ԵԽ հանձնակատարի բարձրաձայնած խնդիրները դեռևս լուծում չեն ստանում
16.03.2015
12:00
Թեև Եվրոպայի խորհրդի հանձնակատարի զեկույցը շատ օբյեկտիվ հնչեցված գնահատական էր Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, միևնույն է, գործնականում Հայաստանում դրական փոփոխություններ չեն նկատվում: Պնդում են իրավապաշտպան կազմակեպությունների ներկայացուցիչները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

Նշենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մուժնիեկսը մարտի 10-ին հրապարկել էր իր զեկույցը 2014-ի հոկտեմբերին  Հայաստան կատարած իր այցի վերաբերյալ:

Իր զեկույցում նա անդրադարձել էր այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպիսիք են  «Մարտի մեկի» քրեական գործի ընթացքը, 15-ամյա Շահեն Հարությունյանի դատապարտումը, Հայաստանի դատական համակարգի խնդիրները, ոստիկանության և իրավապահ մարմինների կողմից խոշտանգումներն ու բռնությունները, ինչպես նաև բանակում՝ խաղաղ պայմաններում բռնություններն ու մահվան դեպքերը:

Քննարկման մասնակից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արման Դանիելյանն ասաց, որ ԵԽ հանձնակատարը հայաստանյան իրավիճակի ճշգրիտ վերլուծություն է կատարել, և զեկույցում որևէ նորություն չկա:

«Այսպիսի զեկույցներ հաճախակի են լինում թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների կողմից: Խոշտանգումների կանխարգելման մասով բազմաթիվ անգամ հարցեր են բարձրացվել: Այս առումով ինչ-որ փոքր քայլեր սկսում են անել, օրենսդրությունում փոփոխություններ նախապատրաստել, որպեսզի համապատասխանեցվի ՄԱԿ-ի խոշտանգումների կոնվեցիայի առաջին հոդվածին: Բայց միևնույն 2012-ից նախապատրաստվում են այդ փոփոխություններին,  ուղարկում Ազգային Ժողով, նորից հետ բերում ու դեռևս ոչինչ չկա»,-նշեց Դանիելյանը:

«Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Լուսինե Սահակյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, նշեց, որ  զեկույցում տեղ գտած խնդիրները այնքան խորքային ու տարածական են, որ հանձնակատարը մի քանի օր գտնվելով Հայաստանում, դրանք նկատել է ու ներկայացրել իր զեկույցում:

«Ամենակարևոր խնդիրներից մեկը դատարանների անկախության խնդիրն է,  խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասով անարդյունավետ քննության անցկացումը, անձանց կալանքը՝ որպես խափանման միջոց հաճախակի կիրառելը,  բանակում խաղաղ պայմաններում սպանությունների հարցերը: Բազմիցս են եղել այսպիսի զեկույցներ նաև այլ հանձնակատարների կողմից, բազմիցս են բարձրաձայնվել այս հարցերը,  բայց փոփոխություններ մենք չենք տեսնում: Անգամ եթե ինչ-որ առումով բարեփոխումներ են լինում օրենսդրական դաշտում, ապա պրակտիկան չի փոխվում»,-ընդգծեց Սահակյանը:

Քննարկման մասնակից «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասում է, որ փոփոխություններ տեղի չեն ունենում քաղաքական կամքի բացակայության պատճառով:

«Ես շատ ուրախ եմ այս զեկույցի հրապարակման համար, քանի որ  մենք այս հարցերը  ամեն օր բարձրացնում ենք, ու մեզ ասում են, որ մենք սուբյեկտիվ ենք մոտենում, օբյեկտիվ չենք, քանի որ իրավապաշտպաններ ենք: Հիմա ԵԽ մարդու իրավունքների հանաձնակատարը  Հայաստանում չի աշխատում որպես իրավապաշտան ու իր զեկույցում գրել է նրա մասին, ինչի մասին մենք երկար տարիներ խոսում ենք: Զեկույցում հիմնական սլաքները ուղղված են դատական համակարգին: Մինչև անկախ դատական համակարգ  չունենանք, մենք ոչինչ չենք ունենալու, ինչքան ուզում է օրենքներ բարեփոխեք»,-նշեց Վարոսյանը:

Նա ընդգծում է, որ զեկույցում հանձնակատարը շեշտել է փոփոխությունների կատարումը  ոչ միայն օրենսդրական դաշտում, այլև գործնականում:

Դանիելյանը հավելում է, որ հնարավոր չէ պայքարել խոշտանգումների դեմ,  եթե չկա անկախ դատական համակարգ:

«Անգամ այսօրվա մեր օրենսդրությունը թույլ է տալիս մեզ պատժել խոշտանգողներին, բայց փաստ ունենք, որ որևէ  ոստիկան պատիժ չի կրում քրեակատարողական հիմնարկում խոշտանգման համար: Եթե դատական համակարգը պատրաստ լինի պայքարել խոշտանգումների դեմ, ուրեմն պայքարը կընթանան, եթե ոչ,  ուզում եք 10 անգամ քրեական օրենսգիրքը փոխեք, չեն պայքարի»,-նշեց Դանիելյանը:

Բանախոսները համակարծիք են, որ պետք է  համակարգային փոփոխությունների իրականցման կամք լինի և ոչ թե փոքր փոփոխությունների ռազմավարություն:

«Որոշ փոփոխություններ անգամ իմիտացիոն բնույթ են կրում: Օրինակ՝ վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների համար ձևականորեն հարուցվում են քրեական գործեր, որպեսզի Եվրոպական դատարանին ցույց տան, որ  հարուցել են քրեական գործեր»,-հավելում է Սահակյանը:

Ի հավելումն դրան՝ Դանիելյանը ներկայացնում է որոշ թվային տվյալներ, ըստ որի, 2014-ին խոշտագումների բողոքների հիման վրա հարուցվել է 143 գործ, և դրանցից շուրջ 140-ը փակվել է:

«Ակնհայտ է, որ բացում են ու միանգամից փակում գործը, որ որևէ  գործողություն չիրականացվի»,-հավելեց Դանիելյանը:

Քննարկման վերջում բանախոսները ընդգծեցին, որ յուրաքանչյուր փոփոխություն Հայաստանում հնարավոր է լինելու միայն քաղաքացիական  հասարակության ճնշմամբ, և մինչև իշխանությունը չգիտակցի, որ պետք է երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության հետ սեղանի շուրջ, այլ ոչ թե փողոցում, որևէ  հաջողություն չի գրանցվի:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ