Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում 2013-ին
19.12.2013
12:00
«Իհարկե, դատական համակարգը իրոք աղետալի վիճակում է, բայց ես այս տարի առաջին տեղում կդնեի ոստիկանությանը: Երբ Վովա Գասպարյանը ստանձնեց պաշտոնը, աղոթքով, մեսիայի կերպարով փորձեց հանդես գալ հանրության առաջ, բայց իրականում մենք ականատես եղանք բազմաթիվ բռնի դեպքերի».այս գնահատականը Ժաննա Ալեքսանյանինն է՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, ով այսօր «Մեդիա կենտրոնում» ամփոփեց մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը 2013-ին:

ՀԿ-ն զբաղվում է հիմնականում զինծառայողների իրավունքներով: Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ բանակում մահվան գործերով դատապարտվողները ոչ թե սպաներն են, այլ հիմնականում շարքայինները, որոնց մեծ մասը ծանր սոցիալական պայմաններով ընտանիքներից է: Իսկ սպաները նման դեպքերից հետո հաճախ պարզապես ծառայության են տեղափոխվում այլ զորամաս:

«Այն, թե Քննչական ծառայությունը ինչպես է կատարում նախաքննություն, ուղղակի սարսափելի է: Վկաներին ամիսներով Ռազմական ոստիկանությունում պահում են անազատության մեջ: Երբ վկան դատարանում հայտարարում է, որ ճնշումներ են եղել, մեղադրողը հենց դատարանում կարող է սպառնալ վկային: Ունենք նման դեպք: Դատարանը չի արձագանքում բոլորովին»,- դժգոհեց Ալեքսանյանը: 

Ավետիք Իշխանյանը՝ Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահը, նշեց, որ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում 2013թ. կատարված փոփոխությունների արդյունքում Հայաստանում չկան խղճի բանտարկյալներ: Սա անցնող տարվա ձեռքբերումն էր:

Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ Հայաստանում տարեցտարի մարդու իրավունքների վիճակը հիմնովին չի փոխվում: Խնդիրն այն է, որ երկրում չկա իշխանության տարանջատում: «Դատարանները գործադիր իշխանության շարունակությունն են և նրան ենթակա: Մենք չենք կարող արդարություն փնտրել դատարանում, քանի որ դատարան գոյություն չունի: Այսպիսի դատարան ունենալու պայմաններում հնարավոր չէ խոսել մարդու իրավունքների մասին»,- հավելում է Իշխանյանը: 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը 2013-ի լուսավոր իրադարձություն համարեց Մատաղիսի գործով հանիրավի դատապարտվածների արդարացումը 9 տարի պայքարելուց հետո, ինչպես նաև քաղաքացիական ակտիվությունը տարբեր հարցերում: 

Սաքունցի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ այնպիսի արհամարհանք, ինչպիսին դրսևորում է Սերժ Սարգսյանի վարչակազմը, չի եղել: «Սարգսյան և իրավական համակարգ հասկացությունները համատեղելի են այնքանով, որքանով համատեղելի են կրակն ու ջուրը կամ մահն ու կյանքը,- ասում է Սաքունցը և օրինակ բերում,- Լիսկայի և իր որդու նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը և կալանքից ազատումն այն ցուցանիշն է, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում իր քաղաքացիներին»:

Իրավապաշտպանների կարծիքով՝ Հայաստանն այս տարի ունի 14-ից ավելի քաղբանտարկյալ՝ հանձին Շանթ Հարությունյանի և իր ընկերների:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադևոսյանի կարծիքով՝ ամենից շատ խախտվում են Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները: 

Թադևոսյանի տեղեկացմամբ՝ իրենց հանձնաժողովը 2013թ. ստացել է 210 դիմում: «Ամբողջ տարվա ընթացքում ընդամենը 27 անձնավորություն է, որ մեզ մոտ եկել է ընդունելության: Դիմումները տալիս են, գործունեությունը ծավալվում է, բայց մենք ոչ մի բան անելու իրավունք չունենք»,- ասաց Թադևոսյանը:

Քննարկման ընթացքում Աշոտ Մելիքյանը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, նշեց, որ 2013 թվականը շատ լարված էր և լրագրողների, և լրատվամիջոցների համար՝ պայմանավորված նախագահի և Երևանի ավագանու ընտրություններով:

«Ընտրությունների ժամանակ մեզ մոտ միշտ լարվում է քաղաքական մթնոլորտը, և ուժեղանում են գրոհները՝ ընդդեմ զլմ-ների և լրագրողների»,- ասաց Մելիքյանը: Նրա տեղեկացմամբ՝ 2013թ. միայն 9 ամսվա տվյալներով լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աճել է (7 դեպք) ամբողջ 2012-ի ցուցանիշի համեմատ (4 դեպք): 2013թ. 9 ամսում արձանագրվել է լրագրողներին ճնշելու 49 դեպք, ամբողջ 2012թ.-ին այդ ցուցանիշը 37 էր:

Դեկտեմբերի 19-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկում` «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում. տարվա ամփոփում» խորագրով: Քննարկման բանախոսներն էին Մարտին Թադևոսյանը՝ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, Ավետիք Իշխանյանը՝ Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ, Արթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Աշոտ Մելիքյանը՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, և Ժաննա Ալեքսանյանը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում
20.07.2021
12:00
Հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում» թեմայով:
Հայաստանի ջրային պաշարների կորուստները՝ պատերազմից հետո. ի՞նչ նոր լուծումներ են անհրաժեշտ
15.07.2021
11:54
Հուլիսի 15-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «Հայաստանի ջրային պաշարների կորուստները՝ պատերազմից հետո. ի՞նչ նոր լուծումներ են անհրաժեշտ» թեմայով:
Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը
13.07.2021
13:00
Հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը» թեմայով:
Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ
07.07.2021
13:00
Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ քննարկում՝ «Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ» թեմայով:
Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում
07.07.2021
11:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ «Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում» թեմայով:

Հարցազրույցը Հայաստան-ԵՄ համաձայնագրի՝ քաղհասարակության հավաքական մոնիտորինգի ծրագրի շրջանակում էր: Նպատակը՝ նպաստել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը և ՀՀ քաղաքացիների համար այդ համագործակցության առավելությունների ներկայացմանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ