Վիլնյուսյան գագաթնաժողով՝ հետադարձ հայացք
04.12.2013
12:00
Հայաստանն անտեսված էր Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին, ողջ ուշադրությունն Ուկրաինայի վրա էր: Այս տպավորությամբ են վերադարձել ֆորումի հայաստանցի մասնակիցները Վիլնյուսից:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ նշեց, որ ֆորումում բոլորը շնորհավորում էին Վրաստանին ու Մոլդովային, իսկ Հայաստանը պարզապես դուրս էր գործընթացից:

ԵՄ-ն կշարունակի իր համագործակցությունը Հայաստանի հետ, դրամաշնորհներ կտրամադրի կառավարությանը և պետությանը, կանխատեսում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի»  հանրային կապերի և ծրագրերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանը: ԵՄ-ն մոնոլիտ կառույց չէ, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, բայց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ չի մտնի:

Հայաստանցիները, այս տարիների ընթացքում շփվելով Եվրոպայի հետ, շատ լավ կարող են ԵՄ-ն համեմատել Մաքսային միության անդամներ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ, որոնք կոռուպցիայի առումով Հայաստանից ավելի վատ վիճակում են: Այս տեսակետը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանինն է:

«Չկա բանական որևէ մեկը, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև համեմատություն անելով՝ նախապատվությունը տա Ռուսաստանին,- վստահ է Բարսեղյանը,- hիմա Հայաստանը մաքսային ոլորտում որոշումներ կայացնելը պատվիրակելու է վերպետական կառույցի, ինչը հակասում է Սահմանադրությանը: Այս առումով ՄՄ-ին անդամակցելու որոշումը համարում ենք դավաճանական»:

Բանախոսներն ասացին, որ ֆորումի ընթացքում Ուկրաինայի 20 մլն-անոց սփյուռքի ներկայացուցիչը հայտարարեց՝ Ուկրաինայի ապագան Եվրոպայում է և ոչ թե Ռուսաստանում: Հայկական սփյուռքի ներկայացուցիչները միջոցառման ընթացքում նման հայտարարություններ չարեցին:

«Այնքան ուժեղ էր ուկրաինական սփյուռքի այդ դիրքորոշումը և այնքան կարևոր էր՝ որպես սատարում տվյալ երկրի ժողովրդին և որպես պահանջատիրական դրսևորում, որ պարզապես բարի նախանձով կարելի էր լցվել, որ էդպիսի սփյուռք գոյություն ունի, որը սատարում է, ինչը չի կարելի, ցավոք սրտի, ասել մեր սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասի կամ սփյուռքահայ կազմակերպությունների մասին»,- ափսոսանք հայտնեց Սոնա Այվազյանը:

Վերջինիս համոզմամբ` Հայաստանի պետությունը եվրաինտեգրման ուղղությամբ աշխատանքներ տանելուն զուգահեռ ամեն ինչ անում, որ եվրոպական արժեքները թյուր ընկալվեն. օրինակ` որպես միասեռականներին և ընտանիքը քայքայելուն միտված:

«Եթե Ռուսաստանին պետք են ոչ կայուն հարևաններ, որոնց գործերին ցանկացած պահի կարող է միջամտել, կոնֆլիկտներ հրահրել, իր շահերին լուծում տալ, ապա Եվրոպային պետք են կայուն հարևաններ, որովհետև ժողովրդավարությունը ի վերջո բերում է կայունության»,- շարունակեց Սոնա Այվազյանը, ով նաև հիասթափեցնող է համարում այն փաստը, որ եվրոպացիները Վիլնյուսում չհնչեցրին ինքնաքննադատական գնահատականներ, թե արդյոք իրենք դեր ունեի՞ն նրանում, որ Հայաստանում այդպիսի ձախողումներ եղան, արդյոք իրենք, Հայաստանի ընտրությունները գնահատելիս չե՞ն կիրառել երկակի ստանդարտներ:

Այն, ինչ այս պահին անվանում ենք եվրոպական արժեք, իրականում համամարդկային արժեքներ են. հավելեց Իզաբելլա Սարգսյանը: «Այն, որ Հայաստանը չի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, չի նշանակում, որ Հայաստանը չպիտի ընթանա համամարդկային արժեքներով: Հայաստանը չի դադարեցնում էր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, ՄԱԿ-ին»,- ասաց Սարգսյանը:

Նրա համոզմամբ՝ Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակները պետք է ավելի ակտիվ աշխատեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:

«Հայաստանն օգնություն չի ստանալու որևէ տեղից, ուստի միայն մեր ուժերին պետք է ապավինենք ժողովրդավարական և իրավական երկիր դառնալու ճանապարհին: Այդ պատասխանատվությունը մեր սերնդի վրա է: Այլընտրանքն է` դառնալ ինչ-որ մի պետության գուբերնիա: Մենք պատմական նշանակության մարտահրավերի առաջ ենք կանգնած՝ կորցնելու մեր ինքնիշխանությունը, որը նվաճել են մեր ծնողները»,- եզրափակեց Սարգսյանը:

Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Արևելյան գործընկերությանքաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան մասնակիցները ներկայացրին իրենց մեկնաբանություններն ու դիտարկումները Վիլնյուսյան գագաթնաժողովի վերաբերյալ: Քննարկման բանախոսներն էին Իզաբելլա Սարգսյանը՝ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հանրային կապերի և ծրագրերի պատասխանատու, Սոնա Այվազյանը՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի փոխտնօրեն, Լևոն Բարսեղյանը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում
20.07.2021
12:00
Հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գործընթացը Հայաստանում» թեմայով:
Հայաստանի ջրային պաշարների կորուստները՝ պատերազմից հետո. ի՞նչ նոր լուծումներ են անհրաժեշտ
15.07.2021
11:54
Հուլիսի 15-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «Հայաստանի ջրային պաշարների կորուստները՝ պատերազմից հետո. ի՞նչ նոր լուծումներ են անհրաժեշտ» թեմայով:
Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը
13.07.2021
13:00
Հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը» թեմայով:
Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ
07.07.2021
13:00
Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ քննարկում՝ «Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ» թեմայով:
Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում
07.07.2021
11:00
Հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ «Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում» թեմայով:

Հարցազրույցը Հայաստան-ԵՄ համաձայնագրի՝ քաղհասարակության հավաքական մոնիտորինգի ծրագրի շրջանակում էր: Նպատակը՝ նպաստել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը և ՀՀ քաղաքացիների համար այդ համագործակցության առավելությունների ներկայացմանը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ