«2014-ին Շիրակում աղետից անօթևան բոլոր ընտանիքներն ապահովված կլինեն բնակարանով»
12.12.2013
17:00
Շիրակի մարզում աղետից անօթևան բոլոր ընտանիքներն ապահովված կլինեն բնակարանով միայն հաջորդ տարի՝ 2014-ին. խոստացավ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը դեկտեմբերի 12-ին՝ «Երկրաշարժ. 25 տարի անց» բանավեճի ընթացքում:

«Երկրաշարժից հետո Գյումրիում փլուզվեց և քանդման ենթակա դարձավ 20600 բնակարան: Այդքան բնակարան էլ կառուցվել է»,- ասաց Մարգարյանը: Սակայն Գյումրիում դեռ կա 430 ընտանիք, որը շահառու է ճանաչվել և բնակարան դեռ չի ստացել: Մարգարյանը պարզաբանեց, որ ոչ թե քաղաքի բնակչությունն է ավելացել, այլ ընտանիքներ են կիսվել: 

Գյումրիին այս առումով «նախանձում է» Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա նշեց, որ ի տարբերություն Գյումրիի՝ իրենք դեռ հիվանդանոցի խնդիր ունեն: Սակայն դպրոցների մասով իրավիճակն ավելի բարվոք է: «Այսօր Լոռու մարզում չկա մի դպրոց, որը տնակային պայմաններում աշխատի, իսկ այդպիսի 173 դպրոց կար»,- ասաց Ասլանյանը:

Նրա գնահատմամբ՝ Վանաձորում 1989-1995թթ. բնակարանային ֆոնդը վերականգնվել է շատ ինտենսիվ: Այսօր Վանաձորում մնում է կառուցել 1 բնակելի շենք 16 բնակարանով, և բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների խնդիրը կլուծվի: Սպիտակում այդ խնդիրը կլուծվի 2014թ.:

Միաժամանակ Ասլանյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում 1995-2005թթ. շինարարություն չի կատարվել: 2013թ. մարզում շահագործման է հանձնվել ընդամենը 32 բնակելի տուն: «2009- 2010թթ. տեմպը 2012-2013-ի հետ համեմատել պետք չէ: Մենք ահավոր դժգոհ ենք 2013-ի տեմպից»,- ասաց Լևոն Ասլանյանը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը լավատես չէ: Նա վստահ է, որ երկրաշարժից հետո մարդկանց տանջում-սպանում են տնակներում, քանդված հանրակացարաններում: Թումասյանն ափսոսում է, որ Երևանի Հյուսիսային պողոտայի վրա ծախսվեց է՛լ ավելի հսկայական գումար, քան կպահանջվեր ամբողջ աղետի գոտին վերականգնելու համար:

Եվգենյա Աթայանը՝ Քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետը, արձագանքեց, որ Հյուսիսային պողոտան կառուցվել է մասնավոր, ոչ թե պետական միջոցներով: Աթայանը ցավով նշեց, որ երկրաշարժից 20 տարի անց անհրաժեշտություն առաջացավ աղետի գոտու վերականգնման նոր ծրագրի: Արդյունքում 2008-ին սկսվեց 85 մլրդ արժողությամբ ծրագիրը:

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, spitakseism.info կայքի հիմնադիր Իոսիֆ Պալյանը հիշեցրեց, որ երկրաշաժից հետո ինքը հորդորում էր չքանդել կանգուն մնացած շենքերը: Սակայն շատ կանգուն շենքեր պարզապես պայթեցվեցին, ինչի վնասը դոցենտը համարում է մեծ:

«Եթե շենքը 9 բալի տակ դիմացել է, չի կարող վտանգավոր լինել, պարզապես պետք էր այդ շենքի նկատմամբ ուշադիր լինել: Ախուրյանում շատ կային 5 հարկանի շենքեր, որոնք բավականին լավ էին դիմացել, բայց դրանք քանդեցին, քանի որ ամեն շենքի քանդելու համար 60 հազար ռուբլի էին տալիս: Շենքերը քանդում էին զինվորները»,- ասաց Իոսիֆ Պալյանը:

Աթայանի խոսքով՝ այսօրվա դրությամբ կառուցվել է 3770 բնակարան, բնակելի տուն, 382 ընտանիք բնակարանային պայմանները բարելավել են կառավարության առանձին որոշումներով: 1295 բնակարան, բնակելի տուն շինարարության ընթացքում է, նախատեսվում է ավարտել է 2014-ին:

«Չե՞ք համարում, որ գյումրեցիների մեղքն էլ կա, որ ապրում են տնակներում: Գյումրեցիները կառչած են իրենց տնակներից: Երբ հերթը հասնում է սեփականաշնորհման, որի պարտադիր պայման է տնակի քանդելը, հայտնվում է, որ այդ տնակը քարաշեն կառույց է, մասնավորեցնում են բարեկամի անունով, որ այդ տնակը չքանդվի: Բազմաթիվ են այդ դեպքերը»,- ասաց Եվգենյա Աթայանը:

Վահան Թումասյանն նշեց, որ տնակներում ապրող 3500 ընտանիք հաշվառված չէ անօթևանների հերթացուցակում, քանի որ նախընտրեց գործարքի մեջ մտնել պետության հետ՝ վերցնելով շատ փոքր գումար, իմանալով, որ միևնույն է՝ բնակարան չի ստանալու: Եվ 1000 անօթևան ընտանիք հաշվառված է այդ հերթացուցակում:

Թումասյանի խոսքով՝ 4500 ընտանիք դեռևս ապրում է նման պայմաններում: Այդ թվում՝ Գյումրիում դեռ կա 3700 տնակ, որտեղ ապրում է 3300 ընտանիք: 1000 ընտանիք ապրում է գործարանային հանրակացարաններում, որտեղ պայմաններն ավելի վատ են, քան վագոն-տնակներում:

«Այդ տնակային ավանները կարելի է բնորոշել որպես դժոխք երկրի վրա: Յուրաքանչյուր 2-3-րդ տնակում կտեսնեք հիվանդ, հաշմանդամ երեխաներ, որոնք անտանելի պայմաններում բնակվելու պատճառով են այդ հիվանդությունները ստացել: Հիմնականում տնակային ավաններում ապրող երեխաներն են զորակոչից ազատվում, որովհետև բոլորը հիվանդություններ ունեն»,- ասաց «Շիրակ կենտրոնի» նախագահը:

Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ` «Երկրաշարժ. 25 տարի անց» թեմայով: Բանավեճի բանախոսներն էին՝ Լևոն Ասլանյանը՝ Լոռու մարզպետի խորհրդական, Ալբերտ Մարգարյանը՝  Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ, Եվգենյա Աթայանը՝ Քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ, Վահան Թումասյանը՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Իոսիֆ Պալյանը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, www.spitakseism.info կայքի հիմնադիր:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ
02.08.2021
13:30
Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ» թեմայով:
Հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա. ի՞նչ գործիքակազմի մասին էր ԱԳՆ հայտարարությունը
28.07.2021
15:30
Հուլիսի 28-ին, ժամը 15:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ: Թեման՝ «Հարձակում Հայաստանի սուվերեն տարածքի վրա. ի՞նչ գործիքակազմի մասին էր ԱԳՆ հայտարարությունը»։
Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. հանրությանը ծառայելու գինը
28.07.2021
13:30
Հուլիսի 28-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Աշխատավարձ, պարգևավճար + 250 հազար. հանրությանը ծառայելու գինը» թեմայով:
Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ
28.07.2021
12:00
Հուլիսի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ» թեմայով:
Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական
23.07.2021
12:00
Հուլիսի 23-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ