Ցմահ դատապարտյալների խնդիրները
22.05.2013
12:00
Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս «Հայաստանում ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայման, ներման ու համաներման նախադեպի բացակայությունը» թեմայով:

Բանախոսներն էին Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը,  լրագրող  Զարուհի Մեջլումյանը, ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնության անդամ  Զարուհի Մուրադյանը  եւ  հայագետ, կինոգետ Արծվի Բախչինյանը:

Իշխանյանի համոզմամբ՝ ցմահ դատապարտվածներին Հայաստանի իշխանությունները համարում են կորած մարդիկ՝ թույլ չտալով, որ հույս ունենան: Դատապարտյալները չեն կարողանում օգտվել տեղական ու միջազգային օրենքներով սահմանված իրենց իրավունքներից, որոնցից մեկը պայմանական վաղաժամկետ ազատ արձակումն է պատիժը կրելուց 20 տարի անց:

Իշխանյանը նշում է, որ ամենամեծ օրենսդրական բացթողումներից մեկն այն է, որ ցմահ բանտարկության են դատապարտում անչափահաս երիտասարդների:

«Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ դեմ է 18-21 տարիքային շեմը բարձրացնելուն, որովհետև, իր կարծիքով, այդ դեպքում բանակային հանցագործությունները կշատանան: Սա պատժող մարդու հոգեբանություն է՝ հատուկ ստալինյան ժամանակներին»,- ասաց Իշխանյանը:  

18-21 տարեկան հանցագործների հանդեպ ցմահ բանտարկություն կիրառելը շատ խիստ պատիժ են համարում նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:

«Ողջ աշխարհում այս տարիքի անձինք դեռևս անչափահաս են համարվում: Այս խնդրի վերաբերյալ մեր առաջարկներն Ազգային ժողովում կքննարկվեն 2014-ին: Սկսվելու են նաեւ աշխատանքներ ընդհանուր գործերի վերանայման ուղղությամբ, որից հետո մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա նախաձեռնությամբ»,-հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:

Լրագրող Զարուհի Մեջլումյանը հայտնում է, որ 22 անձ ցմահ բանտարկության է դատապարտվել 18-21 տարեկանում, նրանցից 15-ը զինվորական են եղել:

«Այլ երկրներում դատապարտյալները կարող են պահանջել վերանայել իրենց գործերը ու անցկացնել հատուկ ԴՆԹ թեստ, որը Հայաստանում իրականացնել հնարավոր չէր, քանի որ իրեղեն ապացույցները ոչնչացնում են: Մեր քաղաքացիական նախաձեռնության ջանքերով ընդունվեց օրենք, ըստ որի արգելվում է վերացնել կյանքի դեմ ուղղված հանցագործության իրեղեն ապացույցները: Սա ես համարում եմ մեծագույն հաղթանակ: Այժմ հիմնադրում ենք մի նոր ՀԿ, որը զբաղվելու է ԴՆԹ թեստերի կիրառման հարցերով»,- ասաց Մեջլումյանը: 

Զարուհի Մուրադյանը ավելացրեց, որ ժամանակին իրենց նախաձեռնող խումբը խնդրագրերով էր դիմում օրենսդիր մարմիններին, բայց այդպես էլ որևէ արձագանք չստանալով, պարզ դարձավ, որ օրենսդրական նախագծերով հանդես գալն ավելի ճիշտ է:

Մի քանի օր առաջ լույս է տեսել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Զուգահեռ աշխարհներ» գիրքը, որի հասույթը ուղղվելու է վերջինիս կրթությանը: Արծվի Բախչինյանը համոզված է, որ  Ենոքյանը դարձել Հայաստանի ցմահ բանտարկյալի հավաքական կերպար, իսկ գիրքը ներկայացնում է ոչ միայն իր, այլ բոլոր ցմահ դատապարտվածների ճակատագիրը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրեցին իրենց պահանջները նաեւ հայտարարության տեսքով, որն ուղղված է ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը:

Հայտարարություն

Հայաստանում ազատազրկվածները,  մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ. չկա ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայում, ներման ու համաներման նախադեպ:

1. Ըստ օրենքի, 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալները պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունեն: Պատժի 20 տարվա շեմն առաջինը հատել էր 1991 թ-ին մահապատժի դատապարտված Մանուկ Սեմերջյանը, սակայն դատարանը մերժել էր նրան` տուժող կողմին վճարվելիք տույժը չմարելու պատճառաբանությամբ: Դատարանը հաշվի չառավ նաև այն, որ Սեմերջյանը 20 տարիներին չէր ունեցել որևէ խախտում: Անտեսվեց նաև այն, որ դատապարտյալը երկու անգամ տարել էր ծանր վիրահատություն: Պատժի 21 տարին լրանալուց հետո ընդամենը բավարարվեցին` նրան  կիսափակ ռեժիմային ՔԿՀ տեղափոխելով: Մի քանի ամիս անց՝ 2012 թ-ի դեկտեմբերին, նա մահացավ:

Մանուկ Սեմերջյանից հետո պատժի կրման 20-ամյա շեմը, ըստ ՔԿՎ-ից ստացված տեղեկատվության, հատել է ևս 3 ցմահ դատապարտյալ, սակայն 2-ի վերաբերյալ ՔԿՀ վարչական հանձնաժողովը մերժել է պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդագիր ներկայացնել: Պատճառաբանությունը նույնն է` մարված չեն տույժ հանդիսացող գումարները: Երրորդի դեպքում նույն հանձնաժողովը որոշում է կայացրել հարցի քննարկումը հետաձգել:  Ցմահ դատապարտյալները չունեն սեփական գումար վաստակելու հնարավորություն, ուստի հարց է առաջանում՝ ինչ միջոցներից նրանք պետք է վճարեն գումարները: Հետևաբար, հասարակություն վերադառնալու, ուղղվելու, վարքում դրական տեղաշարժեր դրսևորելու որևէ ազդակ չունեն այս մարդիկ: Ավելին` ահազանգեր ենք ստանում նրանց հուսահատ վիճակի մասին:

2. ԱԺ քառօրյա են ընդգրկվել Քրեական և Քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծեր, որոնցով նախատեսվում է ցմահ դատապարտյալների փակ ռեժիմի փոխարինումը կիսափակի 15 տարի պատիժը կրելուց հետո, ներկայիս՝ 20 տարվա փոխարեն: Սա մենք դրական քայլ ենք համարում, քանի որ կիսափակ, այնուհետև նաև կիսաբաց ռեժիմ անցնելուց հետո, անձը ադապտացվում է նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար: Մանուկ Սեմերջյանից հետո, թեպետ ևս մի քանի դատապարտյալներ են անցել պատժի 20 տարվա շեմը, այդուհանդերձ դեռ շարունակում են փակ ռեժիմում գտնվել, ինչը ենթադրում է առնվազն 23 ժամ անցկացնել խցում փակված: Այսինքն՝ ռեժիմների փոփոխման համակարգը Հայաստանում չի գործում, մինչդեռ այն լայնորեն է կիրառվում քաղաքակիրթ երկրներում: Լիահույս ենք, որ օրենքի ընդունումից հետո 15 տարի փակ ռեժիմում գտնվող ցմահ դատապարտյալները կտեղափոխվեն գաղութներ:

3. 2012 թ-ի նոյեմբերի 21-22-ը Երևանում կայացած  <Ցմահ դատապարտյալների խնդիրները> թեմայով միջազգային համաժողովի արդյունքում մշակված օրենսդրական  առաջարկների համաձայն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ԱԺ ներկայացեց ցմահ դատապարտյալների վիճակը բարելավող մի շարք առաջարկներ, մշակվեցին օրենքների նախագծեր, սակայն դրանք հավանության չարժանացան Կառավարության կողմից: Իսկ պատճառաբանությունն այն էր, որ մշակման փուլում է Քրեական օրենսգրքի նոր հայեցակարգը, ուստի կառավարությունը հորդորում է օրենսդրին այդ օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնություններով հանդես չգալ:

4. Չեն գործում նաև պատժի կրման տարբերակված մոտեցումներ՝   ելնելով դատապարտյալի անձից, արարքը կատարելու պահին նրա տարիքից, նախկինում դատվածություն ունենալ-չունենալուց և այլն:

 5. Ցմահ դատապարտյալների ներման խնդրագրերը մնում են անպատասխան:

 Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անդրադառնալ  ցմահ դատապարտյալների խնդիրներին՝ օրենսդրական փոփոխությունների, պատժից վաղաժամկետ ազատման, ռեժիմների փոփոխման, պատժաչափերի կամ վիճելի գործերի վերանայման, ներման կամ համաներման միջոցներով:

 Հայաստանի հելսինկյան կոմիտե,

Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնություն

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը»
06.07.2020
14:00
Հուլիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Հանրակրթության չափորոշիչներ․ որտե՞ղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» թեմայով:

«COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս»
06.07.2020
12:00
Հուլիսի 6-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «COVID-19. հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունենք բոլորս» թեմայով:

Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ