրիչն է», - ասաց Արտակ Զաքարյանը:

Համաձայնելով Զաքարյանի մտքի հետ՝ Վաղարշակ Հարությունյանը հավելեց, որ պատերազմական իրավիճակում հայ-ռուսական զորքերի օգտագործման համատեղ ծրագիրն է գործում: «Պատերազմական իրավիճակում կողմերը որոշում են` ինչ է լինում եւ ինչպես», - ասաց նա եւ հավելեց. «Օրինակ՝ «Էրեբունի»-ի ու 102-րդ բազայի հակաօդային միջոցները ևս ենթարկվում են հայկական կողմին: Գործողությունները պետք է համակարգվեն Հայաստանի կողմից»:

Նրա խոսքով, երբ անցյալ տարի թուրքական ուղղաթիռները մտան ՀՀ օդային տարածք, «Էրեբունի»-ից ռազմական ինքնաթիռները բարձրացան օդ՝ վտանգի չեզոքացման համար, թեպետ դրա մասին ոչինչ չասվեց: «ՀՕՊ-ը հատկապես Հայաստանի համար շատ կարեւոր է՝ հաշվի առնելով երկրի տարածքային հասանելիությունն ու փոքրությունը: Օրինակ՝ Թուրքիայի սահմանից Երևան ինքնաթիռը 1,5 րոպեում է հասնում... Հասկանալի է չէ՞, թե ինչքան արագ պետք է կայացվի այդ որոշումը», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ