Հայաստանում անհրաժեշտ է ընդունել խտրականության դեմ համապարփակ օրենք. ԵՄ պաշտոնյա
08.04.2015
11:00
Հայաստանում խտրականության դեմ օրենքի ընդունման կամ նույնանուն օրենսդրական նախագծի շուրջ հասարակական-քաղաքական քննարկումների ծավալման ժամկետները դեռ հստակ չեն: Այնուամենայնիվ հանրային սեկտորի ներկայացուցիչները և Արդադարատության նախարարությունը համակարծիք են այն հարցում, որ պետք չէ սպասել օրենքի ընդունմանը, այլ հարկավոր է համապատասխան բացատրական աշխատանքներ տանել հասարակության հետ:

Խտրականության դեմ օրենքի ընդունման անհրաժեշտությունը հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանին ուղղված հանձնարարական: ՀՀ իշխանություններին ուղղված այս հանձնարարականով Միավորված ազգերի կազմակերպության անդամ մի շարք երկրներ հանդես են եկել հունվարի 22-ին Ժնևում Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի զեկույցի ներկայացման ժամանակ: Հայաստանի կառավարությունը մինչև այս տարվա հունիս պետք է որոշի, արդյոք ի թիվս այլ հարցերի ընդունում է վերոնշյալ հանձնարարականը որպես պարտավորություն:

Հատկանշական է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2013 թ.-ին մշակել էր «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որը հետապնդում է մի շարք նպատակներ՝ պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա: Սակայն օրենսդրական նախագիծը չանցավ քննարկումների փուլից այն կողմ:

Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վստահ է, որ Խտրականության օրենքի մշակման և ընդունման գործընթացին զուգահեռ պետք է աշխատանք տանել հասարակության լայն շերտերի հետ՝ հանդուրժողականության տարածման ուղղությամբ: «Միամտություն կլինի կարծել, որ Խտրականության դեմ օրենքն ունենալու դեպքում այն հալած յուղի պես կընդունվի հասարակության բոլոր շերտերում: Մենք պետք է զուգահեռ աշխատենք հասարակության հետ, ու պարտադիր չէ սպասել օրենքի ընդունմանը», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Երևանի «Կոնգրես» հյուրանոցի Մեծ սրահում ապրիլի 8-ին կայացավ «Խտրականությունն արգելող օրենսդրության հեռանկարները Հայաստանում» թեմայով մամլո ասուլիս, որն ուղիղ հեռարձակվեց «Մեդիա կենտրոնի» YouTube-ի ալիքի միջոցով: Ասուլիսը կազմակերպել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ): Միջոցառման բանախոսներն էին ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ԵՄ Պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցը, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և իրավաբան Արա Ղազարյանը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ «Հայաստանում խտրականության արգելման օրենսդրության ընդունմանն ուղղված» ծրագրի շրջանակում իրավաբաններ Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը կատարել են համապատասխան ուսումնասիրություններ։

Նախարարի կարծիքով՝խտրականության երևույթների վերացման կամ կանխման գործընթացներում պետք է հստակ պատկերացնել նպատակը և առկա մտահոգությունները: Խտրականությունը, նշում է Մանուկյանը, կարելի է բացառել մեկ երևույթի, այն է՝ հասարակության շրջանում հանդուժողականության արմատավորման դեպքում: «Անհրաժեշտ է ձևավորել հանդուժողականության մթնոլորտ՝ թե՛ հասարակական մենթալիտետի, թե՛ անձնական տեսնակյունից», - նշեց Հովհաննես Մանուկյանը՝ միևնույն ժամանակ դժվարանալով հստակ ժամկետներ նշել, թե երբ Հայաստանում քննարկման կներկայացվի Խտրականության դեմ օրեսդրական նախագիծ:

Խնդրի շուրջ քննարկումները Հայաստանում շարունակվում են, սակայն դեռ որոշակիացված չեն լուծման տարբերակները՝ մշակել մեկ ընդհանրական նորմատիվ ակտ, թե առանձին ոլորտներում օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ «Այս հարցում ժամկետներ դժվար է նշել, բայց կարծում եմ՝ 2015թ-ը կլինի այն ժամանակահատվածը, որ այս հարցերի վերաբերյալ որոշակիություն կունենանք»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստանը դիտարկում է ոլորտը նաև որպես եվրոպական գորընկերների հետ համգործակցության կարևոր դաշտ:

«Ճիշտ է մենք ընտրել ենք Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու ճանապարհը, սակայն համագործակցությունը Եվրամիության հետ մեր քաղաքական ղեկավարության առաջնահերթություններից է», - հիշեցրեց նախարարը:

ԵՄ Պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցը իր հերթին հավաստեց, որ Եվրամիությունը և Հայաստանը պատրաստակամ են համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այնուամենայնիվ ԵՄ ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ Հայաստանին անհրաժեշտ է գնալ խտրականության դեմ համապարփակ օրենք ընդունելու ուղղությամբ: «Անկախ Հայաստանի ընտրությունից, այս կամ այն միության ինտեգրացիայից, երկու կողմերն էլ պատրաստակամ են շարունակել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Մենք համոզված ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է ընդունել մեկ համապարփակ խտրականության դեմ օրենք», - պարզաբանեց Լորենցը:

ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը իր խոսքում կարևորեց մարդկանց մտածելակերպի փոփոխությունը: «Ցանկացած օրենք ընդունելուց հետո պետք է այն կիրառել: Պետք է փոխել մարդկանց կարծիքը, բայց միևնույն ժամանակ Հայաստանում անհրաժեշտ են ինստիտուցիոնալ բարեփոխումներ» , - նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ իրականացվել են նաև ուսումնասիրություններ առ այն, թե ինչպես են հանրային և պետական սեկտորների ներկայացուցիչները վերաբերում խնդրո առարկային: «Կողմերի  միջև խնդրի ընկալման տարբերությունը բավականին մեծ է», - կարճ նկատառում արեց բանախոսը:

Քննարկման ընթացքում խոսվեց նաև այն մասին, որ օրենքի ընդունման պահանջը պետք է գա ներքևից՝ հասարակությունից: Օրինակ բերվեց Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դեպքերը, որտեղ խտրականության դեմ օրենքը ընդունվեց արագացված ընթացակարգով և վերևից ներքև սկզբունքով: «Հայաստանը ժամանակ ունի, որպեսզի մեր հասարակության մեջ անցկացվեն համապատասխան քննարկումներ, բացատրական աշխատանքներ և ձևավորվի որոշակի հանրային պահանջ», - նշեց ԵՀՀ հանրային կապերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանը: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Մայիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ