Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը վերելակների անվտանգության շուրջ իրենց մտահոգությունները հայտնեցին Երևանի ավագանու «Բարև-Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը և ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների և կառուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:
Հունիսի 4-ին Երևանի Բեկնազարյան փողոցի սեփական տան վերելակում տեղի ունեցած 5- ամյա երեխայի ողբերգական դեպքը ևս մեկ անգամ բարձրացրեց վերելակների անվտանգությանը վերաբերող մի շարք չլուծված հարցեր:
Քննարկման մասնակից Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ սեփական տանը վերելակի հետ կապված դեպքը առաջին անգամ էր տեղի ունենում Հայաստանում:
«Իսկ ընհանրապես սեփական տներում տեղադրվածմ վերելակները չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ՝ համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի՝ 6-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի, և քանի որ չեն համարվում արտադրական վտանգավոր օբյեկտներ, ենթակա չեն ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության»,-ասաց Հովհաննսիյանը:
2013, 2014 և 2015 թթ-ին Երևանի բազմաբնակարն շենքերում և հանրային վայրերի վերելակների անսարքության կամ այլ պատճառների հետևանքով գրանցվել է 3 քաղաքացու մահվան դեպք:
Հովհաննիսյանը նշում է, որ մեծ ուշադրություն պետք է դարձնել վերելակների վերանորոգման, տեխնիկական սպասարկման և խնամքի հարցին, ինչը մեզ մոտ բացակայում է:
«Մեր բնակիչներն էլ պետք է ուշադրություն դարձնեն վերելակների խնամքին, մենք չունենք վերելակից օգտվելու կուլտուրա: Երբեմն փոքր երեխան մտնում է վերելակ միայնակ: Իհարկե կան նաև խնդիրներ վերելակների պահեստամասերի ներկրման հետ կապված, քանի որ դա շատ ծախսատար է, իսկ վերելակաշինական գործարանները այլևս չեն գործում Հայաստանում»,-նշում է Հովհաննսիյանը:
Ըստ նրա՝ խնդիր կա նաև մասնագետների պակասի: Օրինակ՝ Դավիթաշենում 350 շահագործվող վերելակները սպասարկում են ընդամենը 4 էլեկտրոմեխանիկներ:
«էլեկտրոմեխանիկները շատ ծանաբեռնված են վերելակների սպասարկման հարցում և նրանց տարիքը 60-70-ից անց է: Գոյություն չունի վերելակային ծառայություն, որը շատ ավելի կհեշտացներ տեխնիկական սպասարկումը և հնաչրավոր կլիներ խուսափել հետագայում դժբախտ դեպքերից: Մասնագետների պակաս ունենք այս ոլորտում, աշխատանքը ռիսկային է, իսկ աշխատավարձերն էլ ցածր»,-հավելեց Հովհաննիսյանը:
Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ 2014 -2017 թթ-ի համար Երևանի ավագանին քառամյա ծրագիր է ընդունել, որը լինելու է ուղենիշ Երևան քաղաքի բազմաթիվ ոլորտներում՝այդ թվում վերելակաշինության համար:
«Նախատեսվում է բնակիչների իրազեկվածություն իրենց լիազորությունների և պարտականությունների մասով, ինչպես նաև վերելակային տնտեսության վերանորոգման շուրջօրյա դիսպետչերական կենտրոնի ստեղծում և կադրերի պատրաստում, վերապատրաստում»,-ասաց Սաֆարյան:
Երևան քաղաքի 2014-ի բյուջեից վերելակների հիմնանորոգման ծրագրին տրամադրվել է 94 մլն 5000 դրամ, որի շրջանակներում 8 վարչական շրջաններում վերանորոգվել է 466 վերելակ: Սակայն վերահսկողությունը, տակավին, անբավարար է մնում՝ ըստ Սաֆարյանի:
«4551վերելակ կա Երևանի բնակելի բազմաբնակարանային շենքերում, որից 2739-ը սպասարկում և շահագործում են մասնագիտացված վերելակային ծառայություններ իրականացնող կազմակերպություններ, իսկ մնացած 1812-ինը՝ լիցենզիա ունեցող անհատ մասնագետներ: Համատիրությունների կարողությունները քիչ են նման խնդիրների լուծման համար, նրանք սովորաբար արձագանքում են առավել օպերատիվ բնույթի խնդիրների դեպքում: Այս ինստիտուտը մնում է չկայացած ինստիտուտ և Երևանում շատ քիչ են կայացած համատիրությունները: Բնակիչների մոտ էլ նախաձեռնողականությունը և պահանջատիրությունը թույլ է, համատիրություններին դիտարկում են որպես նախկին ժեկեր»,-ասաց Սաֆարյանը:
Ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի՝ վերելակները տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվեն տեխնիկական անվտանգության փորձաքննության, որը վճարովի է:
«Վերելակների փորձաքննության համար փոխանցվող գումարը 9 հարկանի շենքի համար տարեկան կազմում է 2930 դրամ: Հասարակական վայրերում և նորակառույց էլիտար շենքերի համար գումարը այլ է: Կան համատիրություններ, որոնք պարտաճանաչ կերպով ժամկետների ընթացքում ենթարկում են վերելակները տեխնիական անվտանգության փորձաքննության, բայց կան համատիրություններ, որ օրինական դաշտ են մտնում ստիպողաբար»,-նշեց Հովհաննիսյանը:
Երևանում գրանցված 4341 բնակելի շենքերում տեղադրված վերելակներից 2015 թ-ին արդեն 1250-ը ստացել է վերջնական փորձագիտական եզրակացություն: Մոտ 500 վերելակի տեխնիկական անվտագության փորձաքննություն ընթացքի մեջ է, սակայն 49 վերելակ այս տարի ստացել է փորձաքննության բացասական եզրակացություն:
«Շագարծողը համատիրությունն է, և բացասական եզրակացություն ստանալուց հետո, պետք է հասկանա, որ վտանգավոր է այդ վերելակի հետագա շահագործումը, իրենք պետք է վերացնեն թերությունները»,-հավելեց Հովհաննսիյանը:
Սաֆարյանն էլ ընդգծեց, որ վերահսկողությունը այս ամենի նկատմամբ թույլ է և դրանով պետք է զբաղվի Երևանի քաղաքապետարանը:
«Արդյունքների ուսումնասիրությունը միանշանակ պետք է կատարի Երևանի քաղաքապետարանը, որովհետև դա ոչ համատիրությունն է անելու, ոչ էլ ՏԿԱԻՆ-նն է պարտավոր անելու: Կոորդիանցումը և գույքագրումը պետք է լինի Երևանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո»,-եզրափակեց Սաֆարյանը: