«ԵԽ զեկույցը Հայաստանում քրեակատարողական հիմնարկների մասին. դրական և բացասական միտումներ»
05.03.2015
11:00
Հասարակական և դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) արձանագրած խնդիրները` Հայաստանում քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ, լուծում չեն ստանում, մինչդեռ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները մատնանաշում են ձեռնարկված միջոցառումներն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք դրական գնահատականի են արժանացել նույն ԽԿԿ-ի կողմից:

Այսօր «Մեդիա կենտրոնի» քննարկմանն իրենց հակընդեմ կարծիքները ներկայացրեցին հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչները: 

Նշենք, որ այս տարվա հունվարին ԵԽ-ի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հրապարակել էր Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցը, որը հիմնված է եղել 2013-2014 թթ-ին պատվիրակության անդամների կողմից Հայաստան կատարած այցելությունների արդյունքների վրա:

Քննարկման մասնակից,  ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանն ասում է, որ 2014-ի ընթացքում իրենց կատարած դիտարկումների արդյունքներով Հայաստանի ՔԿՀ-ներում հիմնական խնդիրները մնում են երեքը՝ գերբնակեցումը,  պայմանական վաղաժամկետ ազատաման ինստիտուտի գործունեությունը և բուժսպասարկումը:

«Այս առումով Խոշտանգումների խանխարգելման  կոմիտեի զեկույցում նույնպես անդարադարձ կար թե´ գերբնակեցման թե´ բուժսպասարկման խնդիրներին»,-նշեց Սարգսյանը:

Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով ներկա  էր քննարկմանը, ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում առաջնային խնդիրը ոչ թե պայմանական վաղաժամկետ ազատումն է, այլ անպաշտպանվածությունը:

«ՔԿՀ-ներում վիճակն այնքան վատ է, որ մարդիկ որպես փրկության միջոց տեսնում են պայմանական վաղաժամկետի միջոցով այդ դժոխքից դուրս գալը,-նշեց Սաքունցը,-Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից արձանագրած խնդիրներին լուծում մենք չենք տեսնում: Կոմիտեն արձանագրում է  իրավիճակի անփոփոխելիությունը , ճիշտ  է` նշվում է, որ ինստիտուցիոնալ քայլեր կան՝ հատուկ քննչական ծառայության հիմնադրմամբ և քննությունների իրականացման  ուղղությամբ, բայց իրավիճակի փոփոխություն չկա, և նույն խնդիրներն են նշված, ինչ եղել է նախորդ զեկույցներում»:

Սաքունցը հավելեց, որ խորհրդային տարիների համեմատ մասսայական բռնության և խոշտանգման դեպքերը վերացել են ՔԿՀ-ներում, բայց հիմա խոշտանգումները ընտրողաբար են տեղի ունենում, ինչը, ըստ նրա, խոսում է վախի մթնոլորտի առկայության մասին:

«2009-ին քրեակատարողական համակարգի ֆինանսավորումը 2008-ի համեմատ կրկնակի նվազեց, բայց բողոքների աճ չնկատվեց կապված բուժզննման կամ սննդի տրամադրման հարցերի հետ:  Դա խոսում է այն մասին, որ այդ համակարգն այնքան փակ է, որ բացակայում են ահազանգերն ու բողոքարկումները, իսկ իրավական պաշտպանվածությունը շատ ցածր մակարդակի վրա է: Մյուսը կոռուպցիոն ռիկսերն են, որ ազդում է իրավիճակի վրա»,-ընդգծում է Սաքունցը:

Հասարակական սեկտորի ներկայացուցիչները անդրադարձան նաև ՔԿՀ-ներում սննդի տրամադրման հարցին՝ նշելով, որ դրա համար ֆինանսավորում է հատկացվում, բայց միևնույն է ազատազրկման դատապարվածները իրենց հարազատներից ստացած հանձնուկներով են սննդի հարցը լուծում:

«Կամ անորակ է սնունդը, կամ քիչ է, չի բավարարում: Ստացվում է`  դատապարտյալին ընտանիքն է պահում, ոչ թե համակարգը: Երբ ես այցելում եմ ՔԿՀ և տեսնում, որ մի խուցն ավելի լավ է կահավորված, քան մյուսը, և որոշակի մարդիկ արտոնյալ վիճակում են գտնվում մյուսների համեմատ, դա արդեն իսկ խտրական վերաբերմունք է: Այս սոցիալական դիրքավորումը և բևեռացումը պրոբլեմ է ՔԿՀ-ներում, ու դա չի հաղթահարվում»,-հավելեց Սաքունցը:

Քննարկման մասնակից, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանն էլնշեց, որ  Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն բազմիցս անդրադարձել է  ՔԿՀ-ներում  վերականգնողական, հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների մատչելիության խնդիրներին:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերականգնողական ծառայությունների մատչելիությունը և դատապարտյալների շտկման, ուղղման, նրանց կրթական, մասնագիտական ուսուցման և  զբաղվածության աշխատանքները լիովին ապահովենք: Մինչդեռ այսօր աշխատանքային զբաղվածության և վերականգնողական աշխատանքների իրականցումը ՔԿՀ-ներում շատ նվազ է»,-ասաց Գասպարյանը:

Նրա խոսքով՝ քրեակատարողական օրենսդրությունը և քրեակատարողական ծառայությունը ունի մի շարք ինստիտուտներ,  բայց արդյունավետ չեն:

«Օրենսդրությունը, դատապարտյալի շահերից ելնելով, բարվոք է, բայց սա ինստիտուտ  է, որը պետք է փորձենք մաքսիմալ ճիշտ օգտագործել ու կիրառել: Պրոբացիոն ծառայության ստեղծումը կլուծի պատժից վաղաժամ ազատման հարցը, և  ԽԿԿ-ն նույնպես անդրադարձել է դրան՝ որպես լուծում»,-հավելեց Գասպարյանը:

ՀԿ-ների ներկայացուցիչները նշեցին նաև, որ սոցիալ-հոգեբանական աշխատանքների ֆրոնտը ՔԿՀ-ներում մասնագիտական բավարար քանակ չի ապահովում, մյուս կողմից կարևորեցին կրթված, վերապատրաստված աշխատանքային անձնակազմ ունենալու անհրաժեշտությունը, որը խիստ կնվազեցնի խոշտանգման երևույթը ՔԿՀ-ներում:

Հակադարձելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիտարկումներին՝   ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական, իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետ Միքայել Զախարյանը նշեց, որ ԵԽ զեկույցը Հայաստանում ՔԿՀ-ների մասով անդրադարձել է նաև դրական զարգացումներին:

«ԽԿԿ-ի կողմից ողջունվում է այն, որ Հայաստանը պատրաստել է օրենսդրական նախաձեռնություն, որպեսզի ցմահ դատապարտվածները  չառանձացվեն մյուս բոլոր ազատազրկման դատապարտվածներից:  Ողջունել է նաև քրեակատորողական վարչության  պետի ցուցումը, որով ոչ բոլոր դատպատյալներն են խցից դուրս տեղաշարժվելիս կրում ձեռնաշղթա կամ ոտնաշղթա: Այն տպավորությունը, թե քրեակատարողական ծառայությունը իներտ է գործում, սխալ է, այդպես չէ»,-նշեց Զախարյանը:

Նա հավելեց, որ ԽԿԿ-ի զեկույցի շրջանակում կան նաև լուրջ մտահոգություններ, որոնցից մեկը հենց պատժից վաղաժամ ազատման ինստիտուտի բարելավումն է:

«Ինստիտուտը միշտ եղել է,  գործել է, այլ հարց է այդ մեխանիզմները, ֆիլտրերը, որոնցով անցնում է դատապարտյալը: Այստեղ իրոք լուրջ մտահոգությունների և վերաբերմունքի հարց է, և եթե մենք լուրջ աշխատող մեխանիզմ ունենանք,  դա կարևոր լծակ կլինի նաև քրեակատարողական ծառայության ձեռքին»,-հավելեց  Զախարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ