Ընդերքի շահագործման տնտեսական հիմնավորումները կասկածելի են
Հայաստանում բնապահպանական հիմնական չլուծված խնդիրներից են ընդերքի օգտագործումը, թափոնների կառավարումը և Արարատյան արտեզյան ավազանի անմխիթար վիճակը: Այս խնդիրները բացասական են անդրադառնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին բնապահպանները:

«Ընդերքի օգտագործումը Հայաստանում տեղի է ունեցել շատ կամայական: Իսկ թափոնների կառավարման ոլորտը անտերության է մատնված: Այստեղ մեր և իշխանությունների պատկերացումները տարբեր են: Ըստ իշխանության` իրավիճակը այդքան էլ լուրջ չէ, սակայն ըստ հանրության` ամբողջ երկիրը պատված է թափոններով, որոնք խանգարում են հատկապես տուրիզմի և գյուղատնտեսության զարգացմանը», - հայտարարեց քննարկման մասնակից «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

«Մեդիա կենտրոնում» հունիսի 5-ին բնապահպանների մասնակցությամբ անցկացվեց «Չլուծված էկոլոգիական խնդիրներն ու շրջակա միջավայրի պահպանությունը Հայաստանում» թեմայով քննարկում՝ նվիրված Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվան:

Ըստ Դանիելյանի` օրհասական է դարձել Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի վիճակը: Արարատյան դաշտավայրը վերջին 10 տարիների ընթացքում, բանախոսի գնահատմամբ, կանգնել է անապատացման եզրին: «Սա հետևանք է մեր ագահության, անհեռատես լինելու և ջրերի ռացիոնալ օգտագործման անտեսման», - պարզաբանեց նա` հավելելով, որ Բնապահպանության նախարարությունը հայտարարություններով է հանդես գալիս, թե իբր հորատանցքեր է փակում, սակայն հանրության ներկայացուցիչներն այլ տեսարանի են ականատես լինում:

«Վերջերս մի դիպլոմայինի պաշտպանության ժամանակ (թեման բնապահպանությանն է վերաբերել), որը ներկայացնում էր շատ տաղանդավոր երիտասարդ, հետաքրքրվեցի, թե ինչպիսի վիճակ է հիմա, պատասխանեց, որ այդքան ժամանակ գնացել-եկել է, բայց ոչ մի հոր փակած չի տեսել: Թե ինչքանով է ճշմարիտ այս տեղեկատվությունը` չգիտեմ, քանի որ պետական մարմինները տեղեկացնում են, որ բավականին գործ են անում ու արդեն անգամ ջրի մակարդակն է բարձրացել», - հավելեց նա:

Շրջակա միջավայրի վրա, ըստ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, կարող է աղետալի հետևանքներ թողնել այժմ Ազգային ժողովում գտնվող պոչհանքերի վերամշակման մասին նախագիծը: «Իհարկե, շատ կարևոր է պոչհանքի վերամշակումը, սակայն նախագիծն այս տեսքով մտահոգություններ է առաջացնում: Նախագծի վերաբերյալ լսումներ չեն կազմակերպվել: Կարող եմ հավատացնել, եթե այդ նախագիծը ընթացք ստանա և դառնա օրենք, ապա մենք կունենանք շրջակա միջավայրի խոշորածավալ ավերածություններ», - ասաց նա:

Քննարկման մասնակից Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը դեմ արտահայտվեց մետաղական հանքերի շահագործմանը: «Մենք դեմ ենք բոլոր տեսակի մետաղական հանքավայրերի բացմանն ու շահագործմանը Հայաստանում, քանի որ այդքան հանքերի շահագործումը հղի է անդառնալի հետևանքներով, որը կերևա 20-30 տարի հետո», - նշեց նա` հավելելով, որ անգամ եթե Հայաստանում պահպանվեն հանքերի շահագործման բոլոր տեսակի միջազգային նորմերը, ապա միևնույն է բացասական հետևանքներից խուսափել հնարավոր չի լինի:

Քննարկմանը ներկա Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը և Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանը անդրադարձան էկոլոգիական խնդիրներին Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Սևանի ավազանում:

Սևանա լիճում, Անահիտ Գևորգյանի խոսքով, կառավարության ծրագրերով տեղադրվում են ձկների բուծման ցանցային տնտեսություններ, որը ոչ մի հանրային քննարկում չի անցել և հնարավոր վտանգները գնահատված չեն: «Սևանա լիճը դարձրել են ձկնաբուծարան, իսկ լիճը սնուցող գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի պատճառով վերանում է կենդանական աշխարհը: Օրինակ`ՀԷԿ-ի պատճառով Մարտունու գետում անգամ գորտ չկա: Մենք նկարել ենք ջրի տակ հավաքված գորտի ոսկորները և ձկների փշերը: Կենդանական աշխարհը մեռած է», - պարզաբանեց Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահը:

«Բնությունը շահագործելով փչացնում են: Չեն ներկայացնում որևէ գիտական հիմանավորում կամ ուսումնասիրություն: Այս ամենը պատճառաբանվում է տնտեսական իրավիճակի շտկման ձգտմամբ, բայց իրականում մենք տեսնում են բնության անխնա շահագործում, շրջակա միջավայրի աղտոտում, սակայն երկրի տնտեսական վիճակը չի բարելավում», - հավելեց իր հերթին Սաթիկ Բադեյանը:

Ամփոփելով քննարկումը` բանախոսները վստահեցրեցին, որ Հայաստանում արդեն անհնար է հասնել բնության պահպանման և հանքերի շահագործման համատեղման: «Այստեղ ոսկե միջին գտնելն անհնար է: Բացի դրանից, երբ նայում ենք հանքարդյունաբերության ծավալները մեր տնտեսության մեջ, որը բավականին զիջում է նույն գյուղատնտեսությանը, ապա տեսնում ենք, որ հանքարդյունաբերության տնտեսական հիմնավորումներն էլ կասկածելի են», - հայտարարեց Կարինե Դանիելյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
«Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները»
23.07.2018
13:00
Հուլիսի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ընթացքում քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հուլիսի 17-ին Շիրակի Փանիկ գյուղում ռուս զինվորականների մասնակցությամբ գրանցված միջադեպը գնահատեց ահաբեկչություն տեղացիների նկատմամբ․
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ