Հակակոռուպցիոն պայքարում բացակայում է քաղաքական կամքը և ինստիտուցիոնալ մոտեցումը
03.03.2015
11:00
ՀՀ վարչապետի գլխավորությամբ կոռուպցիայի դեմ պայքարի խոհրդի ձևավորման մասին կառավարության նախաձեռնությունը չի կարող լինել արդյունավետ, և ինքը՝ խորհուրդը, գործել էֆեկտիվ, քանի դեռ չկա ինստիտուցիոնալ մոտեցում: Այս մասին հայտարարեցին մարտի 3-ին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման մասնակիցները:

Հայաստանի կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հաստատեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի և փորձագիտական հանձնախմբի ձևավորման մասին օրենքի նախագիծ, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Խորհուրդը ղեկավարելու է վարչապետը, եւ ներգրավված են լինելու ֆինանսների նախարարը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը ու պատգամավորներ: Փորձագիտական հանձնախմբում ներկայացված են լինելու նաև ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:

Փորձագետները և ընդդիմության ներկայացուցիչները թերահավատ են, որ նոր հակակոռուպցիոն մարմնի աշխատանքը կլինի արդյունավետ: Իրենց խոսքում նրանք հղում են կատարում 2004 թ.-ին ձևավորված հերթական հակակոռուպցիոն մարմնի աշխատանքին, որն «առանձնապես արդյունավետ աշխատանքով աչքի չընկավ»: 

«Մեդիա կենտրոնում» կայացած «Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհրդի ձևավորման մասին» կառավարության կողմից հաստատած օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը մասնակցում էին «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը և Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության խնդիրներին ընդհանրապես և հակակոռուպցիոն նոր խորհրդի ձևավորման անհրաժեշտությանը մասնավորապես:  

Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ խորհրդի ձևավորմամբ փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի համար: «Կոռուպցիայի դեմ պայքարի կառույցը բաղկացած է լինելու ոչ միայն այդ խորհուրդից, այլև ունենալու է փորձագիտական հանձնախումբ և մոնիտորինգային խումբ: Այսինքն՝ փորձ է արվում ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել, սակայն խնդիրը նրանում է, որ այս կառույցը ունենալու է խորհրդատվական բնույթ և դժվար թե կարողանա կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ հաջողություններ գրանցել», - նշեց բանախոսը: 

Հոկտանյանն ընդգծեց, որ Հայաստանի կոռումպացվածության միջազգային համաթիվը 36 է (այն գնահատվում է զրոյից հարյուր սանդղակով, որից զրոն բացարձակ կոռումպացված է, հարյուրը բացարձակ մաքուր), ինչը նշանակում է, որ կոռուպցիան հայկական իրականության մեջ կրում է համակարգային բնույթ: «Բանն այն է, որ համակարգը չի կարող աշխատել առանց կոռուպցիայի», - պարզաբանեց Հոկտանյանը: Նա խնդիրը քաղաքական կամքի մեջ է տեսնում:

«Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սինգապուրը, Հարավային Կորեան, Հոնգ Կոնգը, կոռուպցիայի դեմ պայքարն ինքնանպատակ չի եղել: Նրանք դրա դեմ պայքարել են որպես երկրի տնտեսական զարգացման խոչընդոտ, այդ պատճառով էլ հասել են զգալի արդյունքների», - նշեց Հոկտանյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում չլինի հստակ տեսլական, օրինակ՝ օլիգարխիկ տնտեսական մոդելի ձևափոխումը, ապա իզուր կլինեն պայքարի արդյունավետության մասին խոսակցությունները: 

Հայաստանում, հիշեցնում է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, նախկինում գոյություն ունեցել են կոռուպցիայի դեմ պայքարի նմանատիպ կառույցներ: «Հայաստանում ընդհանրապես «հակակոռուպցիա» արտահայտությունը գործածվեց 2003 թ.-ից, սակայն մինչ այսօր բացակայում է միասնական կոորդինացումը, ինստիտուցիոնալ մոտեցումը: Ներկայացված կառավարության նախաձեռնության մեջ երկու էլեմենտ է ավելացել, բայց թե ինչպիսի կապեր են լինելու, և խոհուրդը ինչեր է անելու, դեռ պարզ չէ», - նշեց Պողոսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ չի կարող ոչինչ ասել «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշման մասին, քանի որ հարցը չի քննարկվել խմբակցությունում: 

Ըստ նրա` ամբողջ պրոբլեմը կայանում է նրանում, որ ստեղծվելիք խորհուրդն իրական ադմինիստրատիվ մարմին չէ: Հարցին, թե ինչ նպատակ ունի կառավարությունը` ստեղծելով այս հանձնաժողովը, եթե այն չի կարողանալու փոխել իրավիճակը, Պողոսյանը պատասխանեց, որ դրանով կառավարությունը լուծում է ինչպես աշխատատեղերի ստեղծման խնդիր, այնպես էլ իրականացնում է իմիտացիա` կապված տարիներ առաջ միջազգային կազմակերպությունների առաջ իր ստանձնած պարտավորությունների մասով: 

Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանի կարծիքով էլ իմաստ չկա Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն ինստիտուտներ, որոնք «ինչպես կյանքը ցույց է տվել, որ չեն գործում»: 

Կառավարությունն այս պահին, ըստ Մարատ Ատոմյանի, տվյալ մոդելն ավելի արդյունավետ է համարում: Գործադիրում մտածում են. «Մի քանի տարի թող աշխատի, հետո կտեսնենք, եթե իրեն չարդարացնի, նոր լուծում կփնտրենք»: «Սակայն պետք չէ ժամանակ կորցնել և էքսպերիմենտներով զբաղվել: Ավելի ճիշտ է մասնագիտական քննարկումներ կազմակերպել: Իմաստ չկա անընդհատ նմանատիպ մարմիններ ստեղծել, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ դրանք չեն գործում: Պետք է ուղղակի ռեալ քայլեր ձեռնարկել կոռուպցիայի վերացման ուղղությամբ: Եթե ստեղծվում է կոռուպցիայի դեմ պայքարի մարմին, ապա այն պետք է լինի անկախ, ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը», - եզրափակեց նա: 

Ամփոփելով քննարկումը բանախոսները կարծիք հայտնեցին, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում ռեալ դրական տեղաշարժ կգրանցվի, եթե լինի խնդրի նկատմամբ համակարգային մոտեցում և համապատասխան քաղաքական կամք:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ