Սպանությունը Գյումրիում ստանում է քաղաքական երանգ
16.01.2015
11:00
Գյումրիում աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանի արդարադատության իրավասության տակ գտնվելու փաստը ճնշմամբ ընդունած քաղաքական որոշման արդյունք է:

Անգամ եթե ռուս իրավապահներն են նրան բերման ենթարկել, հայ իրավապաշտպանները կարծում են, որ այդ դեպքում պատասխանտվության պետք է ենթարկվեն Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները, քանի որ չեն կարողացել ժամանակին և օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել հանցագործին հայտնաբերելու համար:

«Հանցագործությունը կատարվել է ռազմաբազայի տարածքից դուրս, բայց նա, ի վերջո, հայտնվել է բազայի տարածքում: Ի՞նչպես է զինվորականը հայտնվել ռազմաբազայի տարածքում, չէ՞ որ նա հանցագործություն կատարելուց հետո ռազմաբազա չի գնացել: Որտե՞ղ էին մեր իրավապահները, որ չկարողացան օպերատիվ արձագանքել և բռնել հանցագործին: Բացառված չէ, որ մեղադրյալի ռուսական կողմի իրավասության տակ գտնվելը քաղաքական որոշման արդյունք է՝ կայացված «մեծ եղբոր» ճնշման տակ», - նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նրա կարծիքով ՌԴ պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովի այցը Գյումրի խոսում է ՀՀ իշխանությունների վրա առկա ճնշման մասին:

«Մեդիա կենտրոնում»  հունվարի 16-ին կայացավ «Քաղաքական և իրավական արձագանք Գյումրիում աղմկահարույց սպանության քրեական գործի ընթացքին» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը և պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիում ընտանիքի ողբերգական սպանությունը ռուսական ռազմաբազայի զինվորականի կողմից մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Գյումրի քաղաքում, այլև մայրաքաղաքում: Մի քանի օր է՝ Գյումրիում և Երևանում անց են կացվում  ակցիաներ՝ մեղադրյալին Հայաստանի իրավապահներին հանձնելու պահանջով: Բողոքի ակցիաները Գյումրիում՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքի, 102-րդ ռազամբազայի, ինչպես նաև մարզային դատախազության շենքի դիմաց եւ Երևանում՝  նախագահի նստավայրի և Ռուսաստանի դեսպանատան դիմաց առանց բախումների չեն անցել:

Ցուցարարների՝ հանցագործին Հայաստանի արդարադատության համակարգին հանձնելու  պահանջը դեռեւս չի կատարվել:  Գյումրի ժամանած ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հավաստիացումները, որ անցագործը քրեական պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում չկասեցրեցին բողոքի ալիքը:

Իշխանյանի խոսքերով՝ հասարակության և հատկապես գյումրեցիների մեծ մասի համար արժանահավատ չէ կատարվածի պաշտոնական վարկածը, որ զինվորականը մտել է Ավետիսյանների տուն ջուր խմելու ցանկությամբ ու գնդակահարել ողջ ընտանիքին: Նրանք նաև կասկածում են, որ Հայաստանին չհանձնելու դեպքում հանցագործը պատասխանտվության կենթարկվի ընդհանրապես: 

«Նրանք շատ են կասկածում, որ կասկածյալը, ով պահվում է ռուսական բազայի տարածքում, ընդհանրապես պատասխանատվություն կկրի: Այս դեպքը ցույց տվեց, որ Հայաստանը զիջում է իր սուվերենությունը և անգամ իր արդարադատությունն է զիջում: Որտե՞ղ է այդ սահմանը: Մինչև որտե՞ղ մենք պետք է զիջենք», - հայտարարեց Ավետիք Իշխանյանը՝ միևնույն ժամանակ դատապարտելով ոստիկանության «կոպիտ գործողությունները խաղաղ ցուցարարների» նկատմամբ:

«Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ հայ իրավապահներն իրենց գործողություններով Երևանում սադրել են մարդկանց, մինչդեռ քաղաքացիները պարզապես սոլիդարության հավաքներ են անցկացրել:

«Փոխանակ իրականացնեին օպերատիվ գործողություններ Շիրակի մարզում, սանրեին տարածքը հանցագործին գտնելու համար, նրանք լծվեցին խաղաղ ցույցերը ցրելու գործին: Այն, ինչ կատարվեց Ազատության հրապարակում հունվարի 15-ին, ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հրահրում, սադրում, բերման ենթարկել, օկուպանտներին ծառայող տեղական պոլիցայների վարքագիծ է: Մարդկանց զայրույթը անարդարության զգացողության արդյունք է, քանի համոզիչ չեն մինչև այժմ բերված վարկածները», - նշեց Զեյնալյանը՝ հավելելով, որ իրավական տեսանկյունից Պերմյակովի գործը գտնվում է ռուսական իրավապահների իրավասության տակ, և նա չի կարող հանձնվել Հայաստանին:

Այժմ Պերմյակովի դեմ հարուցել են քրեական գործ և՛ Հայաստանի և՛ Ռուսաստանի իրավապահները: Նա մեղադրվում է Գյումրիում ընտանիքի սպանության և զենքով դասալիքության մեջ:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով աղմկահարույց սպանության քրեական գործի ընթացքին, հիշեցրեց, որ մեղադրյալը ռուսական հինգերորդ կայազորային դատարանի որոշմամբ գտնվում է կալանքի տակ: «Այո՛, նախաքննության ընթացքում գոյություն ունեն մեր և ռուսների կողմից հարուցած երկու քրեական գործեր: Ընթանում է քննություն: Քննության նյութերը կմիավորվեն մեկ գործի մեջ, որից հետո տեղի կունենա դատավարություն: Պրակտիկան ցույց է տալիս, որ դատավարությունից հետո նա ուղարկվում է պատիժը կրելու Ռուսաստանի որևէ քրեակատարողական հիմնարկում», - պարզաբանեց Մարուքյանը:

Սպանությունը Գյումրիում ստացել է քաղաքական ենթատեքստ, նշում է Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ պարզաբանելով, որ խախտվել է Հայաստանում միջպետական պայմանագիր:

«Միջպետական պայմանագիր է խախտվել այն առումով, որ սահմանապահները պետք է հանձնեին հայտնաբերված անձին հայ իրավապահներին, հատկապես որ նա եղել է քաղաքացիական հագուստով և առանց անձը հաստատող փաստատթղթի: Բացի դրանից, ըստ միջպետական պայմանագրի, առաջացած խնդիրները լուծելու համար կողմերը պետք է ձևավորեն համատեղ հանձնաժողով, ինչը ևս չի արվել: Երբ չեն օգտագործվում խնդրի կարգավորման իրավական մեխանիզմները, այն ստանում է քաղաքական ենթատեքստ», - նշեց պատգամավորը:

Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Ազգային Ժողովում ևս կքննարկվի Գյումրիում աղմկահարույց սպանության խնդիրը: «Այս պահին գնում են նախնական քննարկումներ: Արդեն ԱԺ չորս հանձնաժողովներ համաձայն են իրականացնել համապատասխան քննարկում», - հավելեց նա:  

Ամփոփելով քննարկումը՝ բանախոսները կոչ արեցին Հայաստանի իշխանություններին պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերը, երկրի արժանապատվությունը և հասնել հանցագործության շարժառիթի բացահայտմանը:  

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ