Հայաստանը պատրաստվում է ատոմակայանի աշխատանքների ժամանակավոր դադարեցմանը
18.06.2015
12:30
Հայաստանում ՄԱԳԱՏԷ-ի մասնագետների առաջարկությունների հիման վրա պատրաստվելու է միջուկային էներգետիկայի մասին նոր օրենք: Թեև գործող օրենքում շատ լրամշակումներ են կատարվել, սակայն օրենսդրական բազան թարմացման կարիք ունի: Նոր օրենքը մշակվելու է հաջորդ տարի, որում հաշվի են առնվելու Ֆուկուշիմայի վթարի դասերը, միջուկային նյութերի և ֆիզիկական պաշտպանության միջոցները:

Նույն ժամանակահատվածում Մեծամորի ատոմակայանում անցկացվելու են հետազոտական աշխատանքներ վերջինիս շահագործման ժամկետը տաս տարով երկարաձգելու համար: Այդ մասին հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» կայացած «Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման խնդիրը. դրդապատճառներ և հնարավոր ռիսկեր» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում, և այն գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում՝ Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և դադարցվել է 1989թ.-ին՝ Սպիտակի 1988թ.-ի երկրաշարժի պատճառով: Այնուհետև վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին՝ հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով: Ատոմակայանի երկու կայանները զինված են ռուսական ВВЭР-440 ռեակտորներով:

Գործող ատոմակայանը 440 մվտ հզորությամբ, ըստ մասնագետների, բարոյապես սպառված է, սակայն շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգահամակարգի հավասարակշռության և անվտանգության համար: Այն ապահովում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Հայաստանի Ազգային ժողովը վերջերս հաստատեց Ռուսաստանի հետ կնքված վարկային պայմանագիրը, համաձայն որի Մոսկվան տրամադրում է հայկական կողմին 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ՝ ատոմակայանում արդիականացման աշխատանքներ իրականացնելու և վերջինիս շահագործման ժամկետը երկարաձգելու համար: Պայմանագիրը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների մակարդակում կնքվել է 2014 թ-ի դեկտեմբերին:

Աշոտ Մարտիրոսյանը ռիսկեր չի տեսնում Մեծամորի ատոմակայանի «կյանքը» երկարաձգելու հետ կապված: «Հանարավոր է լինեն ժամկետների որոշակի ճշգրտումներ՝ կապված ֆինանսավորման խնդիրների հետ: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն ընթանում են նախատեսված գրաֆիկով», - նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ արդիականացմամբ պայմանավորված ատոմակայանի գործունեության ժամանակավոր դադարեցման պարագայում հանրապետությունը խնդիրներ չի ունենա էլեկտրամատակարարման հետ:

«Կարող եմ ասել, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաշվարկել է ատոմակայանի ժամանակավոր դադարեցման ժամկետները: Այդ ընթացքում պետք է կատարվեն ուսումնասրություններ, ինչպես նաև երկրորդ փուլի աշխատանքները՝ ուղղված կայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և սարքավորումների փոփոխմանը», - հայտարարեց նա: Միջազգային փորձը ցույց է տալիս, նշում է բանախոսը, որ այդ շախատանքները տևում են մոտ վեց ամիս: «Բնականաբար այդ ընթացքում նախատեսված է օգտագործել էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ», - հավելեց նա:  

Բանախոսն անդրադարձավ նաև հնարավոր ռիսկերին և վտանգներին, բայց չցանկացավ հստակ նշել դրանք, քանի դեռ չեն ավարտվել հետազոտությունները: «Միայն հետազոտությունների արդյունքում կարող ենք խոսել այն մասին, թե արդյոք ատոմակայանի շահագործման ժամկետը կարելի է երկարաձգել», - ասաց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը:  

Այնուամենայնիվ նա բացեց փակագծերը՝ հավելելով, որ ռիսկերից մեկը կարող է լինել ռեակտորի մետաղի վիճակը: «Սա ուղղակի որպես օրինակ եմ նշում, քանի որ մինչ այս իրականացվել են պլանային վերանորոգման աշխատանքներ, և հուսով ենք, որ հետազոտությունների արդյունքում էլ որևէ լուրջ խնդիր չի առաջանա: Ատոմակայանի ռեակտորը չորս տարին մեկ վերանորոգվում է, և դեռ ռիսկեր չեն հայտնաբերվել», - նշեց նա:

Ամփոփելով ասուլիսը՝ բանախոսը հավելեց, որ պլանավորված հետազոտություններից և արդիականացման աշխատանքներից հետո Հայկական ատոմակայանը ևս տաս տարի շահագործման լիցնեզիա կստանա: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները»
19.02.2020
12:00
Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները» թեմայով։
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
«Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում»
14.02.2020
13:00
Փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (հասցե՝ Թումանյան 42, կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, փոքր դահլիճ) տեղի ունեցավ քննարկում՝ «Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ