«ՀՀ արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում դեռևս կան չլուծված խնդիրներ»
19.03.2015
09:30
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահների, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահի բարձր հովանու ներքո, Բաց հասարակության հիմնադրամների և Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի համագործակցությամբ երեկ Երևանում անցկացվեց քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ոլորտները Արևելյան Գործընկերության ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում» թեմայով:

Եվրոպական պատվիրակության անդամները Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկեցին և ներկայացրեցին իրավիճակը Հայաստանի դատաիրավական համակարգում, ժողովրդավարության, արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում:

Քննարկմանը ներկա գտնվող Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ներկայացուցիչ Անդրեյ Դիդենկոն ասաց, որ անկախ արդարադատությունն ու մարդու իրավունքները կարևոր  ոլորտներ են և դրանցում բարեփոխումների հասնելու համար միասնական օժանդակության ծրագրով Հայաստանին տրամադրվել է 29 միլիոն և 12, 2 միլիոն եվրոյի չափով գումար:

«Կարևոր քայլեր կան, որ դեռ չեն կատարվել արդար դատաքննություն ապահովելու, անկախ դատական համակարգ ունենալու, դատավորների մասնագիտական առաջխաղացումը ապահովելու առումով: Մարդու իրավունքների ոլորտում դեռ կան մտահոգություններ ոչ ազատ ընտրությունների, խոշտանգումների, խտրական և դաժան վերաբերմունքի ենթարկվելու առումով: Գենդերային հավասարությունը, հավաքների, կրոնի ազատությունը բավարար չեն պաշտպանվում: Եվրամիությունը այս համատեքստում առաջարկել է Հայաստանի կառավարությանը արագացնել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումները և ընդունել  առաջնահերթ օրենքները»,-նշեց Դիդենկոն:

Քննարկման մասնակից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանն ասաց, որ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում նախատեսվել են մի շարք բարեփոխումներ:

«Խոսելով արդարադատության համակարգի մասին՝ նշեմ, որ դատական իշխանության անկախության հարցերը եղել են ԵՄ -Հայաստան հարաբերությունների շրջանակում կարևորագույն հարցերից մեկը: Այս հարցերի շրջանակում ինստիտուցիոնալ բարեփոխումներ են կատարվել, իրավական ակտեր են ընդունվել: Մենք մեր անցած տարվա զեկույցով անդրադարձել էինք Հայաստանում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ճնշումները դատավորների նկատմամբ, երկակի ստանդարտների կիրառումը, կոռուպցիոն ռիսկերը: Զեկույցից անցել է մեկ տարի և ԵԽ հաձնակատարի զեկույցի այս տարվա մարտ ամսին ևս մեկ անգամ վերահաստատեց այդ խնդիրները, որոնք առկա են Հայաստանում»,-նշեց Պետրոսյանը:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, ասաց, որ մի քանի դրական փոփոխություններ են եղել  Հայաստանում: Օրինակ՝ 2004-ին «Այլընտրանքային ծառայությունների մասին օրենքի» ընդունումը, 2001-ին ԵԽ անդամագրումից հետո մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծումը:

«Բայց զուգահեռաբար ՀՀ իշխանությունները ամենակոպտագույն կերպով խախտել են մարդու իրավունքները 2003-2004 թթ-ին, 2008-ին մարտի մեկի դեպքերի հետ կապված, որի քրեական գործը մինչ օրս բացահայտված  չէ, իսկ 10 զոհերի մեղավորները պատժված չեն: Ինչ փոփոխություններ էլ, որ կատարում են մարդու իրավունքների ոլորտում, դրանք իմիտացիոն բնույթ են կրում,  խաբեություն են, քանի որ իշխանությունները գիտակցաբար ու գաղափարական մոտեցմամբ չեն գնում այդ քայլերին»,-նշում է Սաքունցը:

Նա հավելում է, որ քաղաքական մեծամասնությունը կամք չի դրսևորում «Խտրականության մասին օրենք» ընդունելու համար, իսկ ընդունելու հավանականությունը դիտարկում է միայն միջազգային կառույցներից ֆինանսական աջակցություն ստանալու անհրաժեշտության դեպքում:

«Այսինքն գաղափարական մոտեցում մարդու իրավունքներին չկա իշխանությունների մոտ: Իսկ քաղաքացիական հասարակության հնարավորություններն էլ չի բավարարում պարտադրել իշխանություններին այդ քայլերը կատարելու: Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության համակարգային բնույթ չկա, իշխանությունը հակված չէ լսելու, քննարկելու, բացի առանձին էպիզոդիկ դեպքերից, որոնցով փորձում են ցույց տալ, իբր այդ կամքը կա»,-ընդգծում է Սաքունցը:

Քննարկման մասնակից Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ներկայացրեց Հայաստանի դատաիրավական  փոփոխությունների 3 փուլերը և դեռևս չլուծված առանցքային խնդիրները:

«Եվրոպական արժեքները չորսն են`օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, շուկայաական հարաբերություններ:  Ամենակարևորը օրենքի գերակայությունն է: Դատական անկախությունը երկրի ողնաշարն է, իսկ և մարդու իրավունքները, և ժողովրդավարությունը դրա ածանցյալն են: Մեզ մոտ խնդիրը նրանում է, որ ՀՀ նախագահը Արդարադատության խորհրդի առաջարկով նշանակում է Վճռաբեկ դատարանի և նրա պալատի նախագահներին ու դատավորներին: Նախագահը սահմանադրորեն լիազորություններ ունի դատավորների նշանակման և ազատման համար: Այս խնդիրը դեռևս լուծում չի ստանում»,-նշեց Իշխանյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում դատական համակարգը կախված է գործադիր մարմնից և որևէ  ինքնուրույնություն չունի:

«Թեև 2012-2016 թթ-ի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության շրջանակում փոփոխություններ են լինելու «Քրեական օրեսնգրքում» և «Քրեակատարողական օրենսգրքում», միևնույն է, դատավորների անկախությունը գործադիրից չի լուծվում և այդ կախվածությունը շարունակվում է մնալ»,-հավելեց Իշխանյանը:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը խոսեց Հայաստանի կոռուպցիոն իրավիճակի և բարեփոխումների գործընթացի մասին:

«Փոխկապակցվածություն կա դատական համակարգի, մարդու իրավունքների և կոռուպցիոն իրավիճակի միջև Հայաստանում: Կոռուպցիոն դրսևորումները բերում են շարքային քաղաքացիների իրավունքների խախտման, և նրանք չեն ստանում այն ծառայությունները, որ պետք է ստանային»,-նշում է Հոկտանյանը:

Նա ներկայացրեց ՀՀ-ի առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունը (2003-2007 թթ.) և երկրոդ ռազմավարությունը (2009-2012 թթ)՝ ընդգծելով, որ այդ տարիների ընթացքում միջազգային զեկույցներով  կոռուպցիայի ընկալման համաթիվը չի փոխվել Հայաստանում:

«Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրավիճակը բավարար չէ: Միջազգային ինդեքսով առաջընթաց չի գրանցվել, նույնիսկ 2008-2011-ին եղել է հետընթաց: Սա կարելի է  համարել լճացում: Ինստիտուցիոնալ կառույցները բացակայում են, դրա համար անհաջողություն են գրանցել նախորդ ռազմավարությունները: Եվ ես խորապես կասկածում եմ, որ  նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն խորհուրդը  նույնպես հաջողություն կունենա»,-եզրափակեց Հոկտանյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ