ԿԲ-ն բարձրացնում է բանկային համակարգի կառավարելիությունը, ոչ թե ճկունությունը
29.01.2015
11:00
Հայաստանի Կենտրոնական բանկի՝ 2014 թվականի տարեվերջյան որոշումը 6 անգամ բարձրացնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը չի նվազեցնելու երկրի ֆինանսական համակարգի հնարավոր ճգնաժամի ռիսկը: Բանկերի խոշորացումը ճգնաժամերի դեպքում մեծ ռիսկեր է առաջացնելու ֆինանսական համակարգի համար:

Այսպիսի կարծիք հայտնեցին «Մեդիա կենտրոնում» հունվարի 29-ին կայացած «Դոլարի փոխարժեքը և ֆինանսական համակարգի կայունությունը» թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետներ Աշոտ Խուրշուդյանը և Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի խորհուրդը 2014 թ. դեկտեմբերի 30-ի նիստում էր կայացրել որոշում բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափը 2017 թ. հունվարի մեկից 30 մլրդ ՀՀ դրամ սահմանելու մասին: Կապիտալի նվազագույն չափի ավելացման պահանջը, ըստ ԿԲ-ի նպատակաուղղված է բանկերի միաձուլումների և միացումների իրականացմանն, ինչը կհանգեցնի բանկերի խոշորացման և կապահովի մասշտաբի դրական էֆեկտ:  «Միջոցառումը կբարձրացնի բանկային համակարգի` տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակությունը և ճկունությունը, ինչպես նաև կնպաստի ֆինանսական միջնորդության խորացմանը», - նշվում է որոշման մեջ:

Մանագետները չեն կիսում Կենտրոնական բանկի կարծիքը, հայտարարելով, որ կապիտալի խոշորացման վերաբերյալ որոշումը գուցե նպաստի համակարգի կառավարելիության աստիճանի բարձրացմանը, բայց ոչ ռիսկերի նվազմանը և ոլորտում մրցակցության աճին: «Կենտրոնական բանկի պահանջը բանկերի խոշորացման վերաբերյալ, չի նվազեցնում ֆինանսական ճգնաժամի ռիսկը: Ստիպելով բոլոր բանկերին խոշարանալ, միաձուլվել կամ մեծացնել իրենց կապիտալը՝ ապագա ճգնաժամի դեպքում մեծ ռիսկի տակ է դնում ֆինանսական համակարգը», - հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

Հայաստանն այսօր ունի 21 բանկ, որոնցից 30 մլրդ և ավելի կապիտալ ունեն հինգը: 2014 թ. սեպտեմբերի 31-ի պաշտոնական տվյալներով՝ «Ամերիաբանկն» ունի մոտ 41 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ, «ՎՏԲ-Արմենիա» բանկը՝ 50.1 մլրդ դրամ, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը՝ մոտ 53.4 մլրդ դրամ, «Արդշինինվեստբանկը»՝ մոտ 47 մլրդ դրամ և HSBC բանկը՝ 46.8 մլրդ դրամ:

Հայաստանի երկու բանկեր ունեն 30 մլրդ դրամից ոչ շատ պակաս կապիտալ՝ «Հայբիզնեսբանկն» ունի մոտ 27.7 մլրդ դրամ և «Ինեկոբանկը»՝ մոտ 25.2 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ: Մինչդեռ մյուս 17 բանկերը, հաստատապես, ընդհանուր կապիտալի համալրման խնդիրներ կունենան: Նրանցից վեցը՝ «Յունիբանկը», «Կոնվերսբանկը», «Առէքսիմբանկը», «Արարատ» բանկը, «Արցախ» բանկը, «Արմսվիսբանկը» և «Պրոմեթեյ» բանկը, ունեն 21-22 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ: Իսկ հայաստանյան ութ բանկեր ունեն ԿԲ-ի պահանջած չափից նույնիսկ երկու-չորս անգամ պակաս՝ 5.6-13.6 մլրդ դրամ ընդհանուր կապիտալ:

Խուրշուդյանի համոզմամբ ԿԲ-ի որոշումը չի կարող դրական ազդեցություն ունենալ նաև բանկային համակարգում մրցակցության աճի վրա: «Չնայած նրան, որ Հայաստանում գործում է 21 բանկ, համակարգում մեծ մրցակցություն չի նկատվում, քանի որ բանկերը տեղավորվել և աշխատում են մի որոշակի սեգմենտում: Յուրաքանչյուր բանկ ընտրել է իր սեգմենտը շուկայում և մյուսների հետ մեծ մրցակցության մեջ չի մտնում», - ասաց փորձագետը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգի հիմնական խնդիրը ցածր կորելացիան է տնտեսության իրական հատվածի հետ և միակողմանի զարգացվածությունը:

«Հայաստանի ֆինանսական համակարգը գրեթե ամբողջությամբ բաղկացած է բանկերից: Բանկերը շատ քիչ են սպասարկում տնտեսության իրական հատվածը: Բանկային գործարքների հիմանկան մասը վերաբերում է անշարժ գույքին: Դա նշանակում է մենք չունենք տնտեսություն», - հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետը: 

Տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը ասում է, որ բանկերի խոշորացումն այն դեղամիջոցը չէ, որով կարելի է խուսափել ճգնաժամից: Նա չհամաձայնեց Խուրշուդյանի այն կարծիքի հետ, որ բանկերի խոշորացումը կարող է մեծ ռիսկեր ծնել ֆինանսական համակարգի համար: «Իհարկե 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ ամերիկյան խոշոր բանկեր ունեցան պրոբլեմներ, բայց շատ այլ մեծ բանկեր էլ մնացին կայուն: Այսինքն ես չեմ տեսնում ուղիղ կապ մեծ ռիսկերի և բանկերի խոշորացման միջև», - պնդեց Մանասերյանը:

Ըստ նրա՝ առավել մտահոգիչ է այն խնդիրը, թե բանկերը որքանով են ծառայում տնտեսության իրական հատվածի զարգացմանը: «Շատ կարևոր է, որպեսզի բանկային համակարգը ներգրավված լինի տնտեսության զարգացման գործին: Այստեղ կարևոր է, որպեսզի պետական աջակցությամբ, համաֆինանսավորման տեսքով, իրականացվեն մասնավոր հատվածի հետ ծրագրեր, ինչը հիմա իրականացվում է», - նշեց Մանասերյանը:

Փորձագետի համոզմամբ՝ եթե Հայաստանը չունենա բարձր իմունիտետով և զարգացած տնտեսություն, վերջինիս ֆինանսական համակարգը շատ խոցելի կլինի արտաքին ցնցումներից եկած ազդակների համար: «Ասվածի լավագույն օրինակն անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների դոլարի փոխարժեքի շատ կտրուկ տատանումներն էին Հայաստանի ֆինանսական շուկայում: Այդ ժամանակ Ռուսաստանի տնտեսության ցնցումների հետցնցումները մենք զգացինք Հայաստանում, ինչը պանիկա առաջացրեց շուկայում», - հիշեցրեց նա:

Քննարկման ավարտին փորձագետները ևս մեկ անգամ նշեցին, որ Կենտրոնական բանկի հայտնի որոշումը կարող է բարձրացնել միայն բանկային համակարգի կառավարելիությունը, բայց ոչ ֆինանսական համակարգի մրցակցությունն ու ճկունությունը: Նրանք նաև նշեցին, որ առաջիկայում դոլարի և եվրոյի փոխարժեքը Հայաստանում ամենայն հավանականությամբ կմնա կայուն, թեև շատ բան, ըստ բանախոների, կախված է լինելու նավթի միջազգային գների տատանումներից:     

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ