ՄԻԵԴ-ի վճիռը Հայաստանի և Ադրբեջանի փախստականների փոխհատուցման համար երկարատև գործընթաց է պահանջում
30.06.2015
12:30
ՄԻԵԴ-ի վճիռը Հայաստանի և Ադրբեջանի փախստականների համար անպայման պետք է կատարվի, այստեղ առկա է միայն փոխհատուցման մեխանիզմներիի մշակման խնդիրը:

Հունիսի 30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այս հարցին անդրադարձան «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և հայ փախստական Մինաս Սարգսյանի որդին՝ Վլադիմիր Սարգսյանը: Քննարկումը կազմակերպվել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն նախագծի նախաձեռնությամբ:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այս տարվա  հունիսի 16-ին բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:

ՄԻԵԴ-ը մեկ տարի է տրամադրել երկու պետություններին մեխանիզմների մշակման և փոխհատուցման համար:

«Չեմ կարծում, որ մեկ տարի հետո գումարները կստանան, դա եկարատև գործընթաց է  լինելու: Եվ նշանակություն չունի միասին կտան, թե առանձին-առանձին, որովհետև խնդիրը այլ հարթության մեջ է: Երկու կողմը նախ պետք է փոխհատուցման ձևը որոշի»,-ասում է Ալավերդյանը:

Նա նշում է, որ չնայած այս երկար սպասված վճռին, ադրբեջանական ԶԼՄ-ներում արձագանքները բացարձակապես համաչափ չեն ուղղված ՄԻԵԴ-ի որոշմանը:

«Ադրբեջանը շեշտը դնում է մեկ այլ բանի վրա, որ տեսեք Հայաստանից են դա պահանջում, ուրմեմն Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածքները: ՄԻԵԴ-ը իրապես դրան անդրադարձել է և կարող ենք ասել, որ լավ վիճակում ենք պատասխանի  դեպքում, որովհետև ԵԽԽՎ-ում էլ հարցեր բարձրացվեցին այս որոշումից ոգևորված, որ գրվեր, թե Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը և մնացած շրջանները, բայց դա չմտավ և չի կարող մտնել ԵԽԽՎ-ի կողմից»,-ասում է Ալավերդյանը:

Նա ընդգծում է, որ ՄԻԵԴ-ը աշխատում է միայն ճանաչված պետությունների հետ, և դրանից ելնելով էլ Հայաստանին է ուղղված այս վճիռը՝ նշելով որ մենք վերահսկողություն ունենք ԼՂՀ-ի վրա և բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, ինչը այդպես է:

Ալավերդյանը հղում է կատարում նաև փորձագիտական հաշվարկներին, որոնք դեռ 1990-ականներին կատարվել են Ադրբեջանում և նշում, որ հայերը  Ադրբեջանում թողել են ավելի շատ սեփականություն  (գույքային և ոչ գույքային արժեքներ), քան ադրբեջանցիները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«1994-1996 թթ-ին ես արել եմ հետազոտություն և հայերը Ադրբեջանի շենքային պայմաններում թողել են մեկ հազար բնակարան ավելի շատ, քան ադրբեջանցիները Հայաստանի և Լեռնային  Ղարաբաղի տաածքում: Ինչքան շատ են փաստաթղթեր ներկայացնում, այնքան  հավաստի է ՄԻԵԴ-ի համար լինում, իսկ փոխհատուցման ձևը  պետությունը պետք  է որոշի, լինի դա նյութական փոխհատուցում, թե անձի վերադարձ այդ տարածք: Հասկանալով, թե  ինչքան դժվար և խճճված խնդիր է, դրա համար տրվել է մեկ տարի Ադրբեջանին և Հայաստանին, որպեսզի հնարքներ գտնեն և իրականացնեն  փոխհատուցման հարցը»,-նշում է Ալավերդյանը:

Նա առաջարկում է ստեղծել ազգային մակարդակով փորձագիտական մի խումբ, որը կուսումնասիրի , թե ինչ պատճառներով են թողել մարդիկ իրենց բնակավայրերը, որն է ավելի մեծ գումարային փոխհատուցում պահանջում, որը քիչ, և այդ եզրակացությունները հիմք կծառայեն իշխանությունների համար: Այդ ամենից հետո, ըստ Ալավերդյանի, կարող է ստեղծվել նաև միջազգային, կամ Հայաստանի ու Ադրբեջանի միջպետական մի հանձնախումբ:

2006թ․-ին Ադրբեջանի դեմ ներկայացրած Մինաս Սարգսյանի հայցում ասված է, որ 1992թ․-ին նա իր ընտանիքի հետ ստիպված թողել է Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր երկհարկանի տունը՝ ռազմական գործողությունների հետևանքով: Նույն ձևակերպմանը հանդիպում ենք Ադրբեջանի քաղաքացիների՝ ազգությամբ քուրդ Չիրագովների, Ջեբրայիլովների ու այլոց, Հայաստանի դեմ 2005թ․-ին ներկայացրած հայցում՝ 1992թ․-ին ստիպված թողել են Լաչինում գտնվող իրենց անշարժ գույքը՝ ռազմական գործողությունների պատճառով:

Եվ ահա 10 տարի անց հայցը բավարարվեց ՄԻԵԴ-ի կողմից, ինչը նախադեպային որոշում է:

Քննարկման մասնակից  Վլադիմիր Սարգսյանը, ով Մինաս Սարգսյանի որդին է, պատմում է, որ հայրը միշտ երազում էր հետ վերդառնալ Գյուլիստան, ուր թողել էին իրենց ողջ ունեցվածքը:

«Ուզում էր պայքարած լիներ, դրա համար էլ դիմեց դատարան: Գյուղում ինչպես բոլորը, այնպես էլ մենք ունեինք տուն, անասուն, այգի:  Փոխհատուցումը չեմ պատկերացնում ինչպես պետք է անեն, բայց մեզ համար ուրախալին այն է, որ հաղթանակ ունեցանք՝ ընդդեմ Ադրբեջանի: Կցանկանայի մեր ժողովուրդը միասնական լինի, որ հաջողության հասնի, քանի որ այս դեպքում թե պետությունը, թե մեր իրավաբանները , բոլորս միասնական էինք ու արդյունքը արդեն կա»,-նշում է Սարգսյանը:

Ալավերդյանը հավելում է, որ այս հարցով 600 դիմում կա Հայաստանից և 400 դիմում Ադրբեջանից, որոնք ուղարկվել են ՄԻԵԴ:

«Ընդհանուր առմամբ ՄԻԵԴ-ը ստացել է հազարից ավել դիմումներ երկու կողմից: Բայց այդ նախադեպային որոշումը ունենալուց հետո պետք չէ, որ մյուս բոլորն էլ դիմեն ՄԻԵԴ: Դա արդեն կարող են ազգային դատական ատյաններում այդ հարցերը լուծել»,-նշեց Ալավերդյանը:

Անդրադառնալով Ղարաբաղյան հարցում  Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին, Ալավերդյանը նկատեց, որ. «ՄԻԵԴ-ի դերակատարությունը այնքան հզոր է, որ նա չի նայում լարվա՞ծ են  հարաբերությունները պետությունների միջև, թե՞ ոչ, պատերազմ կա՞, թե՞ չկա: Նա դիտարկում է, որ խաղաղ բնակչության հանդեպ պետությունները ունեն իրենց պարտավորությունները և պետք է կատարեն»,-եզրափակեց Ալավերդյանը:

Լիլիթ Առաքելյան «Մեդիակենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի»
27.05.2020
15:30
Մայիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Տնտեսական կյանքը կարևոր է, մարդկանց կյանքերը՝ ավելի» թեմայով:
Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվեց
26.05.2020
01:44
Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց մամուլի ասուլիս «Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումը կհրապարակվի» թեմայով:

COVID-19. միայն, խնդրում եմ, առանց խուճապի
25.05.2020
15:00
Այսօր՝ մայիս 25-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց առցանց հարցազրույց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան, լյարդաբան Հասմիկ Ղազինյանի հետ:
«Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում»
21.05.2020
18:00
Մայիսի 21-ին, ժամը 18:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Զբոսաշրջությունը Հայաստանում COVID-19-ի պայմաններում» թեմայով:

«Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից»
18.05.2020
14:00
Մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Ո՞ր տարիքից և ինչպե՞ս երեխան կարող է պաշտպանվել սեռական ոտնձգություններից» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Հունիսի 1, 14:30
Քննարկում
«Վեթինգ լինելու է, բայց ինչպե՞ս»
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ