Հարավային Կովկասը կզգա ռուս-թուրքական հակամարտության հետևանքները
02.12.2015
14:00
Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը չի վերաճի ռազմական բախման, սակայն կունենա էական ազդեցություն Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, որտեղ խաչվում են Մոսկվայի և Անկարայի շահերը: Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է վարի զգուշավոր և շրջահայաց քաղաքականություն, որպեսզի իր համար հնարավորինս նվազեցի Ռուսաստան-Թուրքիա հակամարտության բացասական հետևանքները: Մյուս կողմից բացառված չէ, որ Թուրքիան կփորձի երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ Ադրբեջանի միջոցով ապակայունացնելով իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Պատերազմը Ռուսաստանի և Թուքիայի միջև բացառված է, քանի որ դա նշանակում է զինված բախում միջուկային գերտերության և ՆԱՏՕ-ի միջև: Հյուսիսատլանդյան դաշինքում ևս կան երկրներ միջուկային զենքի ներուժով: Ուստի բոլորն էլ հասկանում են, որ պատերազմն այս պարագայում կբերի աշխարհի ոչնչացման», - նշեց ՀՀ Պաշտպանութան նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ թեև պատերազմը բացառավում է, սակայն երկու տարածաշրջանային գերտերություների հակասությունների սրացումն անպատճառ կունենա ռազմաքաղաքական հետևանքներ: «Հենց այդ պատճառով Ռուսաստանը փորձելու է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում», - նշեց Հարությունյանը:

«Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 2-ին Վաղարշակ Հարությունյանի, ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի և ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի մասնակցությամբ տեղի ունենավ քննարկում «Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացման ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա» թեմայով:

Թուրքիայի օդուժի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման փաստը պատճառ հանդիսացավ ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման: Կողմերը քաղաքական և ռազմական ղերավարությունների մակարդակով հնչեցնում են փոխադարձ մեղադրանքներ: Նրանք մեղադրանքներից արդեն անցել են կոնկրետ գործողությունների: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հրամանագիր է ստորագրել: Անկարան սկսել է սահմանափակել Ռուսաստանի ռազմանավերի մուտքը Բոսֆորի նեղուց:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Թուրքիայի հետ ռազմական կապերի դադարեցման մասին: Բացի այդ Ռուսաստանը С-300 և С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Սիրիայում:

Միաժամանակ, Ռուսաստանում փորձում են օգտագործել «հայկական գործոնը» Թուրքիայի վրա ազդեցություն գործելու համար: Պատահական չէ, որ այս օրերին ՌԴ Պետական դումա է ներկայացվել Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ժխտման պատասխանատվությունը քրեականացնող օրինագիծ:

Իրավիճակը գնալով բարդանում է: Դատելով ռուս և թուրք բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների հայտարարությունների սրությունից` երկրների հարաբերությունների թեժացման ջերմաստիճակը շարունակում է աճել։ Հարավային Կովկասում մեծ ուշադրությամբ են հետևում, թե ինչպես են զարգանում իրադարձությունները տարածաշրջանում, քանի որ այն բազմաթիվ անգամ թատերաբեմ է դարձել երկու գերտերության համար, որոնք վերջին 400 տարում հասցրել են միմյանց դեմ պատերազմել 12 անգամ։

Այնուամենայնիվ Ալեքսանդր Արզումանյանն իրավիճակը որակում է որպես Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարության «PR-պատերազմ»: «Համամիտ եմ, որ ռազmական բախումը Թուրքիայի և Ռուսաստանի միջև դժվար հավանական սցենար է: Սա ավելի շատ «PR-պատերազմ» է, որում Հայաստանը չպետք է ներքաշվի, քանի որ մի կողմից հանդես է գալիս Ռուսաստանի նման գերտերությունը, որը Հայաստանի դաշնակիցն է: Մյուս կողմից նույնպես տարածաշարջանային գերտերություն է, որը թեև Հայաստանի հետ որևէ դիվանագիտական կապեր չունի, սակայն անմիջական հարևան է», - պարզաբանեց նա՝ հավելելով, որ այս ենթատեքստում պաշտոնական Երևանի զգուշավոր պասիվությունը տեղին է:

«Հայաստանը պետք է հետևի իրադարձությունների զարգացմանը և հետևություններ անի, ոչ թե ներքաշվի այս գործընթացի մեջ», - ասաց Արզումանյանը՝ հավելելով, որ իրավիճակը բավականին զգայուն է Ադրբեջանի համար, որն ունի էներգետիկ և առևտրային շահեր Ռուսաստանի հետ, կախված է նրանից նաև ղարաբաղյան հակամարտության հարցում, սակայն հանդիսանում է Թուրքիայի դաշնակիցը տարածաշրջանում:

«Ադրբեջանը հայտնվել է երկու կրակի արանքում», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Թեև Ռուսատսնի և Թուրքիայի միջև ռազմական բախումներ չեն լինի, սակայն հարաբերությունների գահավիժումը, ըստ Արտակ Զաքարյանի բացասական անդրադարձ կունենա գրեթե բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլն: Ստեղծված իրավիճակը, նշում է բանախոսը, նոր մարտահրավեր է Հրավային Կովկասի համար: «Սա կլինի Ռուսաստանին ազդանշան տարածաշրջանում իր շահերի ավելի արդյունավետ պաշտպանության համար», - հավելեց Զաքարյանը:

Ռուսաստանն, ըստ Վաղարշակ Հարությունյանի, այս համակարտության արդյունքում կամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում, հատկապես  Հայաստանում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: «Տեղի կունենա բազայի հզորացում, կբերվեն նոր M-24 և M-8 ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաև կստեղծվի միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Այս ամենի արդյունքում ռուսական զորախումբն այստեղ դառնալու է ավելի հզոր և արագաշարժ», - պարզաբանեց նա:

Միևնույն ժամանակ ռուս-թուրքական հակամարտության ազդեցության շառավիղը չի բացառվում, որ դուրս գա Սիրիայի սահմաններից և տարածվի Հարավային Կովկասի վրա: Հատկապես, որ նախադեպն արդեն կա, հիշեցնում է Վաղարշակ Հարությունյանը, և հավելում. «Հոկտեմբերի սկզբին թուրքական ռազմական ուղղաթիռները երկու անգամ խախտել են Հայաստանի օդային տարածքը։  Սա մեկնաբանվեց, որպես պատասխան Ռուսաստանին, ում կործանիչներն այդ դեպքից օրեր առաջ հայտնվել են Թուրքիայի օդային տարածքում»:

Հատկանշական է, որ երկու դեպքում էլ օդային սահմանի խախտումը տեղի է ունեցել երկու անգամ` մի քանի վայրկյան տևողությամբ: Կողմերը որպես միջադեպերի պատճառ բերեցին «վատ եղանակային պայմանները»։ 

Հարությունյանի կարծիքով պետք չէ բացառել, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը կարող է բացասական ազդեցություն ունենա իրավիճակի վրա ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Հնարավոր է, որ Թուրքիան փորձի Ադրբեջանի միջոցով ապակայունացնել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շփման գծում, ինչը նոր ճակատ է բացում Ռուսաստանի համար: Սա մարտավարություն է, որում Թուրքիան հետաքրքրված է, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը ներքաշվելու է նաև Ղարաբաղում պատերազմի մեջ և ավելի է թուլանալու: Սակայն իմանալով Ալիևին՝ կարող եմ ասել, որ նա նման քայլի չի գնա, քանի որ գիտի հետևանքների մասին», - ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով, այս ֆոնին պատահական չէին հայտարարությունները սահմանի երկյանքով զորքերի վերադասավորման և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի Հայաստան այցի մասին: «Թուրքիայի հետ տեղի ունեցող իրադարձություններից բացի, այդ ամենի նպատակը մեկն էր, որպեսզի Ադրբեջանը պատրեազմի սցենարը մտքից հանի», - հավելեց պաշտպանության նախկին նախարարը:    

Արտակ Զաքարյանը չհամաձայնեց Հարությունյանի կարծիքի հետ՝ նշելով, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումն անմիջական ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության վրա:

«Նման ազդեցություն կլիներ, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստան-Թուրքիա ռազմական բախման դեպքում փորձեր արկածախնդրության գնալ ղարաղաբյան ճակատում և վտանգեր իր ազգի ճակատագիրը: Սակայն ոչ մեկ հետաքրքրված չէ, որպեսզի իրադարձությունները նման կերպ զարգանան և տարածաշրջանը ընկղմվի ավելի մեծ խնդիրների մեջ», - հակադարձեց նա:

«Եթե Թուրքիայի նախաձեռնությամբ ղարաբաղյան ճակատում տեղի ունենա սրացում, սա կնշանակի Ռուսաստանի լիակատար աջակցություն Լեռնային Ղարաբաղի բանակին: Այս առումով Ադրբեջանի հնարավոր սադրանքը ղարաբաղյան ճակատում ոչ միայն վտանգավոր չէ, այլ ապահով է: Եթե Թուրքիան փորձի սրել հարցը Ղարաբաղում, այդ խնդիրը կարող է շատ ավելի արագ լուծում ստանալ», - եզրափակեց Ալեքսանդր Արզումանյանը:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում»
23.05.2019
15:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 23-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում «Մեդիա կենտրոնը»-ը անցկացրեց քննարկում «Անցումային արդարադատության իրականացման մեխանիզմները Հայաստանում» թեմայով:
Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը
22.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության ծառայության գործառույթներն ու լիազորությունների շրջանակը» թեմայով:
«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին»
21.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 21-ին ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների խնդիրները 2018-2019թթ.-ին» թեմայով
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները սուտ են, նա կխուսափի՞ քննությունից․ քննարկում Մեդիա կենտրոնում
20.05.2019
10:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից. դատական իշխանության անկախությու՞ն, թե՞ դատական համակարգի հին արատներ» թեմայով քննարկում։
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ