«Լոռու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության գնահատականը»
20.02.2015
13:00
Չնայած նրան, որ Լոռու տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ) պատրաստակամություն են հայտնում համագործակցել հասարակական սեկտորի հետ, միևնույն է, ՏԻՄ-ի ենթակայության տակ գտնվող մի շարք ոլորտների խնդիրներ մնում են չլուծված. իրենց հակընդեմ կարծիքները հայտնեցին քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները փետրվարի 20-ին Վանաձորում տեղի ունեցած քննարկմանը:

Անբարեկարգ ճանապարհներ, աղբահանություն, տրանսպորտ, սեփականության իրավունքի խախտումներ, ոչ ճիշտ վարչարարություն. սրանք այն խնդիրների շրջանակն է, որի մասին բարձրաձայնում են Վանաձորի հասարակական կազմակերպությունները:

Քննարկմանը մասնակցող Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը ասում է, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում քաղաքացիներից կապված Վանաձորի ՏԻՄ-ի գործունեության հետ:

«Խնդիրները տաբեր են և վերաբերվում են սեփականության իրավունքի մասին տեղեկատվություն ստանալուն: Մի քանի դեպքեր ենք ունեցել, որ վիճարկել ենք Վանաձորի համայնքապետի որոշումները: Ավելի կոնկրետ եղել են համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքների նվիրվատվության հետ կապված հարցեր»,-ասում է Զալյանը:

Նա հավելում է, որ թե ՀԿ-ներին, թե բնակիչներին շատ է  հուզում նաև աղբահանության և ձնամաքրման աշխատանքների հարցը:

«Ունենք լուրջ խնդիրներ կապված ճանապարհների վերանորոգման հետ: Համապատասխան աշխատանքներ իրականցնելու համար 11 թույլտվություն էր տրվել քաղաքապետարանի կողմից, որոնց ժամկետը ավարտվել է 2014- դեկտեմբերին, բայց մինչ օրս այդ աշխատանքները չեն ավարտվել: Ընկերությունները ջրագծերը փոխում են, քանդում են ճանապարհները, հետո չեն բարեկարգում, թողում են այդպես քանդված: Ո՞վ պետք է պատասխան տա»-նշում է Զալյանը:

Ի պատասխան՝Վանաձորի քաղաքապետարանի քարտուղարության և տեղեկատվության աշխատակազմի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը ասում է, որ քաղաքի ջրագծերը փոխելու ծրագիրը իրականացնում է շինարարական ընկերություն և քաղաքապետարանը տալիս է ընդամենը թույլտվություն այդ աշխատանքների իրականացման համար:

«Այլ լծակներ և լիազորություններ քաղաքապետարանը չունի: Այդ աշխատանքները քաղաքապետարանի լիազորությունների ոլորտում չեն: Մենք էլ ենք շատ դժգոհ, որ մեզ դրել են երկընտրանքի առաջ՝ ասելով, որ կամ պետք ունենանք ջրամատակարում, կամ նորմալ ճանապարհներ: Առայժմ մեզ հավաստիացրել են, որ 2015-ի գարնանը կավարտվեն այդ վերանորոգման աշխատանքները: Ինչ վերաբերում է ձնամաքրման աշխատանքներին, ապա 5 մլն դրամը այսօր շատ քիչ գումար է, որպեսզի  կազմակերպությունները իրենց տեխնիկան հանեն անբարեկարգ փողոցներ և մաքրեն: Քաղաքապետարանը մրցույթ է հայտարարում ձնամաքրման աշխատանքերի համար, բայց ոչ մեկ չի դիմում»,-նշում է Հովսեփյանը:

Մինչդեռ ՀԿ-ների ներկայացուցիչները շեշտում են, որ խնդիրը ոչ միայն ֆինանսատնտեսական է, այլև կազմակերպչական:

«Աղբահանություն չի կատարվում այգիներում: Երբ քաղաքապետարանը պայմանագիր է կնքում այդ այգիների սեփականատերերի հետ ու աղբահանություն չի կատարվում, քաղաքապետարանը ճնշող լծակներ, միջոցներ չի կիրառում այդ կազմակերպությունների նկատմամբ: Մեր քաղաքում կա նաև տրանսպորտի խնդիր: Երեկոյան ժամը ութից հետո շատ դժվար է  տրանսպորտ գտնել, կարող է կանգնես 20 րոպե և ուղղակի տրանսպորտ չլինի, որ հասնես տուն: Հիմա պատկան մարմինը ի՞նչ վերահսկողություն է իրականացնում այս իրավիճակը փոխելու, կամ բարելավելու համար»,-ասում է քննարկման մասնակից Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արտաշես Սերգոյանը:

Պատասխանելով ՀԿ-ների ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներին`  ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, ով ներկա էր քննարկմանը ասաց, որ ՀԿ-ների բարձրացրած բոլոր տեսակի հարցերը և խնդիրները կլինեն իրենց ուշադրության կենտրոնում:

«Այն հարցերը, որոնց պատշաճ ուշադրություն չի դարձվում, կարող եք ուղարկել մեր հասցեով և դրանց պատասխանները կլինեն: Մենք պատրաստակամ ենք միասին աշխատելու, միասին համագործակցելու, ձեր բարձրացրած խնդիրները մեր տեղեկատվական խողովակներով ի լուր բոլորին ներկայացնելու և միասին այդ հարցերի շուրջ լուծումներ փնտրելու համար»,-նշեց Գրիգորյանը:

Քննարկմանը ներկա «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» փաստաբան Արթուր Սուքիասյանը կարևոր խնդիր է համարում նաև սխալ վարչարարության իրականացումը:

«Վարչական մարմինները դիմումներին և նամակներին տեղեկատվություն են տրամադրում զուտ ձևական պահանջը կատարելու համար: Պատասխանում են միայն պատասխանելու համար, և դրանք  համապատասխան բովանդակություն չունեն: Ճիշտ վարչարարություն չի իրականացվում և այս մոտեցումը օրենքով չի պատժվում, օրենսդրական կարգավորման խնդիր կա այստեղ: Գյուղական համայնքներում հաճախ ընդհանրապես գրություններին չեն պատասխանում: Նման խնդիրների դեպքում մենք հիմնականում դիմում ենք մարդու իրավունքների պաշտպանի օգնությանը և այդ ժամանակ գոնե պատասխանում են»,-ասում է Սուքիասյանը:

Վարչարարությունից անցում կատարելով Լոռու մարզի բնապահպանական խնդիրներին՝  Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը նշում է, որ հասարակությունը շատ պասիվ է մասնակցում հանրային քննարկումներին և արտահայտում իր դիրքորոշումը:

«Այն տպավորությունն է, որ վերջին 2-3 տարում հասարակությունը պասիվացել է և նախաձեռնությունները շատ քիչ են երիտասարդության կողմից: Քանի անգամ շաբաթօրյակներ ենք հայտարարում, ոչ մեկ դուրս չի գալիս մասնակցելու»,-ասում է Դեմիրչյանը:

Տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչները բարձրացված խնդիրների հնարավոր լուծումը տեսնում են համայնքների խոշորացման ծրագրի իրականացման մեջ:

«Համայնքների խոշորացումը դեռ քննարկման  ընթացքում է: Նախատեսվում է պիլոտային տարածքներում հանրաքվե սկսել, որ հաշվի առնվի բնակչության կարծիքը: Սա նպաստավոր է  համայքների համար բյուջեի միավորման և այլնի իմաստով: Պետք է տարվեն բացատրական աշխատանքներ, հետո անցկացվի հանրաքվե»,-ասում է քննարկման մասնակից ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Բաբայանը:

Նշենք, որ նախկինում ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կողմից մշակված համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը դեռ 2014-ին ներդրվել էր Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և Տաթևում:  Քննարկվել է ծրագրի 2 մոդել` ծրագրային և վարչական: Առաջին մոդելը ենթադրում է համայնքների խոշորացում որևէ ծրագրի շրջանակներում, իսկ վարչական մոդելի ներդրման դեպքում խոշորացումը կատարվում է ըստ համայնքների միջև հեռավորության, բնակչության թվաքանակի և համատեղելիության: Ըստ այդմ՝մշակվել են թվով 14 համայնքային փնջեր:

Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական  գործադիր մարմինների հարցերով վարչության` տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը նշում է, որ այս տարի համայնքների խոշորացման փորձնական ծրագիր է ներդրվելու նաև Լոռու մարզում՝ Թումանյան քաղաքը և 6 գյուղական համայքները միավորելով: Այս տեսանկյունից  Ղազարյանը ողջունելի է համարում կառավարության քայլերը:

«Այսօր պետության կողմից համայնքին հատկացված դոտացիան հազիվ հերիքում է գյուղապետարանի 4-5 հոգուց կազմված աշխատակազմի աշխատավարձին և չի բավարարում հայմանքի խնդիրների լուծմանը: Այս պայմաններում իմաստ ունի՞ աշխատակազմ պահելը, եթե նա իր բյուջեով չի կարողանում համայնքի խնդիրները լուծել: Այսօր  նույն ձև գյուղական փոքր համայնքներում աղբահանության խնդիրը  չի իրականացվում, կամ իրականացվում է շատ վատ»,-ասում է Ղազարյանը:

Նա նշում է, որ համայնքներում  խոշորացման ծրագրի ներդրման դեպքում դիմադրություն կլինի բնակչության մոտ, բայց միևնույն է, այսպես չի կարող շարունակվել,  քանի որ համայնքների խնդիրները մնում են չլուծված:

«Նման պայմաններում համայնքներում զարգացում չի կարող լինել: Խոշորացման հիմնական նպատակն է ծառայությունները ավելի մատչելի դարձնել, տնտեսել ֆինանսական միջոցները, որը կբերի ծառայությունների որակի բարձրացման»,-ընգծում է Ղազարյանը:

Նիկոլայ Գրիգորյանն էլ հավելում է, որ մինչև չիրականացվի համապատասխան իրազեկում, մինչև չկազմվեն միջազգային կազմակերպությունների հետ խոշորացման ծրագրերի հետագա զարգացումների պլանները և դրանց ֆինանսական հիմնավորումները, որևէ  քայլ չի արվի:

«Դա մեր համայնքների զարգացման համար շատ էական քայլ է, ինչը մանրակրկիտ կմշակվի և այս տարի արդեն իսկ կսկսվեն դրա ուղղությամբ տարվող քայլերը»,-նշեց Գրիգորյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ