Օֆշորային սկանդալի կոռուպցիոն հետագիծը. կլինե՞ն արդյոք իրավական հետեւանքներ
13.05.2016
14:00
«Չեմ հավատում, որ ազնիվ կապիտալ կա Հայաստանում, և եթե սկսենք դա փնտրել, բոլորին պետք է նստացնենք: Եկեք ներենք մարդկանց, թող այդ գումարը գա Հայաստան: Մենք այն վիճակում չենք, որ դա որպես խիստ հարց բարձրացնենք ու պատժենք».- «Օֆշորային սկանդալի կոռուպցիոն հետագիծը. կլինեն արդյոք իրավական հետեւանքներ» թեմայով Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Բանախոսի պարզաբանմամբ` «Վատ է փողի համար այստեղ, և այն տանում են օֆշոր: Դրա համար պետք է հայտարարել կապիտալների ամնիստիա:  Թող չբացատրեն՝ որտեղից է: 800 միլիոն դոլար են վերագրում Միհրան Պողոսյանին, պատկերացրեք՝ ինչքան լավ կլիներ, որ նա հանգիստ զբաղվեր բիզնեսով և այդ  800 միլիոնը լիներ Հայաստանում»:  «Մեդիա կենտրոնի» հարցին, թե արդյո՞ք մինչ այդ  պետք չէ պարզել, թե որքանով են օրինական այդ գումարները` բանախոսը պատասխանեց. «Մենք հասկանում ենք, որ մեծ կապիտալն առանց պետական հովանավորչության Հայաստանում չի դիմանա: Միգուցե այդ պատճառո՞վ է, որ այդ մարդիկ ստիպված պետական ապարատ են գնում, որպեսզի պահեն այն կապիտալը, որն ունեն: Այ խնդիր հենց սրա մեջ է»:

Այն, որ ներդրումները բիզնեսում ապահովագրված չեն Հայաստանում, ընդգծեց նաեւ քննարկմանը մասնակցող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Կարծում եմ, քավության նոխազներ դարձնելը, ինչ -որ հարձակումներ անելը, փոքր հրդեհներ հանգցնելը կարող է «PR» ինչ -որ դրսեւորումներ լինեն: Բայց ընդհանուր էֆեկտի համար լայն քայլեր են պետք, պետք է ամբողջ հունով  փոփոխվի կառավարման համակարգը: Սակայն մեկ բան է ասելը, մեկ բան է անելը»։

Քննարկման մյուս բանախոսը`  «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էլ նշեց, որ ակնկալիքներ չունի իրավական հետևանքների առումով: «Նման շեշտադրում չենք անում, այստեղ կարևորը պատժի անխուսափելիության մթնոլորտի ձևավորումն է, որ յուրաքանչյուր ոք հասկանա՝ ինքն անպատիժ չի մնա: Իսկ թե ինչպե՞ս՝ տուգանքո՞վ, թե՞ քրեական պատասխանատվությամբ, էական չէ: Կարևորում եմ նման արարքի դեպքում հետագա պաշտոնավարման արգելքը»,- ընդգծեց բանախոսը:

Նա նաեւ նկատեց, որ առայժմ տեսնում ենք հակառակ պատկերը. «Հովիկ Աբրահամյանը Միհրան Պողոսյանին հրաժարականից հետո շնորհակալություն հայտնեց և որևէ կերպ չանդրադարձավ օֆշորային սկանդալին: Միգուցե նա իսկապես շատ լավ ղեկավարում էր ծառայությունը, երևի, դրա համար որպես կառավարիչ անդրադարձավ Հովիկ Աբրահամյանը: Բայց հանրությունը սպասում էր հորդորին՝ ուղղված մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին` ձեռնպահ մնալ նման բիզնես գործունեությունից ու կոռուպցիոն սկանդալից, որովհետև դրանով անվանարկում եք պետությունը: Մենք, սակայն,  որևէ դատապարտում չլսեցինք»:

Քննարկման մասնակիցները անդրադարձան նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` նախօրեին կառավարության նիստի մեկնարկից առաջ արած հայտարարությանը` կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Կառավարությանը կից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ Միքայել Մելքումյանը նախ նշեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ձեւավորվել է 2015թ. փետրվարի 19-ին, մինչ օրս ընդամենը մեկ նիստ է գումարել, ապա նկատեց. «Վարչապետը խոսում է մենաշնորհների դեմ պայքարի մասին, բայց պետք է ասվի, թե մինչև հիմա ինչ վնաս է հասցվել պետությանը և ինչպես է  պետքք փոխել իրավիճակը: Խոսքը բնական մենաշնորհների մասին չէ, այլ մենաշնորհների: Պետք է նշվեն մենաշնորհների հասցեները: Կան ապրանքային շուկաներ, որտեղ  գերիշխում են մի քանի սուբյեկտներ: Բացի այդ, պետք է  հստակ ժամանակահատված սահմանվի, օրինակ` հուլիսի այս օրը պետք է լուծվի 3-4 մենաշնորհի հարց: Կառավարությունը պարզ լեզվով պետք է խոսի` որն է խնդիրը, որ այս շուկաներում մի քանի սուբյեկտ չի մնում: Ինչ է, խելքը կա, շնորքը չկա՞: Այս պահին կառավարությունը բարեփոխիչ չէ»,- եզրափակեց Աժ պատգամավորը:

Իսկ քննարկմանը մասնակցող ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ  հորդորեց բացասականից զատ, տեսնել նաեւ դրականը: Եվ որպես այդպիսին` ներկայացրեց. «Մշակվել է օրինագիծ, համաձայն որի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում սահմանավում է վարչական, ինչպես նաև քրեական հետապնդում:  Օրինագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով և առաջիկայում այն կքննարկեն պատգամավորները:Այս քայլը բխում է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունից: Սա արվում է ոչ թե պետական չինովնիկների կամ ՀԿ-ների համար, այլ հանրային վստահությունը պետական համակարգի նկատմամբ բարձրացնելու նպատակով».- նշեց ԱՆ փոխնախարարը` միեւնույն ժամանակ արձանագրելով, որ դա հանդիսանում էր ԵՄ պահանջ:

Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք  areviksahakyan@mail.ru հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ