«Ավտոերթի մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպը նախապես կազմակերպված էր»
03.02.2015
16:18
Բերձորում ավտոերթի ժամանակ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման մասնակիցների հետ տեղի ունեցած միջադեպը Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների կողմից նախապես կազմակերպված էր. համոզված են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը  ասաց, որ այս դեպքը սարսափելի էր, բայց վերջին տարիների ընթացքում քաղաքական ընդդիմադիրների, հասարակական գործիչների և իշխանությունների դեմ գործող երիտասարդների նկատմամբ միշտ բռնություն ու ծեծ է կիրառվում:

«Կոնկրետ այս դեպքում ուժային կառույցների ներկայացուցիչները, հատուկ ջոկատայինները ամեն ինչ կազմակերպել էին նախօրոք, այնտեղ զինված մարդիկ կային: ԼՂՀ Ոստիկանության հայտարարությունից անգամ երևում է, որ նրանք պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա: Նրանք գործել են ոչ թե իրավապահ մարմիններին հարիր գործելաոճով, այլ ավելի շատ քրեական աշխարհին հարիր գործելաոճով»,-նշեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամները չկարողացան իրականացնել իրենց ավտոերթը դեպի Արցախ, քանի որ մի խումբ ոստիկաններ և քաղաքացիական հագուստով անհայտ անձիք փակել էին Գորիս-Ստեփանակերտ  ավտոճանապարհը, այնուհետև բռնություն կիրառել շարժման անդամների նկատմամբ:

Այս ամենի հետևանքով ջարդվել էր ավելի քան 15 ավտոմեքենա, առգրավվել 3 տեսախցիկ, ծեծի ենթարկվել և վնասվածքներ ստացել շուրջ 20 մասնակից, որոնց թվում կային նաև լրագրողներ:

«Մեդիա կենտրոնի» քննարկմանը ներկա Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը, ով մասնակցել է ավտոերթին և ականատես եղել դեպքին, կարծում է, որ այս միջադեպը տեղի ունեցավ Հայաստանի և ԼՂՀ-ի հասարակությունների միջև անջրպետը խորացնելու համար:

«Երբ որ Արցախ արգելում են մտնել արցախյան ազատամարտի կարկառուն հրամանատարներից մեկին՝  Ժիրայր Սեֆիլյանին, և նրան ծեծում են Արցախում, սա նշանակում է, որ մենք Արցախը կորցնում ենք: Սա ռեժիմի կողմից կազմակերպված էր, որ պետք է ծեծվեն մարդիկ, ջարդվեն մեքենաներ, և միամտություն կլինի մտածել, որ ինչ-որ մարդիկ պատժվելու են»,-ասում է Սաֆարյանը:

Քննարկման մասնակից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը ասում է, որ քրեական գործերը պետք է հարուցվեն Հայաստանում, քանի որ բռնարարքերը եղել են ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

«Ու ԼՂՀ-ն Հայաստանի իշխանությունների հետ համատեղ պետք է քննություն կատարի: Մենք դատապարտում ենք իրավապահների բացարձակ անընդունելի գործողությունները»,-նշում է Կիրակոսյանը:

Անդրադառնալով նաև ԼՂՀ-ում հասարակության տրամադրվածությանը՝ Կիրակոսյանը նշեց, որ Արցախում իսկապես գոյություն ունի Հայաստանից խիստ տարբերվող հասարակություն:

«Այնտեղ ուրիշ տրամաբանությամբ, ուրիշ ընկալումներով ապրող հասարակություն է և երկու հասարակությունների միջև այդ առումով իսկապես անջրպետ կա: Եվ ավտոերթի մասնակիցներին այդպես դիմավորելը ինչ որ չափով նաև հասարակության իրական ընկալումներն էր արտահայտում»,-նշեց Կիրակոսյանը:

Ըստ նրա՝  ապրիլի 24-ի հետ կապված անհեթեթ, ոչ խելացի և նույնիսկ տարօրինակ լոզունգներով երթ անելը Արցախի հասարակության մոտ շատ ճակատագրական է ընկալվում և ոչ սովորական ակցիա, ինչպես Հայաստանում:

Հակադարձելով Կիրակոսյանին՝ Սաֆարյանը ընդգծեց, որ Արցախի հասարակությանը ապակողմնորոշել են իրենց ավտոերթի մասին սխալ տեղեկատվություն տրամադրելով:

«Արցախում ռեժիմի կողմից տարածվել էր ինֆորմացիա, որ երթի մասնակիցները եկել են հայաստանաբնակ զինվորներին տանելու Արցախից, կամ Հայաստանի և Արցախի միջև պառակտում մտցնելու: Սա խաբեություն է, մենք գնացել էինք միավորման կոչերով»,-նշեց Սաֆարյանը և հավելեց, որ իրենք մինչև ապրիլի 24-ը շարունակելու են իրենց պայքարը հեղափոխության հասնելու համար:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ