Ինչպիսի՞ն է իրավապահ մարմինների արձագանքը հանրաքվեին արձանագրված ընտրախախտումներին
17.12.2015
12:00
Երեկ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչպիսի՞ն է իրավապահ մարմինների արձագանքը հանրաքվեին արձանագրված ընտրախախտումներին» թեմայով, որին մասնակցում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը:

Իրավապահների կողմից ֆիքսված 461 ընտրախախտումներից մինչ օրս 17 դեպքի առնչությամբ է հարուցվել քրեական գործ:

«Տեղի է ունեցել հանրաքվե, որի ընթացքում ահազանգեր էին տարածվում նաև ԶԼՄ-ներով: Մեկ դեպքի առնչությամբ ներկայացվեց նույնիսկ քննչական մարմիններին, որը վերաբերում էր հանձնաժողովի անդամին կաշառելու փաստը արձանագրող տեսանյութին: Հիմա հարց եմ ուղղում. մենք ունե՞նք իրավապահ մարմինների կողմից, հանրաքվեի քարոզչության ընթացքում օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում սեփական նախաձեռնությամբ բացահայտված գեթ մեկ փաստ: Ոչ, չունենք»,- ասաց Սաքունցը:

Ըստ նրա՝ ընտրական հանձնաժողովները օրենքով սահմանված իրենց  պարտավորությունների և լիազորությունների շրջանակում սեփական նախաձեռնությամբ որևէ  գործողություն չեն իրականացրել հանրության մոտ ապահովելու համար վստահություն, որ իրապես նպատակադրված են անցկացնել ազատ և արդար պայմաններին համապատասխան հանրաքվե:

«Այն, ինչ որ մամլո ասուլիսին ներկայացրեցին իրավապահ մարմինների 3 ղեկավարները, ես համարում եմ ուշացած, կեղծիք, աչքակապություն և անգործության փաստ:  Այն փորձերը, որոնք նպատակ ունեն ցույց տալու իբր արդյունավետ քննություն են անցկացնում ընտրախախտումների վերաբերյալ, ես համարում եմ աչքակապություն, որովհետև այս զանգվածային միջոցառման առանձին էպիզոդներով քննության իրականցման միջոցով փորձ է արվում ամբողջ կազմակերպված հանցագործության էությունը կոծկել»,-ընդգծում է Սաքունցը:

Նա հավելում է, որ ընտրատեղամասերում ներկա գտնված Ոստիկանության ներկայացուցիչներն ու հանձնաժողովի անդմաները մատնված են եղել անգործության:

«Մենք պնդում ենք, որ ոչ թե արդյունավետ չէ, այլև բոլորովին կեղծ են այն գործողությունները և անհամարժեք այն կազմակերպված խախտումների բնույթին, որի դիմաց իրավապահ մարմինները փորձում են հիմա իբր քննություն իրականցնել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,-նշեց Սաքունցը:

Հայկուհի Հարությունյանն ասաց, որ  յուրաքանչյուր տեղամասում կար Ոստիկանության հատուկ աշխատակից, որը ուղղակիորեն պատասխանատվություն է կրում տվյալ տեղամասում քվեարկության գործընթացի օրինական ապահովման համար:

«Մինչդեռ երբ այդ տեղամասերից ստացվում է ահազանգ խախտման վերաբերյալ, առաջինը քննության առարկա պետք է դարձնել ոստիկանության անգործությունը: Պարզ է դառնում, որ այժմ նպատակը ինչ-որ անձի պատասխանատվության ենթարկելը չէ, նույնիսկ եթե մեկ, երկու անձ պատասխանատվության ենթարկվի, միևնույն է  ընտրական ողջ գործընացի կեղծված լինելը իրավական գնահատականի չի արժանանանլու: Մինչդեռ խնդիրը հանրաքվեի ողջ գործընթացը՝ որպես կեղծված, խախտումներով ընթացած գործըթնաց, պատշաճ իրավական գնահատականի արժանացնելն է»,-ասաց Հարությունյանը:

Դանիել Իոաննիսյանն ասում է,որ դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրը, երեկոյան ժամը ութից հետո ընտրական տեղամասերի մուտքը Հրայր Մանուկյանին ծեծողների համար Ոստիկանության կողմից որևէ ձև չի խոչընդոտվել:

«Բայց փոխարենը բազմաթիվ դեպքերում Ոստիկանությունը խոչընդոտում էր վստահված անձանց, դիտորդների և լրագրողների մուտքը ընտրական տեղամաս: Դեպքերը իսկապես շատ են, բայց Ոստիկանությունն իր աշխատանքից գոհ է.  Ոստիկանությունը ինքը ոչինչ չի արձանագրել այդ խախտումներից, դա բոլորը արձանագրել են լրագրողներն ու դիտորդները: 461-ից 160-ը կրկնաքվեարկության դեպքեր են եղել և դա հստակ հաղորդում է հանցագործության մասին: 123-ը վստահված անձի, դիտորդի կամ հանձնաժողովի լիազորությունների խոչընդոտումն է, որը նույնպես հանցագործություն է: 16 դեպք եղել է  ծեծի, բռնության վերաբերյալ»,-նշում է Իոաննիսյանը:

Նա հավելում է, որ մի քանի հարյուր հանցագործությունների մասին հաղորդումներից 189-ի դեպքում արդեն մերժում է եղել, իսկ մնացածի համար մինչև հիմա չկա հարուցված քրեական գործ:

«Մենք ունենք հարյուրավոր ահազանգեր, հաղորդումներ հանցագործությունների մասին, բայց այս պահին կա ընդամենը 17 հարուցված քրեական գործ»,-նշեց Իոաննիսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին: 

 

   

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ