Համայնքների խոշորացման տեղական հանրաքվե. ԿԸՀ-ն գործընթացը դրական է գնահատում, դիտորդները խախտումներ են արձանագրել
19.05.2015
11:00
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ ահազանգ, կամ քվերակության կարգի խախտման վերաբերյալ արձանագրություն չի ստացել մայիսի 17-ին Հայաստանի երեք մարզերում անցկացված հանրաքվեի ժամանակ: Մինչդեռ դիտորդական առաքելություն իրականացրած «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը բարձրաձայնում է իրենց արձանագրած խախտումների և մտահոգությունների մասին:

Մայիսի 17-ին Հայաստանում առաջին անգամ անկացվեց տեղական հանրաքվե Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերի 22 համայնքներում: Հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը Կառավարությանն էր համայնքների խոշորացման նպատակով:

22 համայնքներում ձևավորվել էին 34 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, իսկ տեղական հանրաքվեն իրականացրել էր  3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Մինչ քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անցկացրել էր դասընթացներ թե´ տեղամասային ընտրական հանձնաժողովների, թե´ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար:

Հանրաքվեի արդյունքների և դիտորդական աշխատանքների ամփոփման վերաբերյալ «Մեդիա կենտրոնի» քննարկմանն այսօր մասնակցում էին «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահրամ Վարդանյանը, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը:

Նունե Հովհաննիսյանը ասում է, որ մինչ հանրաքվեի անցկացումը «Տեղական հանրաքվեի մասին» օրենքը ենթարկվեց անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների և համապատասխանեցվեց գործող ընտրական օրենսգրքի պահանջներին:

«Քվեարկության օրը որևէ ահազանգ քվեարկության կարգի խախտման վերաբերյալ չենք ստացել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ուսումնասիրել են նաև տեղամասային ընտրատեղամասերի գրանցամատյանները և այս պարագայում ևս քվեարկության կարգի խախտման վերաբերյալ որևէ գրառում գրանցված չէ»,-նշում է Հովհաննիսյանը:

Լիլիա Հակոբյանը ներկայացրեց  հանրաքվեի արդյունքներն՝ ըստ համայնքների:

Տեղական հանրաքվեն անցկացվել է Լոռու մարզի 7 համայնքներում, Տավուշի մարզի 7 համայնքում և Սյունիքի 8 համայնքներում:

«Լոռու մարզի 3 համայնքներում մասնակիցների կեսից ավելին համայնքների խոշորացմանը քվեարկել է «ոչ», իսկ 4 համայնքներում քվեարկել «այո»: Տավուշի մարզի 3 համայնքներում մասնակիցների կեսից ավելին քվեարկել են «ոչ», իսկ 4 համայնքների կեսից ավելին՝ «այո»: Սյունիքի մարզի 8 համայնքներից բոլորում մասնակիցների կեսից ավելին քվեարկել են «այո»»,-նշեց Հակոբյանը:

Հանրաքվեի օրը դիտորդություն իրականացնելու նպատակով գրանցվել էր երեք հասարակական կազմակերպություն՝ Գորիսի Մամուլի ակումբը, «Ազատականություն և ժողովրդավարություն» ՀԿ-ն և «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ն:

Վերջին ՀԿ-ն դիտորդություն է իրականացրել Տավուշի մարզի երեք ընտրատեղամասերում: Իսկ Լոռու մարզում որևէ դիտորդական խումբ ներգրավված չի եղել:

«Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ն-ի ղեկավար Վահրամ Վարդանյանը ասում է, որ ընդհանուր առմամբ կար պասիվություն թե´ ԶԼՄ-ների, թե´ դիտորդական կազմակերպությունների կողմից հանրաքվեն լուսաբանելու և վերահսկելու առումով:

«Նախ դեռ քարոզարշավի ընացքում կային էական բացեր ինչպես «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում, այնպես էլ ՀՀ Ընտրական օրենսգրքում: Մինչ բուն քվեարկության օրը հասնելը կառավարության ներկայացուցիչները պտտվում էին մարզերում և քարոզչություն իրականացնում, որ մարդիկ կողմ քվեարկեն, ինչը իքնին արգելված է ՀՀ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքով»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց նաև, որ ընտրատեղամասերի մուտքի առջև եղել են մարդկանց կուտակումներ,  ոստիկանության և մարզպետարանների ներկայացուցիչները ներկա են եղել ընտրատեղամասերում  ամբողջ օրը տեղի ունեցող ընտրական գործընթացին:

«Թեղուտի ընտրատեղամասում եղել է քվեաթերթիկի կորուստ: Մյուս կարևոր հանգամանքը այն էր, որ հանձնաժողովի անդամների մոտ կար լցոնումներ իրականցնելու ցանկություն, քանի որ ասում էին. «Քիչ է ձայները, եկեք մի բան անենք»: Բայց գործողությունների չեն դիմել, որովհետև մեր դիտորդը այնտեղ էր, չնայած նրան, որ իրենք անընդհատ փորձել են մեր դիտորդին ճնշել, դուրս հրավիրել, ուշադրությունը շեղել»,-նշում է Վարդանյանը:

Ըստ նրա՝ մտահոգիչ էր նաև այն, որ քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն սահմանելը շատ դժվար էր, երբ նրանք քվեարկությանը մասնակցում էին նույնականացման քարտերով: Վարդանյանի կարծիքով այստեղ կրկնակի քվեարկություն անցկացնելու ռիսկեր կան:

Հակադարձելով Վարդանյանին՝ ԿԸՀ-ի ներկայացուցիչը պարզաբենց, որ հանձնաժողովում գրանցում իրականացնող անձի նկատմամբ վերահսկողությունը նույն ձև է,  ինչպես տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ:

«Թե´ դիտորդը, թե´ ԶԼՄ-ի ներկայացուցիչը կարող էին հետևել հանձնաժողովի անդամի աշխատանքին: Ընտրական օրենսգիրքը ունի գործուն մեխանիզմ, որպեսզի ընտրողը երկու անգամ չքվեարկի: Երբ նա գալիս է ընտրատեղամաս, նրա անվան դիմաց լրացվում է նրա անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և եթե երկրորդ անգամ փորձի գալ, դա արդեն լրացված է, չի կարոց կրկին մասնակցել քվեարկությանը: Մայիսի 17-ի հանրաքվեին 34 տեղամասերում աշխատել են մոտ 274 տեղամսային հանձնաժողովի անդամներ և նրանց կողմից ոչ մի հատուկ կարծիք չունենք, որ խախտում է եղել: Որևէ միջադեպ չի եղել»,-պարզաբանեց Հովհաննիսյանը:

Քննարկման ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները»
19.02.2020
12:00
Փետրվարի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ. Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարները» թեմայով։
«Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ»
18.02.2020
12:00
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մտահոգիչ պատկեր․ պատճառներ» թեմայով։
«Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով»
14.02.2020
18:30
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռուստաբանավեճ՝ «Սահմանադրական հանրաքվե. բախում կոնսենսուսով» թեմայով։
«Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում»
14.02.2020
13:00
Փետրվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (հասցե՝ Թումանյան 42, կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ, փոքր դահլիճ) տեղի ունեցավ քննարկում՝ «Անցումային արդարադատություն. ինչո՞ւ է անհրաժեշտ և ինչու՞ է ուշանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ