Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը սկսել ենք չափել զոհերի քանակով
26.01.2015
12:00
Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը վերջին մեկ տարում շեշտակի աճ է գրանցել: Ընդարձակվել է հրադադարի խախտման աշխարհագրությունը, իսկ լարվածությունն այնքան է մեծացել, որ այն արդեն գնահատում են զոհերի քանակով:

Նման կարծիք հայտնեցին փորձագետները հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին նվիրված քննարկման ժամանակ:

Արդեն կես տարուց ավել է, ինչ լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին շեշտակի աճել է: Հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները սկսած 2014 թ. ամռանից մինչև այսօր զուգորդվում են երկկողմանի մարդկային կորուստներով՝ ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում: Միայն տարեսկզբից մինչև այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայկական Զինված Ուժերը կորցրել են 10 զինվորական: Ադրբեջանի կողմի կորուստների մասին պաշտոնական տեղեկատվությունը շատ կցկտուր է:

Որոշակի տեղեկություններ այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում «նախահարձակ հակառակորդը` ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր»: Ըստ նույն աղբյուրի՝ կանխարգելիչ գործողությունների արդյունքում շարքից հանվել է Արդրբեջանի մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա:

Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական կողմը նախագահ Իլհամ Ալիևի 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավելևս` շփման գծում «ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը»:

Վերլուծելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշում է, որ ռազմական տեսանկյունից մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ուղղակի լարվածությունն է շեշտակի աճել, և վերջինիս աշխարհագրությունն է ավելի ընդգրկուն դարձել:   

«Վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը վերջին օրերին՝ կարևոր միտում է նկատվում: Ռազմական տեսանկյունից ամեն ինչ նույնն է, բայց ադրբեջանական հարձակումների աշխարհագրական ընդգրկումն է մեծացել: Նախկինում հրադադարի խախտման չափը որոշվում էր արձակված կրակոցների չափով, իսկ այժմ լարվածությունն այնքան է մեծացել, որ զոհերի քանակով է որոշվում», - հայտարարեց Կիրակոսյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն, որը տեղի ունեցավ այս տարվա հունվարի 2-ից՝ ներկայացվելով որպես անվտանգության նկատառումներով արված քայլ, ոչ թե ավելացրեց, այլ պակասեցրեց երկրի անվտանգությունը: «ԵՏՄ-ում Հայաստանն ավելի պակաս ապահով է անվտանգության տեսանկյունից, քան նախկինում»,- կարծում է վերլուծաբանը:

«Մեդիա կենտրոնի» և Հայաստանում Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի գրասենյակի նախաձեռնությամբ հունվարի 26-ին  տեղի ունեցավ քննարկում «Գնահատելով տարեսկզբի քաղաքական իրադարձությունների զարգացումը  և լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով: Քննարկման բանախոսներն են՝

ադրբեջանից փորձագետ, լրագրող Շահին Ռզաևը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Շահին Ռզաևի կարծիքով՝ ադրբեջանական հասարակության վերաբերմունքը զոհերի քանակի աճին բավական ադեկվատ է, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել: «Զոհերի քանակն իսկապես աճել է: Բայց Ադրբեջանում, ի տարբերություն Հայաստանի, կարծում են, որ պատերազմը չի ավարտվել և զինվորներ են մահանում կռվում», - նշեց Ռզաևը՝ հայտարարելով, որ Հայաստանի մուտքը ԵՏՄ թողել է որոշակի ազդեցություն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Դրանով է նա բացատրում Մոսկվայի «ոչ համարժեք արձագանքը» որոշ իրադարձություններին հակամարտության գոտում: Մասնավորաբար, նա հիշեցրեց Լեռնային Ղարաբաղում զորավարժությունների ժամանակ հայկական ուղղաթիռի կործանումից հետո Կրեմլի «զուսպ արձագանքը»:

Ադրբեջանում, ըստ բանախոսի, ելնելով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի անարդյունավետությունից, ընդհանրապես կարծում են, որ հայերի հետ քննարկելու բան չկա: Նրա դիտարկմամբ՝ ապագայում լարվածությունը հակամարտող կողմերի միջև դժվար թե պակասի, քանի որ Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:  

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ ՀՀ ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին տարեսկզբի լարվածությանը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ շփման գծում, ինչի մասին խոսում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը երբեմն նախազգուշացնող քայլեր կարող է ձեռնարկել, հենց տեղում որոշումներ կայացնել և պատասխանել Ադրբեջանին: Հայաստանի հասարակությունը և ռազմաքաղաքական էլիտան, ըստ պատգամավորի, պետք է հաշտվի այն մտքի հետ, որ պատերազմն ավարտված չէ, հնարավոր են զոհեր, և պետք է պատրաստ լինել իրավիճակի զարգացման տարբեր սցենարների: 

Պողոսյանի համոզմամբ՝ սահմանային լարվածությունը պայմանավորված է նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցով: «Արդբեջանն օգնում է իր մեծ եղբորը (խմբ. - Թուրքիա): Բացի այդ՝ նավթի միջազգային գներն անկում են ապրում, ինչը չի կարող չանհանգստացնել նավթարդյունահանող Ադրբեջանի ղեկավարությանը, և խնդիր կա շեղելու հասարակության ուշադրությունը: Բաքուն կորցնում է իր հմայքը Եվրոպայի համար», - նշեց պատգամավորը:  

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ լարվածության նախաձեռնողը սահմանին Ադրբեջանն է: «Այն, որ լարվածություն կա հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ շփման գծում, նախաձեռնությունը միշտ գալիս է Արդեբեջանի կողմից: Ադրբեջանը ուզում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ղարաբաղյան հարցը լուծված չէ, սառեցված չէ», - նշեց քաղաքագետը: Նա հավելեց, որ լարվածություն հրահրելով՝ Բաքուն միևնույն ժամանակ  պետք է հասկանա, որ նման կերպ ի չիք է դարձնում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն:  

Ամփոփելով քննարկումը՝ բանախոսները նկատեցին, որ տարեց տարի լարվածությունը բարձրանում է հակամարտող կողմերի միջև, ինչը ցույց է տալիս, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հեռու է իր հանգրվանից: Փորձագետները կարծում են, որ քաղաքացիական հասարակության մակարդակում հանդիպումները դրական մթնոլորտ կարող է ձևավորել կողմերի հարաբերություններում, սակայն հակամարտության լուծման տեսանկյունից կարևոր են երկրների քաղաքական ղեկավարությունների կամքը և որոշումները:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ