Ազգային ժողովի մոտ 70 պատգամավոր «լուռ» է
19.02.2015
12:00
Անցած 6-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնողականությունը օրինաստեղծ աշխատանքում նախորդ նստաշրջանի համեմատ 5% աճ է գրանցել: ԱԺ-Կառավարություն տոկոսային հարաբերակցությունը դարձել է 10/90%: Միևնույն ժամանակ բազմաթիվ խնդիրներ խորհրդարանի աշխատանքում պահպանվում են:

Խորհրդարանում ներկայացված պատգամավորների գրեթե կեսը «լուռ» են, չեն մասնակցում նիստերի աշխատանքներին, իսկ շատ պատգամավորներ ներկայանում են նիստերին միայն առիթից առիթ: Խորհրդարանում երբեմն խախտվում են նաև օրենքով սահմանված ընթացակարգերը, իսկ արտահերթ նիստերի օրակարգը շարունակում է մնալ գերհագեցած:

Այս մասին ասված է Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցում, որը պատրաստել է «ՄԱՆԴԱՏ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը  «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրագործումն ու զեկույցի  հրատարակումը ֆինանսավորում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպությունը:

«5-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի և դրանից հետո գումարված արտահերթ նստաշրջանների ընթացքում խորհրդարանն ընդունել է 132 օրենք (46 օրենսդրական նախաձեռնություն): Ընդունված օրենքներից 13-ի հեղինակը ԱԺ պատգամավորներն են, 119-ինը` ՀՀ կառավարությունը: Պատգմավորների նախաձեռնությամբ ընդունված բոլոր օրենքներում խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները կամ հեղինակներ են կամ համահեղինակներ», - ներկայացնելով Խորհրդարանի 6-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցը՝ տեղեկացրեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

Փետրվարի 19 «Մեդիա կենտրոնում» անցկացվեց «Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները» թեմայով քննարկում: Միջոցառման ժամանակ մասնավորապես ներկայացվեց Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի ընթքացում խորհրդարանական խմբակցությունների գործունեության ընդհանուր միտումներն ու ցուցանիշները:

Քննարկման բանախոսներն էին ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը, Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: 

Ինչպես նախորդում, անցած նստաշրջանում ևս խորհրադարանի արտահերթ նիստերի օրակարգը եղել է ծանրաբեռնված: «Շարունակելով ձևավորված ավանդույթը` խորհրդարանն արտահերթ նիստի և նստաշրջանի ընթացքում ընդունել է գրեթե այնքան օրենք, որքան ողջ հերթական նստաշրջանի ընթացքում. 132 օրենքից 64-ն ընդունվել է արտահերթ նստաշրջանների ընթացքում», - ասված է զեկույցում: Նստաշրջանի ընթացքում, ինչպես նշում է Լուսինե Վասիլյանը, մերժվել է 2 որոշման նախագիծ և 3 օրենսդրական նախաձեռնություն: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ ԱԺ-ն քվեարկությամբ մերժել է ոչ իշխանական խմբակցությունների հեղինակած 7 օրենսդրական նախաձեռնության ընդգրկումն օրակարգ: Երեք նախագիծ օրակարգ է ընդգրկվել արտահերթ կարգով և մերժվել քննարկվելուց հետո:

Ըստ Վասիլյանի՝ ընդդիմադիր խմբակցությունների օրինաստեղծ գործունեությունը շատ սահմանափակ է: «Նրանց կողմից ներկայացված օրինագծերից շատերը կամ չեն մտնում ԱԺ օրակարգ կամ մերժվում են քվեարկության միջոցով: Նկատվել է նաև փոքրամասնության նախաձեռնությունների յուրացում քաղաքական մեծամասնության կողմից», - ասաց նա՝ հավելելով, որ ձախողելով ոչ իշխանական ուժերի օրենսդրական եւ քաղաքական տարբեր նախաձեռնություններ՝ ՀՀԿ-ն ինքն է հեղինակել նույնաբովանդակ նախագծեր, որոնց առանցքում կամ ոչ իշխանական ուժերի գաղափարական, ծրագրային մոտեցումներն են կամ դրանց որոշակիորեն փոփոխված տարբերակները:

Խորհրդարանում նշված ժամանակահատվածում նկատվել են ԱԺ-ի վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ «օրենքով նախատեսված ընթացակարգերի խախտում և խորհդարանի էթիկայի հանձնաժողովի նկատմամբ վստահության նվազում: «Խախտելով օրենքով նախատեսված ընթացակարգերը` նստաշրջանի ընթացքում խորհրդարանը քննարկել, բայց չի կազմակերպվել քվեարկություն Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության ծրագրի վերաբերյալ, չի քննարկել նույն կառույցի 2013թ. տարեկան հաշվետվությունը», - նշում է ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը:

Բացի այդ, ըստ Աբրահամյանի, 6-րդ նստաշրջանում Էթիկայի հանձնաժողովը գրանցել է «աննախադեպ ցուցանիշ». ստացել է ընդամենը 1 դիմում, հրավիրել ընդամենը 1 նիստ և կայացրել որոշում դիմումը մերժելու մասին: Ըստ փորձագիտական գնահատականների՝ 6-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ էթիկայի հանձնաժողովի՝ ընդամենը 1 դիմում ստանալու և 1 նիստ հրավիրելու իրողությունն օրինաչափորեն արտահայտում է այդ հանձնաժողովի նկատմամբ վստահության նվազումը, հանձնաժողովի հեղինակության ու ազդեցության անկման խորացումը:

Ըստ հրապարակված զեկույցի՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Ամենաշատը կողմ են քվեարկել ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Ռազմիկ Զոհրաբյանն ու Հովհաննես Սահակյանը: Ամենաշատ դեմ քվեարկած օրենսդիրը ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանն է: Հարցերի և ելույթների քանակով ամենաակտիվը ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն է:

«5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանում պահպանվել է նախորդ նստաշրջաններում ձևավորված ավանդույթը. 131 պատգամավորից 67-ը օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում` 70-ից 40-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 26-ը», - նշում է Լուսինե Վասիլյանը:

Ըստ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ հայաստանյան քաղաքական միջավայրի արդյունքն է, որ այսօր Ազգային ժողովում կան մոտ 70 «լուռ պատգամավոր»: Պատգամավորի կարծիքով՝ անձամբ ինքն օրենսդրական նախագծեր է դրել շրջանառության մեջ Ազգային Ժողովում, որոնք հանձնաժողովներում դրական եզրակացություն են ստացել, սակայն բավականին երկար ժամանակ չեն մտնում քառօրյա նիստերի օրակարգ, քանի որ անընդհատ արտահերթ նստաշրջան է լինում, այլ նախագծեր են մտնում օրակարգ: «Այս առումով Ազգային ժողովի դերը տարեց տարի նվազում է», - հայտարարեց նա:

Իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը, սակայն, հակադարձեց գործընկերոջն՝ ասելով, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը ամենաակտիվն է:

«Ես մասնակցել եմ 4 գումարման Ազգային ժողովի աշխատանքներին, և կարողմ եմ ասել, որ 5-րդ գումարման Ազգային ժողովն ամենակտիվ և ամենաարդյունավետ աշխատողն է», - նշեց պատգամավորը: Հարցին, թե ՀՀԿ խմբակցության պատգամավորներից կեսից ավելին լուռ են մնացել նիստերի ժամանակ, Մելիքյանը պատասխանեց, որ «լուռ» պատգամավորներ կան բոլոր խմբակցություններում: «Մեր խմբակցությունում նրանք մի փոքր շատ են, քանի որ ամենամեծ խմբակցությունն է: Բացի դրանից, նույն այդ պատգամավորներն աշխատում են հանձնաժողովներում», - պարզաբանեց պատգամավորը:

Խորհրդարանը, ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, անհարկի ճնշման տակ է: «Կառավարության կողմից ներկայացվում են հաճախ քանակով շատ և բավականին թերի օրինագծեր, և պատգամավորները չեն հասցնում ծանոթանալ դրանց հետ: Լինում են դեպքեր, երբ ընդունված օրինագծում նույն նորմը փոխվում է մի քանի անգամ: Ստացվում է` ԱԺ-ն ինքն իրեն խմբագրում է: Սա պետք է վերացնել, քանի որ բացասական է ազդում Ազգային ժողովի հեղինակության վրա հանրային ընկալման մեջ», - ասաց Արծվիկ Մինասյանը:

«Ժառանգություն» խմբակցություն պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձ կատարեց հիմնականում զեկույցի՝ բացակաների և էթիկայի հանձաժողովի աշխատանքի հատվածներին: Արզումանյանի պնդմամբ՝ բացակաները հաշվելիս պետք է կիրառել տարբեր չափանիշներ կամ ավելի ճշգրտել դրանք: «Օրինակ կան պատգամավերներ, որոնք բացակայում են նիստերին, սակայն Սահմանադրությունը դա թույլ է տալիս: Օրինակ՝ Հրանտ Բագրատյանը բացակայող պատգամավորների տասնյակում է, սակայն նա չի մասնակցում նիստերին, երբ զբաղվում է դասախոսական գործունեությամբ, ինչն օրենքով թույլատրված է», - պարզաբանեց նա:  

Անդրադառնալով Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի աշխատանքային պասիվությանը՝ Արզումանյանը նշեց, որ բարդ է խոսել տվյալ հանձնաժողովի արդյունավետության մասին: «Նույն մարդը, որը հայհոյում էր, շարունակում է հայհոյել, ու ինչքանով է օգտակար Էթիկայի հանձնաժողովը՝ բարդ է ասել», - հավելեց պատգամավորը:

Քննարկման ամփոփման ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին Ազգային ժողովի նախագահի՝ պատգամավորների բացակայությունները ստուգելու հանձնարարության կատարման ընթացքից: Խնդիրն առաջ էր եկել փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված սուր քննադատական ելույթից հետո: Սարգսյանն իր խոսքում ակնարկել էր Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հնարավորության մասին և հանձնարարել ՀՀԿ խմբակցությանն ուսումնասիրել ԲՀԿ առաջնորդի բացակայությունները: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանձնարարել է ուսումնասիրել պատգամավորների բացակայությունները:  

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ այժմ գործընթացը շարունակվում է, բացակա պատգամավորները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր: «Բացակայություններ ունեցող պատգամավորների մի մասն արդեն ներկայացրել է փաստաթղթերը, մի մասը՝ ոչ: Ներկայացված փաստաթղթերը քննարկման փուլում են: Վերջնական որոշման կայացումն Ազգային ժողովի նախագահի իրավասությունների տիրույթում է», - եզրափակեց նա: 

Արշալույս Մղդեսյանٓ «Մեդիա կենտրոնի» խմբագիր-համակարգող:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» թեմայով տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ