Ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա ներքաղաքական լարվածությունը Հայաստանում
17.02.2015
12:30
Հայաստանի ներքաղաքական դաշտում լարվածության կտրուկ աճը Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված աղմկահարույց ելույթից, և ապա վերջինիս կոշտ պատասխանից հետո, պայմանավորված է իշխանության համար պայքարով: Այսպիսի կարծիք «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտնեցին քաղաքագետները և իրավապաշտպանները:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին իշխող Հանրապետական կուսակցության գործադրի մարմնի նիստում հանդես էր եկել ծավալուն ելույթով, որն ամբողջությամբ նվիրված էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Սերժ Սարգսյանը մասնավորապես անվանել է Ծառուկյանին «չարիք», «կեղծ քաղաքական երևույթ» և «տարրական տրամաբանությունից զուրկ մարդ»: Նա հայտարարել է, որ սկսել է քաղաքական դաշտը «տգիտությունից մաքրելու գործընթաց» և տեղեկացրել առաջիկայում Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկվելիք գործողությունների մասին:

Գագիկ Ծառուկյանն իր պատասխան ելույթում նշեց, որ ընդունում է իրեն ուղղված մարտահրավերը և հայտարարում «համաժողովրդական մոբիլիզացիա»՝ հասնելու համար Սերժ Սարգսյանի հրաժարականին: 

Ազգային ժողովում արդեն սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց, ուսումնասիրվում են վերջինիս բացակայությունները ԱԺ նիստերին: Ըստ մամուլի տարածած տեղեկատվության՝ «զինաթափվել է Ծառուկյանի թիկնազորը»: Փետրվարի 14-ին ստուգվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը. ստուգումների արդյունքում նրա տարածքները հսկող Պետական պահպանության գլխավոր վարչության մոտ 200 աշխատակից ազատվել է աշխատանքից, նրանց փոխարեն պետք է նոր նշանակումներ արվեն:  

Ըստ քաղաքագետ Ստեփան Դաիելյանի՝ խնդիրը շատ պարզ է. կողմերը պայքարում են իշխանության համար:

«Իշխանությունը պահելու հարցն է, որը փորձ է արվում պահել Սահմանադրության փոփոխություններով: Լրանում է Սերժ Սարգսյանի կառավարման երկրորդ տարին և արդեն պետք է նոր ֆորմատների գնալ իշխանությունը պահելու համար», - նշեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Մեդիա կենտրոնում» փետրվարի 17-ին անցկացվեց քննարկում «Լարված ներքաղաքական իրավիճակ և սպասվելիք զարգացումներ» թեմայով: Քննարկման բանախոսներն էին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը և «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Անդրադառնալով մամուլում տեղ գտած լուրերին, որ Հայաստան է ժամանել Ռուսաստանում հայազգի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ հաշտեցնելու ԲՀԿ և իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Դանիելյանը չբացառեց, որ նման կերպ Մոսկվան փորձում է հաշտեցնել կոնֆլիկտի կողմերին: «Եթե չեմ սխալվում Սամվել Կարապետյանը սերտորեն կապված է ռուսական քաղաքական և բիզնես էլիտայի հետ: Այս քայլը կարող է նշանակել, որ Ռուսաստանը փորձում է միջամտել ներքաղաքական կոնֆլիկտին և նրա միջոցով կողմերին հաշտեցման բերել», - ենթադրեց փորձագետը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը համակարծիք է, որ ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունների լարման հիմնական պատճառն իշխանության համար պայքարն է: «Այն, ինչ որ տեղի է ունենում Հայաստանում և տեղի ունեցավ նախորդ շաբաթվա ընթացքում, չի գտնում իր ծայրահեղական դրսևորումները, և առայժմ մենք ունենք երկխոսություն տարբեր ուժերի ներկայացուցիչների միջև», - կարծիք հայտնեց Մարգարովը՝ հավելելով, որ քաղաքական դաշտում առճակատման հնարավորություն կա, սակայն դեռ բաց է մնում այն հարցը, թե արդյոք պատրաստ են ընդդիմությունը և հասարակությունը՝ ծայրահեղական ուղղով տանելու զարգացումները:

«Առայժմ կողմերը չեն գնում ծայրահեղական քայլերի, տեղի է ունենում երկխոսություն տաբեր ուժերի ներկայացուցիչների միջև: Բացի այդ առայժմ մենք չենք տեսնում գործողություններ, որոնք կներառեին լայնամաշտաբ մասսաներ: Եթե այս գարծընթացը սահմանափակվի երկխոսությամբ՝ տարբեր լարվածության աստիճաններով, կարող ենք նշել, որ այն տեղի ունեցավ քաղաքական դիսկուրսի շրջանակներում», - ասաց փորձագետը:

Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկատվության՝ փետրվարի 17-ին Հայ հեղափոխական դաշնակցության միջնորդությամբ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Տեղեկատվությունը հաստատել են ՀՅԴ ներկայացուցիչները՝ հավելելով, որ «հանդիպումը վերջապես կայացել է, կոնտակտը առաջացել է, և սառույցը հալվում է»:

Իրավապաշտպանները կարծում են, որ Նախագահի ելույթը կարող է լուրջ իրավական հետևանքներ առաջացնել:

«Նախագահի ելույթը դիմակազերծեց հայաստանյան իշխանությանը: Սերժ Սարգսյանի ելույթը ցույց տվեց, որ եթե մեկը ընդունում է ընդդիմադիր կեցվածք, ուրեմն օրենքից դուրս կենթարկվի հալածանքների: Այդ ելույթից հետո հասկանալի է, որ օրենքների մասին չի կարելի խոսել, հնարավոր է խոսել միայն հնարավորությունների և ուժի մասին», - հայտարարեց Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ի նկատմամբ ներկայում իրականացվող գործողություններն իշխանությունների կողմից մկանների ցուցադրման միջոց է, որի նպատակն է սարսափ տարածել «Բարգավաճ Հայաստանի» շրջանակներում:

«Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանն էլ է այն կարծիքին, որ պայքարի առանցքը իշխանության ձգտումն է: «Սպառվում է նախագահության երկրորդ շրջանը և այդ իրավական արգելքը առաջացնում է քաղաքական դաշտում փոփոխություններ: Դրա համար առաջին խնդիրը իշխանության համար սահմանադրական փոփոխություններն են, որը հանգեցնելու է երկրի կառավարման համակարգի գլոբալ փոփոխության», - հայտարարեց նա:

Հաշվի առնելով, որ գոյություն ունի իշխանության գերկենտրոնացում, ըստ Եգորյանի, առանցքային պետական ինստիտուտները ենթարկվում են Նախագահ Սերժ Սարգսյանին: «Քաղաքական դիրքերը փոխվելու են, քանի որ ըստ Սահմանադրության, Սերժ Սարգսյանը էլ չի լինելու նախագահ: Այս իրավական արգելքն առաջացնում է քաղաքական վերադասավորումներ, որոնք կենսական վտանգ են ներկայացնում Սերժ Սարգսյանին: Դրա համար այս պահին իշխանությունների թիվ մեկ խնդիրը սահմանադրական փոփոխություններն են», - եզրափակեց նա:

Ամփոփելով քննարկումը՝ փորձագետները նշեցին, որ ներքաղաքական դաշտում կարող է տեղի ունենալ լարվածության անկում և փոխհամաձայնության կայացում, սակայն դա կախված է լինելու ներկայացված առաջարկներից և կողմերի ձգտումների համատեղելիության աստիճանից:   

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ