Հայաստանում աճում է տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների թիվը
29.10.2015
13:00
Արմավիրի մարզում գրանցված աշխատանք փնտրողների քանակն աճել է 38 տոկոսով` հասնելով 5602-ի, սակայն ոլորտի մասնագետներն առավել մտահոգիչ են համարում տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների թվաքանակի մեծացումը:

«Մենք ունենք 32.4 տոկոս տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդներ: Այսինքն, այդ երիտասարդներն աշխատանք չեն փնտրում, չեն սովորում, գրանցված չեն որպես գործազուրկ կամ աշխատանք փնտրող: Կա մոտիվացիայի պակաս», - նշեց Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը, որը կազմակերպվել էր Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ համատեղ:

Գործատուները, Հայկուհի Գևորգյանի համոզմամբ, պահանջում են անձնային բարձր որակներ, և նրանց համար առաջնային է ունենալ երիտասարդ կադր, որին կկարողանան սովորեցնել: Ըստ Գևորգյանի` «կրթական հաստատություններում պետք է երիտասարդների մոտ նախևառաջ զարգացնել առանցքային կարողություններ, որ նրանք հեշտությամբ կարողանան մտնել աշխատաշուկա»:

Ներկայում Հայաստանում գրանցված 75 հազար գործազուրկներից 4581-ը բնակվում են Արմավիրի մարզում: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.1%-ով (3548 մարդ): Իսկ 2015թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում  է 5602 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.0%-ով (4058 մարդ):

«Նման աճ արձանագրվել է ոչ միայն Արմավիրի մարզում, այլ ամբողջ հանրապետությունում: Սակայն գրանցված աշխատանք փնտրողների աճի պատճառներից է նաև զբաղվածության ծրագրերի քանակի ավելացումը: Օրինակ` արդեն երրորդ տարին է` իրականացնում ենք Սեզոնային աշխատանքների կազմակերպման ծրագիրը»,- ասաց ՀՀ Զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Թադևոսյանը:

Քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցող Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները նույնպես ուղղեցին իրենց հարցերը բանախոսներին:

Արմավիրի երիտասարդներին աջակցելու համար Զբաղվածության գործակալությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնցից Հասմիկ Թադևոսյանն առանձնացրեց Պրակտիկայի ծրագիրը:

«15 տարի է` երիտասարդներն անդադար բողոքում են, որ գործատուն աշխատանքային փորձ է պահանջում: Բողոքելու փոխարեն առաջարկում ենք դիմել Պրակտիկայի ծրագրին: Այս ծրագրի շրջանակներում այն երիտասարդները, ովքեր ունեն մասնագիտություն, գործատուների մոտ երեք ամիս տևողությամբ պրակտիկա են անցնում, և մեծ մասը տեղավորվում է աշխատանքի»,- ասաց Հասմիկ Թադևոսյանը:

Հայկուհի Գևորգյանը նույնպես անդրադարձավ երիտասարդների ակտիվության ու ճիշտ մասնագիտական կողմորոշման խնդրին:

«Կա մասնագիտական կողմնորոշման ծառայությունների, համակարգի բացակայություն ամբողջ Հայաստանում: Արմավիրի մարզում դպրոցականներին խնդրում ենք նշել մասնագիտություններ, և նրանք 15 մասնագիտությունից ավել չեն կարողանում հիշել:- ասաց Գևորգյանը, - Մասնագիտության ընտրությունը կատարվում է ոչ գիտակցված` հաշվի չառնելով ո´չ անձնային հնարավորությունները, ո´չ էլ աշխատաշուկայի պահանջարկը»:

Հասմիկ Թադևոսյանը հորդորեց երիտասարդներին ընտրել ճիշտ մասնագիտություն և լինել ակտիվ: «Դեռ ուսանողական տարիներից ակտիվ հասարակական, կամավորական գործունեությունը կօգնի ձեզ հաստատել կապեր, շրջապատ ձևավորել, սովորել գործատուին դիմելաձև, կտա աշխատանքային հմտություններ: Փնտրե´ք և եղե´ք ակտիվ»,- ասաց Հայկուհի Գևորգյանը:

Մարզային քաղաքացիական երիտասարդական կենտրոնների հետ քննարկումների շարքի նպատակն է խթանել մարզերում բնակվող երիտասարդների համար կենսական հարցերի վերաբերյալ իրազեկությունը, աջակցել երիտասարդներին բարձրաձայնել առկա խնդիրների մասին և գտնել հնարավոր լուծումները՝ համագործակցելով պետական կառույցների հետ:

Փառանձեմ Ավագյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-թարգմանիչ

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ