«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում ամենահուզող հարցերը դեռևս մնում են անպատասխան»
02.04.2015
14:00
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության քրեական գործի շրջանակում՝ նախաքննության ընթացքում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացություններն արդեն հայտնի են, սակայն կարևորագույն հարցերի պատասխանները դեռևս մնում են անհայտ: Նշեցին Ավետիսյանների սպանության քրեական գործում ներգրավված իրավապաշտպանները այսօր Գյումրու «Ասպարեզ» ակումբում՝ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած մարզային քննարկմանը:

Քանի որ սպանության համար հարուցվել է երկու քրեական գործ (մեկը ռուսական կողմից, մյուսը՝ հայկական), իրավապաշտպանները նախևառաջ անդրադարձան հայկական կողմի հարուցած քրեական գործի նախաքննության ընթացքին:

Քննարկմանը ներկա տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը ասաց, որ նախաքննության ընթացքում բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, որոնցից որոշ եզրակացություններ արդեն իրենց և հանրությանը հասանելի են:

«Ամենագլխավոր պատասխանը, որ մենք ստացել ենք փորձագետների եզրակացությունից, կրակոցների հետ կապված խնդիրն է, որով հիմնավորվել է, որ Ավետիսյանների ընտանիքում բոլոր կրակոցները արձակվել են միևնույն զենքից և դա այն զենքն է, որը հենց հայտնաբերվել է Ավետիսյանների տանը», - նշեց Սահակյանը:

Անցկացվել է նաև դատակենսաբանական փորձաքննություն Ավետիսյանների տանը թողնված հագուստի, կոշիկի, ձեռնոցների, պայուսակի, հրազենի վրա առկա հետքերի և ծխուկների մասով և այս առումով նույնպես կան փորձագիտական եզրակացություններ:

«Այն քրտինքը, որ առկա է եղել այդ հագուստի վրա, իր խմբային պատկանելիությամբ համապատասխանում է Պերմյակովի արյան խմբին, սակայն դա վերջնական չենք կարող հաստատել: Քանի դեռ չկա դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, դա վերջնական արձանագրել հնարավոր չէ», - նշեց Սահակյանը՝ հավելելով, որ դատագենետիկական փորձաքննության ավարտից հետո, տրված եզրակացությունը պետք է համադրվի դատաբժշկական փորձագիտական եզրակացության հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դեմ հարուցվել էր երկու քրեական գործ ընտանիքի սպանության, ինչպես նաև զենքով դասալիքության մեջ:

Սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ միայն Գյումրիում, այլ ամբողջ հանրապետությունում, որի շրջանակում անցկացվեցին բողոքի ցույցեր և ակցիաներ՝ գործի վարույթը հայկական արդարադատությանը փոխացելու իրավազորության պահանջով:

Իրավապաշտպանները նշում են, որ մինչ օրս հավաքված ապացույցները պտտվում են Վալերի Պերմյակովի շուրջ, սակայն քրեական գործի պատճառահետևանքային կապը շատ դժվար է իրենց հասկանալ, թե ինչու՞ է այդ անձը, այնուամենայնիվ, կատարել այդ ընտանիքի սպանությունը:

«Ըստ Պերմյակովի ցուցմունքների՝ նա մտել է Ավետիսյանների տուն ջուր խմելու համար, հետո շրջանառվեցին լուրեր, որ մտել է հագուստ վերցնելու համար: Բայց ի վերջո ինչու՞ է սպանել այդ անձանց: Երբ հասնում ենք երեխաների սպանությանը, այստեղ արդեն առավել անտրամաբանական է դառնում գործողությունների շարունակությունը, երբ որ սպանող անձը թողնում է իր հագուստները, կոշիկները ու զենքը Ավետիսյանների տանը ու հեռանում այդտեղից»,-հավելում է Սահակյանը:

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, նշեց, որ այս պահին կատարվում է գործընթաց, որից ոչ մեկ հստակ տեղեկություն չունի, մասնավորապես՝ ինչ հարաբերություններ են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև:

«Ես կուզեի նշել մեր Ոստիկանության անգործության փաստը: Մենք ոչ մեկից ոչ խնդրողի, ոչ էլ պահանջողի դերում չէինք լինի, եթե ՀՀ ոստիկանությունը առաջին օրը գործեր այնպես, ինչպես պետք է գործեր: Իսկ նորմալ գործելու դեպքում, Պերմյակովը պետք է գտնվեր ՀՀ իրավազորության ներքո, համապատասխան քրեակատարողական հիմնարկում», - նշեց Վարոսյանը:

Քննարկմանը ներկա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ասաց, որ անհրաժշետ է դեռ տեղազնության և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները համադրել իրար:

«Բայց մեզ կան հուզող հարցեր: ՀՀ դատաիրավական մարմինները այդպես էլ քրեական գործ չեն հարուցել Պերմյակովի կողմից սահմանը խախտելու փորձի փաստի հիման վրա: Երբ որ մենք այդ հարցը բարձրացնում ենք Քննչական կոմիտեի առջև, իրենք հստակ պատասխան մեզ չեն տալիս և ասում են, որ ժամանակավրեպ են համարում նման հիմքով քրեական գործի հարուցումը, կամ մեղադրանքում հոդվածի ավելացումը», - ընդգծում է Սաքունցը:

Նա նշում է, որ մինչ օրս գաղտնի է պահվում ՀՀ-ի և ՌԴ-ի քննչական կոմիտեների միջև կնքված համաձայնագիրը և հայտնի չէ, թե ինչ քայլերի իրավասություն ունի հայկական կողմը և ինչ քայլերի իրավասություն՝ ռուսական կողմը:

«Հաջորդ հարցը, որ մեզ մտահոգում է՝ ՀՀ իրավապահ մարմինների բացարձակ անգործությունն է ռուսական ռազմաբազայի և սահմանապահների գործողությունների առնչությամբ: Որովհետեև այս պահին մենք կարող ենք արձանագրել, որ Պերմյակովի՝ ռուսական կողմի հսկողության տակ պահվելը, խոչընդոտել է քննության իրականացմանը»,-հավելում է  Սաքունցը:

Իրավապաշտպաններին մտահոգում է նաև այն փաստը, որ սպանության շարժառիթը և կրակոցների ձայնը չլսելու հանգամանքը վկաների կողմից մինչ օրս հայտնի չէ:

Անհասկանալի է նաև, թե դատական գործընթացները որտեղ են տեղի ունենալու, եթե այժմ կա երկու քրեական գործ, որից մեկը հայ իրավապահներն են քննում, մյուսը՝ ռուս: 

Քննարկմանը ներկայացվեց նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած կարճամետրաժ ֆիլմի Ավետիսյանների ընտանիքի սպանության և քրեական գործի շրջանակներում ռուսական և հայկական կողմի պարտավորությունների վերաբերյալ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ասում է, որ մինչ օրս ոչ միայն հայտնի չեն ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների միջև կնքված համաձայնագրերը, այլև գաղտնի է պահվում ՀՀ դատախազի նամակը ուղղված ՌԴ դատախազին:

«Ռուսաստանն ինքն իրեն իրավասու է համարում քննություն անցկացնել ՀՀ տարածքում իրականացված հանցագործության փաստի առթիվ, որը նաև հայ-ռուսական համաձայնագրերի համաձայն, պետք է ՀՀ իրավապահների կողմից քննվեր: Սա նշանակում է, որ Ռուսաստանը՝ Գյումրին, Ավետիսյանների բնակարանը և ռուսական ռազմաբազան համարում է Ռուսաստանի տարածք, ինչը այդպես չէ»,-նշեց Իոաննիսյանը:

Ավետիսյանների ընտանիքի սպանության՝ քրեական գործի վերաբերյալ ֆիլմն առաջին հերթին ունի մեկ նպատակ. հանրությանը ցույց տալ, որ չի կարելի այդ ամբողջ հանցագործության մեղավորությունը գցել միայն Պերմյակովի վրա:

«Եթե անգամ ինքն այդ ընտանիքի գնդակահարությունը արել է, ապա նա չի կարող ամբողջությամբ կրել այդ մեղավորությունը, ռուսական ռազմակայանի ոստիկանությունը, ով գիտեր, որ զինված դասալիք կա ու այդ մասին չի հայտնել ՀՀ ոստիկանությանը, նույնպես պետք է կանգնի դատարանի առջև», - հավելեց Իոաննիսյանը:

Քննարկման վերջում իրավապաշտպանները նշեցին, որ անհրաժեշտ է ունենալ Պերմյակովի՝ ինչպես հայ քննիչներին, այնպես էլ ռուս քննիչներին տված ցուցմունքները:

«Դրանք պետք է համադրել փորձագիտական եզրակացությունների հետ, ինչը թույլ կտա շատ հարցերի պատասխաններ գտնել»,-նշեց Վարոսյանը:

Քննարկման մասնակիցները հավելեցին, որ խնդիրը ոչ միայն իրավական հարթության մեջ է, այլև քաղաքական, և եթե Հայաստանը լիներ ժողովրդավար, իրավական պետություն, ապա արդյունավետ քննություն կանցկացվեր և հուզող հարցեր չէին ծագի:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ