«Պրոբացիոն ծառայության հայեցակարգում առկա են ռիսկային կետեր»
13.03.2015
11:00
Պրոբացիոն ծառայության ներդրումը մի շարք բարեփոխումների կհանգեցնի Հայաստանի քրեական արդարադատության համակարգում, սակայն մյուս կողմից ՀՀ Կառավարությանը ներկայացրած պրոբացիոն ծառայության հայեցակարգում դեռևս կան որոշակի խնդրահարույց կետեր: Վստահեցնում են հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչները մարտի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Պրոբացիոն ծառայության հայեցակարգը ամբողջացրել և կառավարություն է ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարությունը:

Քանի որ Հայաաստանում քրեական գործերի մինչդատական քննության փուլում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց մեծամասամբ կիրառվում է կալանավորումը, դրանով պայմանավորված  հանցանք կատարած անձանց նկատմամբ հիմնականում նշանակվում է պատիժ ազատազրկման ձևով:

Քննարկման մասնակիցները նշում են, որ պրոբացիոն ծառայության ներդրումը կնպաստի մի կողմից ազատությունից զրկելու հետ կապված պատիժների անհարկի նշանակման պրակտիկայի վերացմանը, մյուս կողմից՝ կնվազեցնի  քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը և համապատասխան մասնագետների աջակցությամբ կնպաստի դատապարտյալների վերաինտեգրմանը հասարակության մեջ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2014-2015 թթ-ին իրականացրել է հայեցակարգի ուսումնասիրություն և չնայած դրական կողմերին, արձանագրել 11 ռիսկային կետեր:

Քննարկմանը մասնակցող «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ասում է, որ պրոբացիոն համակարգի ներդնումը Հայաստանում նպատակ է հետապնդում  քրեական արդարադատությունը վերածել վերականգնողական արդարադատության:

«Այն կարող է արարքակենտրոն արդարադատությունից ապահովել անցում անձակենտրոն արդարադատության: Բայց հայեցակարգում, միևնույն է, կան թերություններ. կարևոր հարց է պրոբացիոն ծառայողների վերապատրաստման, նրանց պրակտիկ հմտությունների զարգացման հարցը, քանի որ նորավարտ ուսանողները չունեն հանցագործի հետ աշխատելու փորձ , իսկ այդ ոլորտում աշխատող մասնագետներն էլ, հարց է, կկարողանա՞ն մատուցել պրոբացիոն ծառայություն»,-նշում է Հարությունյանը: 

Նա հավելում է, որ պրոբացիոն ծառայության հայեցակարգում նույնացված են նպատակներն ու խնդիրները՝ հանցագործությունների թվի նվազեցումը, հանցագործների վերաինտեգրումն ու  կրկնահանցագործությունների կանխումը: Մինչդեռ դրանք, Հարությունյանի կարծիքով,  պետք է առանձնացված լինեն:

«Հայեցակարգում նշվում է նաև, որ ՔԿՀ-ների բեռնաթափումը պրոբացիոն ծառայության կարևորագույն խնդիրներից մեկն է: Իսկապես, ՔԿՀ-ների բեռնաթափումը կենտրոնական հարցերից մեկն է, սակայն պրոբացիոն ծառայությունը ուղղակիրորեն չպետք է նպատակ հետապնդի բանտերը բեռնաթափելու համար: ՔԿՀ-ների բեռնաթափումը պետք է պրոբացիոն ծառայության արդյունավետ գործունեության հետևանքը լինի»,-ընդգծում է Հարությունյանը:

Քննարկման մասնակից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանն էլ ասում է, որ պրոբացիոն ծառայության ներդնումը ցուցանակ փոխելը չի:

«Մենք ներդնում ենք պրոբացիոն ծառայությունը, բայց ես համոզված չեմ, որ մեր իշխանությունները գիտակցում են, թե ինչ է նշանակում պրոբացիոն ծառայություն: Ես մտավախություն ունեմ որ, որ մեկ օր արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը կվերանվանեն պրոբացիոն ծառայության բաժին ու դրանով հարցը կփակեն: Այդպես շատ երկրներ են արել, բայց մենք պետք է հասկանանք, որ  պրոբացիոն ծառայությունը պետք է հագեցած լինի մասնագետներով, պետք է ունենա աշխատանքային գործիքներ,  պետք է ունենա ռեաբիլիտացիոն ծրագրեր, այլապես մենք ոչ մի արդյունքի չենք հասնի»,-նշեց Դանիելյանը:

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որպրոբացիոն ծառայությունը քրեական արդարադատության մեջ լիովին նոր որակի, վերականգնողական և քրեական դատավարությունների բոլորովին նոր ինստիտուտի ստեղծումն է լինելու:

«Այսօր բանտերի գերբնակեցման նվազեցումը դիտվում է որպես պրոբացիոն ծառայության խնդիր, ու շատ պաշտոնյաների շուրթերից է այդպես հնչում, որի հետևանքով պրոբացիոն ծառայությունը դառնում է ներման, վաղաժամկետ ազատման, կամ  ազատ արձակվելու ինչ- որ ինստիտուտ, որը բնավ այդպես չէ: Պրոբացիոն ծառայությունը մուտքի վիզան՝ դեպի ՔԿՀ  սահմանափակող ինստիտուտ է: Պրոբացիոն ծառայությունը նպաստելու է նրան, որ հանցանք կատարած անձը, ով խիստ վտանգավոր չէ հանրության համար, չհայտնվի ՔԿՀ-ում»,-ասաց Գասպարյանը:

Նա իր խոսքում հույս հայտնեց, որ պրոբացիոն ծառայությունը օդապարիկի դեր կկատարի, և թե դատական, թե դատախազական, թե քննչական համակարգերը իր հետ կտանի դեպի վեր զարգացում:

«Պրոբացիոն ծառայության դերակատարումը լինելու է  բազմամասնագիտական թիմը, որը մենք այսօր չունենք: Այդտեղ պետք է լինեն քրեագետներ, հոգեբաններ և սոցիալական աշխատողներ»,-հավելեց Գասպարյանը:

Անդրադառնալով նաև հայեցակարգի հաստատման ժամկետներին՝ բանախոսները ընդգծեցին, որ պրոբացիոն ծառայության համակարգը պետք է հաստատվեր դեռ 2014-ին ու կայունանար 2015-ին, մինչդեռ ժամկետները երկարաձգվում են:

Վերջին երեք տարիների ընթացքում պրոբացիոն ծառայության հայեցակարգը ներկայացվել է  թե Արդարադատության խորհրդին, թե ՀՀ նախագահի աշխատակազմին, թե կառավարությանը:

Քննարկման մասնակիցները համոզված են, որ առաջին հերթին անհրաժեշտ է  քաղաքական կամք  պրոբացիոն ծառայությունը Հայաստանում ներդնելու համար:

Քննարկման մասնակից ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Ավետիսյանը, հակադարձելով մյուս բանախոսներին, նշեց, որ իրենք ցանկանում են ստեղծել պրոբացիոն ծառայության լիարժեք համակարգ՝ 4 փուլերով, և դրանով է նաև պայմանավորված ժամկետների ուշացումը:

«Պրոբացիոն ծառայությունը չի լինելու այն համակարգը, որ բոլոր ՔԿՀ-ները բացեն իրենց դռները ու բոլորին ասեն ազատ եք: Մենք պետք է ստեղծենք յուրովի պրոբացիոն ծառայություն՝ հաշվի առնելով նաև որոշ մենտալիտետային խնդիրներ: Այսօր կան երկրներ, որոնք անունը դրել են պրոբացիոն ծառայություն, բայց  այսօրվա մեր ունեցած այլընտրանքային պատիժների կատարման  բաժնի գործառույթներից ավելի քիչ գործառույթներ են կատարում»,-նշում է Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ներդրվելու է պրոբացիոն ծառայության 4 փուլ՝ մինչդատկական, դատական, պենիտենցիալ և հետպենիտենցիալ:

«Մենք այսօր կատարում են երրորդ փուլը: Երբ որ ստեղծվի պրոբացիոն ծառայությունը իր 4 փուլերով և սկսի գործել, դատավորները նույնպես պետք է փոխեն իրենց մտածելակերպը և միջին ծանրության հանցագործություն կատարած անձանց ուղղորդեն դեպի պրոբացիոն ծառայություն, ոչ թե ՔԿՀ:  Բանտերի գերբնակեցման նվազեցումը  նույնպես  կախված է  դատարաններից,  եթե դատավորը չուղարկի այդ հանցագործներին ՔԿՀ և չընտրի կալանավորումը, որպես խափանման միջոց, հետագայում դատավճիռը չլինի ազատազրկումը, ապա  դրա արդյունքում մենք կունենանք նաև բեռնաթափում»,-հավելեց Ավետիսյանը:

Անդրադառնալով պրոբացիոն ծառայողների վերապատրաստման խնդրին՝ նա նշեց, որ այս տարվա ապրիլին Եվրոպայի խորհրդի փորձագիտական խումբը վերապատրաստումներ կանցկացնի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի 15 աշխատակիցների հետ:

«Այնուհետև մեր վերապատրաստված մասնագետները կնախապատրաստեն թե նոր աշխատողներին, թե դատապարտյալների հետ աշխատանքային փորձ ունեցող գործող մասնագետներին: ԵԽ-ի աջակցությամբ մենք կիրականացնեն մասնագետների վերապատրաստման երկու պիլոտային ծրագիր. մեկը Երևանում, մյուսը Վանաձորում, որով շատ խնդիրներ կլուծվեն»,-նշեց Ավետիսյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ